եսէլչգիտեմթեինչ

***

ու ես ստիպված
երեսիս եմ քաշում հատակը
որ չզգամ ինչով է 
բարակում հոգիս
ու դառնում դեղին…

ու ես չուզենալով եմ
երեսիս քաշում հատակը
որ այդքան ճմրթվել է
գնացողների քայլերից…

ու ես նայում եմ արդեն
ներքևից
ու մնում եմ կորած

***

եթե փնտրես էլ…
փնտրիր ինձ փոշոտված ձայներիզներիդ դարակում,
փնտրիր ինձ կիթառիդ մաշված պատյանի մեջ,
փնտրիր ինձ այդ ձմեռվա վերարկուիդ գրպաններում
կամ փնտրիր ինձ մաշված գրքերի արկղում
մինչև գրքերը հանձնելը…

եթե չփնտրես էլ,
ասենք՝ չես էլ կարոտել…
չթողնես ինձ էլ խառնեն
մեռնող թղթերի քաոսին…

եթե չփնտրես էլ…
ես ուզում եմ իմանաս,
որ չեմ երազել գրվել ու մոռացվել….
երգը լսվում է, երբ միացնում են…

գողացված էր տողը վերջին…

գիշերվա հազար

դու չունես ոչինչ
որ չունի անծանոթը
դու չունես ոչ ինձ
ոչ էլ իմ կարոտը…

քեզանից հետոն երկար տևեց
զարմանալի
ավելի կարճ էր քան քեզ հետը

ու ճանապարհը որով կքայլեի
քեզանից տանողն է
ոչ թե դեպ քո մոտը…

ես մեղավոր չեղա
ես չեղա հեռացող
արդարացում գուցե գտնեմ լուսնի վրա

քո փոխարեն կթողնեի ջուրը
հոսեր առանց հողի
առանց պղտորվելու

ջուրը մաքրվելիս
քարերին է զարնվում
քարերն էլ դե գիտես
արյուն ունեն…

***

#SyuneciBlog

հետո թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած…
ես Նարեկացի երբևէ չեմ դառնա
բայց աշխարհի ծովերը թանաք կդարձնեի
մեն մի բանի համար
թե չլիներ այնպես
ինչպես եղավ…
ես չեմ լինի երբեք Էյնշթեյն
ու չեմ ստեղծի տեսություն
որի վրա ջարդվի հազար գլուխ, հազար ուղեղ ու միտք
բայց մի միտք է հիմա իմ գլուխը ջարդում
ինչու եղավ այնպես
ինչպես եղավ…
ես չեմ ուզում դառնալ այն աղջիկը
որին պատմությունը կոչեց Ժաննա դ՛Արկ
բայց խարույկներ ինչքան պիտի վառվեն
որ չլինի այնպես
ինչպես եղավ….
իսկ ինչ եղավ…
թեքեցիր գլուխդ
ու մնացիր
սառած
կանգնած…

ձմեռ էր

Հավատում ես, որ կգա։ Ախր վերջին անգամ բաժանվելուց շատ էր տխրել (էս կրակայրիչն ինչի չի աշխատում), չէ, չի խաբի, չի կոտրի, եթե չի  կոտրվել, կգա (դե վառի էլի, քեզ ինչ եղավ), ասաց` մինչև վերջ քո հետ եմ, ասաց` մինչև վերջ սիրելու է (թու՜, էս էր պակաս, րոպեները կրիայից դանդաղ են առաջ շարժվում, տեղում քարացել են, կրակայրիչն էլ չի օգնում առաջ հրել ժամանակը ծխախոտի ծխով)…
Մի քանի հազար անգամ պտտում ես կայծքարը բթամատով, համբերությունդ անսահման է, քարի պես էլ ամուր կամք ունես, կռիվ ես տալիս քո, նյարդերիդ, ժամանակի, կայծքարի, բթամատիդ հետ։

Կանգառում շատ մարդ չկա։ Մոտենում ես մի տաքսու։ Վարորդն ուրախացած, որ գոնե մինիմալ պատվեր կլինի, վեց հարյուր դրամ էլ կգումարվի ամսվա կոմունալների վճարի փողին, պատրաստվում է միացնել շարժիչը։ Հիասթափեցնում ես նրան.
֊Կրակ ունե՞ս հոպար։

Էլ մենակ չես, նայում ես` ոնց է կրակը կարճացնում թղթի, նիկոտինի, միջուկի ու քո կյանքի տևողությունը։ Մի ներքաշումով քանի կյանքեր ես տանում, էլ չասած` ժամանակ ես սպանում, սպասում ես կարճացնում, րոպեներն ես հրում, հույսս ես աճեցնում ու մնում ես։

Ծխախոտը մեռավ, մյուս զոհին ես հանում տուփից, ձեռքիդ ժամացույցի սլաքները սողում են, կամ մնում են տեղում։ Մեծ ու փոքր սլաքները տեղերով փոխվեցին։ Ոտքերիդ մեջ հույս չկա էլ, մեռավ, ոտքերդ սկսեցին շարժվել դեպի անցյալ։ Գնում ես նստելու այն նստարանին, որ մի օր երկուսիդ էր պահում, գնում ես անցյալ, որ երկուսով լինեք։

***

դու, որ ամեն օր
այստեղ ես գալիս
անցյալի կտրած թելը կապելու
թե քարկապելու,
չե՞ս հիշում խենթս
որ կտրելիս
կարճանում է
նույնիսկ հենց թելը…

հեռվացած լինելու մոտիկության մասին

***
մենակ քո հոգին
քո մենակ հոգին
կարոտել,
սիրել,
փնտրելու գնալ,
փնտրել ու գնալ.
մենակով, հոգի՛ս,
մենակ ո՞վ, հոգի՛ս,
կքայլի ճամփով,
որ մենակ գնաս,
մենակ չմնաս:
քարերը կապույտ ջրերին նետել
ու օղակներում բախտերը մատնել,
ապագան վատնել
քարոտ ջրերին
…………………………………..
կարոտը թաղել ափի թաց հողում
մի տարի անց գալ, փորել, չգտնել.
ճայի թևերին գրված է կարոտ…
ջրերին հոսել
դարձել է ջրոտ
հողոտ կարոտս…

500անոց է՞ր…

նորից անստվեր մարմինների անմտածված ու տխուր հետևանքներով արարքներից հոգնած,  հույսն ու միքիչ արևը երգերի մեջ փնտրելով բարձրանում եմ երթուղային ու սպասելիքս, որ հաստատ տեղ չի լինի նստելու, աչքերը փակելու, աշխատանք-տուն ճանապարհը երազանքների միջով լողալով անցնելու համար, միանգամից արդարանում է: կանգնում եմ դռան մոտ, փնտրում ճանապարհս կարճեցնող մի հոդված ու հարմարվում էդ երեսուն րոպեն կանգնած երթևեկելու ճակատագրին:

երեկոյան Երևան, խցանումներին հաջորդում են խցանումները, ազդանշաններին հաջորդում են հայհոյանքները…մեկ-մեկ լսում եմ, մեկ-մեկ ականջակալների երգը հաղթում է, մեկ-մեկ սարկազմով խնդում եմ ներսից, մեկ էլ ատելի նայում ազդանշան տվող վարորդներին, գոռգոռացողներին…գնում ենք:

կանգառում իջնող կար, բայց նստող չկար: վարորդը չլսելու տվեց՝ ստե պաի-ն: հերոսը իջավ հաջորդ կանգառում: դուռը կամաց ջարդեք գրությամբ դուռը ծանր հոգոց կհաներ, եթե արդեն սովոր չլիներ ջարդվելուն: հետո գրածները նրա համար են, որ չհետևենք, օրենքները խախտելու համար, կարոտը խեղդելու համար է, խնդրանքները մերժելու համար են….չենք երկրարացնում:

սա ստացեք հաջորդին կիջնեմ ասող աղջիկը մետաղադրամը պարզեց վարորդին: ձեռքը օդում մնաց: սա ստացեք հաջորդի համար ասող աղջիկը կրկնեց նորից, վարորդը կամ մտքերով էր, կամ ծխախոտի ծխի հետ զրույցի էր բռնվել. չլսեց: աղջիկը ձեռքը քաշեց հետ, սպասեց, որ հասնենք կարմիր լույսին:

ստե ես իշնըմ…չէ՞, դե էն մեկին կտաս, վռազ են տո…քշի արա…քնելա…

վարորդն էր, էս ամեն ինչի ղեկավարը: ղեկավարն էլ զուտ նրա համար, որ ղեկ կար մի ձեռքում, դե մյուսը ծխախոտ էր մատուցում թոքերին:

աղջիկը հաջորդին իջնելիս մեկնեց մետաղադրամը: չիջավ: սպասում էր:
մանրս չեք տա՞…

վարորդը…

ինչիդ էր պետք էդ չորս հարյուր դրամը, ղեկավա՛ր: մի տուփ ծխախոտ էս կողմ, մեկը՝ էն կողմ, մեծ չի է տարբերությունը: ցածրացար, հավասարվեցիր արագ ընթացքից էդ սև ու կեղտոտ տուփի միջից թափված կոպեկներին: ո՞նց, ո՞ր էությամբդ ձևացրիր, թե քո աչքերը ափիդ մեջ 500 դրամանոցի փոխարեն 100 դրամանոց են տեսել…

էս ամեն ինչը համեմվեց վարորդի կողքին նստած երիտասարդի քմծիծաղով. փաստորեն մենակ ես չէի նկատել:

ո՞նց…500անոցա՞… հեսա վեկալ… ղեկավարը հասցրեց մեզ տուն:

վարվելակերպ

#SyuneciBlog

մենք լողում ենք կյանքից ներքև…

առանց թևերի կամ թեփուկների
դե որովհետև հենց նրա համար
որ դեռ ձկներ չենք
կոչվում ենք մարդիկ

բայց մենք լողում ենք կյանքից քիչ ներքև
վեց-յոթ մատնաչափ
կյանքին չենք հասնում

կյանքը դրել ենք վերին դարակում
հենվում ենք հաճախ ոտքի ծայրերին
ձեռքերով կախվում վերին դարակից
ձգվում ենք, հասնում կյանքի դարակին

նայում ենք կիսատ
ձախ կամ աջ աչքով
կյանքին
ներքևից

մեկ էլ իջնում ենք
երբ ոտքերը մեր
մեր ծանրությունից
թեթև հոգնում են…

եսասերի մեկը

#SyuneciBlog

քերել պատերին
որ չգոռալ
լռել
թե նրանք այնքան անկերպ են.
կույր համակերպվել:

սարքել ձևացնել
հա, ծիծացել,
կամ
քըմծիծաղել, թող չտարբերեն
թե դու նույնից չես
նույն գույնից չես
թե շատ տարբեր ես:

թող հավատան
թե հավատացիր
թե դուրդ եկավ որ դու
լռեցիր
թող հավատան թե իսկություն է…

մի տեղ էլ հատավ համբերությունդ:

գոռացիր  առանց պատեր քերելու
գնացիր առանց պահեր ներելու
ոտքով…

սպասի մի բան էլ ասեմ

#SyuneciBlog

…մի օր էլ չարթնացանք…

իրականում իրականությունը բարդ չէ, եթե մենք նայենք ուղիղ աչքերի մեջ, առանց վարագույրի հետևում թաքնվելու: իրականում իրականություն չկա, երբ մենք առանց վարագույրի հետևում թաքնվելու նայում ենք իրար աչքերի մեջ: էինք: նայում էինք: իրար աչքերի մեջ նայելը իրար գլխի սարքելու պես մի բան էր, իրականության պարագլուխներից դուրս գրված, պատերին քերված ու անտիպ…իրար աչքերի մեջ նայելը սխալ էր: իրար աչքերի մեջ նայելը չափից դուրս ռոմանտիկ էր, մենք էլ ռոմանտիկ ջահելներ չէինք, մենք միքիչ ավելի դաժան էինք, իրար տանջելու համար իրար հանդիպած, իրար համար ամենացավոտ թակարդները լարած: մոռանալու չափ հեշտ էր ու մոռացնելու չափ դժվար էր իրար աչքերի մեջ նայելը: ես հեչ, դու ես կարևոր ասելը ստելու նման սիրուն էր ու ստելու նման անտանելի: մոռացումը մոռանալուն կամ մոռանալը մոռացումին տալը դարեր չէ, բայց տարիներ կպահանջի: ինչքան ձյուներ ու ինչքան արևներ պետք է դեռ լցվեն էն փոսերում, որ բացվել են լռելուց, հեռանալու քայլերից: դարեր չէ, բայց տարիներ պետք են: իսկ իրար աչքերի մեջ նայել ենք….երկու րոպե տասնչորս վայրկյան… եղանակն էլ ձմեռ էր, ժամանակն էլ դրսի ձյուների նման սառած:

….մի օր էլ թարթեցինք…

…սլաքների մեջ իրար մաղթած կյանքերը սպառվեցին կամ էլ սպառեցինք…մենք հեչ, ժամանակն էր մեղք, գոնե թող ինքն ապրեր սլաքների հետ երջանիկ ու ժպտուն: մենք հեչ, աշխարհը թող ապրեր գոնե: մենք հեչ, դու ապրեիր գոնե…