Երթուղի

#SyuneciBlog


-Եկեք, եկեք նստեք։
-Չէ, չէ։ Վայ, ամոթա։ Նստեք։ Ինձ հարմար է էսպես։
Ամենօրյա խոսակցություն, որ հարյուր հազար անգամ լսել ու լսում ենք, քանի դեռ Հայաստանում ենք։ Լսում ենք, քանի որ հայ ենք ու ինչքան էլ իրար թարս ենք նայում, ինչքան էլ մերն ենք առաջ տանում, արյան էն կաթիլը, որ պատասխանատու է մեծին ու փոքրին, օրիորդին ու պատանուն, կնոջը ու տղամարդուն հարգելու համար միշտ ակտիվ շրջապտույտի մեջ է ու արթուն է պահում մեր բոլոր բջիջները։
Էս անգամը տարբեր էր։ Նստել առաջարկողը մի ծեր մարդ էր, իսկ ոտքի վրա, ծանր պայուսակը ուսին մի աղջնակ էր կանգնած, որ արդեն սովոր ու ճարպիկ երկու նստարաններից բռնեց ու մտքում միայն ափսոսաց, որ էլի չի կարողանալու կարդալ ճանապարհին։
Լռեցին։ Երկուսն էլ գոհ էին խոսակցությունից։
<<Ինչ շնորհքով աղջիկ էր>>։
<<Այ քեզ ջենտլմեն>>։
Աղջկա աչքն ընկավ պապիկի ձեռքերին. յոթգույնանի, կապտած ու դեղնած եղունգներ։ Հիշեց` հաստատ ծանր գործ է արել ու անում, ոնց է ցավացել, ոնց է տարել ցավը։ Ճաքճքած ձեռքեր, սպիների տակ մատները չէին երևում։ <<Հաստատ շատ սիրուն է եղել ջահել ժամանակ>>։
<<Տեր աստված ինչ էլ նման է, այ հիմա եմ նկատում։ Նա էլ էր էսպես ամոթխում, հենց մի բան էիր ասում` լավ կամ վատ, թե չէ երբ եմ վատն ասել, ով էր մեղավոր, որ մինչև վերջ էլ չհասկացավ, որ երկուսս էլ մենակ ենք առանց իրար, երկուսս էլ իրար համար ենք, չհասկացավ, լռեց, թողեց-գնաց։ Լռությունը, էդ անտեր լռությունը, մտքի մեջ ասված բառերը, տենց էլ չհասկացավ, որ բառերը բարձր ասելու  համար են, մեջը պահելն օգուտ չի տա…հպարտություն…անիմաստ…>>։
Տվեք Ձեր պայուսակը պահեմ, ծանր կլինի։
Շնորհակալ եմ շատ,-խառնված ու շփոթված ասաց օրիորդն ու  պայուսակը վախով դրեց պապիկի ծնկներին;
-Տնաշեն. Էս ինչ ես տանում էսքան ծանր։
<<Ինչ պետք է տանի…գրքեր են հաստատ>>։
-Գրքերս են։
Պապիկը գլխով արեց ու կնճիռների միջից բազմանշանակ ժպտաց։ Էն որ կնշանակեր` էդպես էլ գիտեի, ուրիշ ինչ պետք է լիներ…
<<Մի օր էլ մենք էսպես կմեծանանք։ Մի օր մենք ենք ծերանալու։ Ինքն էլ հաստատ մի աղջկա կառաջարկի պայուսակը պահել…Սկսվեց էլի… Չէ, չեմ գրի։ Չեմ էլ զանգի։ Ես հպարտություն ունեմ…>>
-Կանգառում կանգնեք։
Մտքերը կիսատ մնացին։ Տեղ հասավ։ Պապիկի ձեռքից վերցրեց պայուսակը։
-Պապի ջան, ձեր փոխարեն նույնպես վճարեցի։ Կիջնեք։
-Խայտառակա էս աղջիկը։ Ի՞նչ կարիք կար Մանե ջան…


֊Մանե՞։ Ես Լիլիթն եմ…

#էսօր

#SyuneciBlog

մի կողմ դնելով առանց բառերի
ասված խոսքերդ՝
ես շտապում եմ անցյալ՝
բերելու ինչ որ ունեինք
ու ճանապարհին՝ հետ գալու համար,
թողնում եմ կաթ-կաթ արցունքներ,
որ չկորեմ,
որ առանց բառեր ասված խոսքերդ
անցյալից բերեմ:
գնում եմ անցյալ:
անցյալում կայիր,
գնում եմ, որ լինես…

նորը

#SyuneciBlog

Ես կմեռնեմ դանդաղ,
բայց կմեռնեմ հանկարծ
ու այն պահին
երբ ամենաքիչն ես պատրաստ
մահիս:

Հայերեն լսելու ու ամենավատի մեջ ամենալավը գտնելու մասին

#SyuneciBlog
Հեյ:

Հեփի Վալենթայն գայզ…

Իրականում բլոգը սիրո մասին կլինի: Այդ սիրո անունն է երաժշտություն: Կամ երգ, եթե բառերի սիրահար եք: Կամ բանաստեղծություն, եթե միայն բառերի սիրահար եք: 
Բառն ինչա՞ չէ… Մեն-մենակ բառը, խոսքը, նույնիսկ հնչյունը մի ամբողջ օր, շաբաթ, կյանք, մարդ ու ապագա կարող է փոխել: Իսկ եթե էդ բառերին խառնել են նոտաներ, իսկ եթե բառերը նոտաների հետ բարձրանում, իջնում են, մտնում են երակներիդ մեջ, խառնում են սիրտդ ու հոգիդ, ուղեղիդ մկանները լարում-թուլացնում, ներսիդ լույսը վառում-մարում…Ամենակարող են նոտաներն ու բառերը երբ իրար հետ են, երբ նույնիսկ առանձին են: 
Ինչքան էլ զարմանալի լինի, ես էս պահին չեմ ասի՝ բայց իհարկե միայն որակյալ երաժշտությունը: Մեկ-մեկ էս անիրավ հոգիդ ու ուղեղդ էն անորակին էլ են կարոտում, որ ամեն երկրորդը կածան-ծիածան, հոգիս-սրտիս, բարև-արև հանգերի զոհ դարձած տողեր են: Բառերը չլսելու դեպքում նույնիսկ չես տարբերի՝ որ երգն ես լսում: Մեկ-մեկ ցնդած հոգիդ էդ երգերին էլ է ձգտում: Մեղավորները շատ են՝ տրամադրություն, հոգնածություն, հիշողություն: (Ինձնից ձեզ խորհուրդ՝ ձեր հիշողությունները ճաշակով երգերի հետ կապեք :Դ) 

Հիմա սկսեմ բուն նյութը գրելը: 

Ժող, զգացել ե՞ք՝ սկսել ենք անտեսել հայերեն երգերը: ՖԲ նյուզֆիդով եթե իջնեք, տասը երգից մեկը հայերեն կլինի, կամ չէ: Եթե ժամանակ ունեք՝ թերթեք ձեր փլեյլիստը, քանի՞ հայերեն երգ կա: 
Ատեք ինձ, եթե էդպես կստացվի, բայց հիմա երգ եմ առաջարկում ձեզ, նույնիսկ տեսահոլովակ: Հայերեն… հայերեն երգ 
Լսեցի՞ք… իսկ սրա մասին ի՞նչ կասեք: 

Հիմա այս մյուսը՞

Երևի երգերը լսելիս կհասկանաք՝ ինչ նկատի ունեի՝ ասելով, որ անտեսել ենք հայերեն երգերը: Ես համոզված եմ, որ դուք մշտապես լսում եք Մեսչյան, Բամբիռ, Էմփիռեյ…Չմոռանանք Կավիճին: էլ անուններ չասեմ… 
Բացահայտումս համարում եմ երջանկալի: Բավականին հաճելի է, երբ երգը խոսում է քեզ հետ կամ քո մասին հենց քո մայրենի լեզվով: 
Վերջում ուզում եմ հիշեցնել, որ եթե նույնիսկ ժամացույցները կանգնեն, սիրածդ երգի րոպեներով կարող ես դասից կամ աշխատանքից չուշանալ: Փորձված մեթոդ օրը չատելու համար:

Այսպիսով՝ վերջ:

վախեցա

#SyuneciBlog

Չէի ճանաչում նրան ես: Միայն գիտեի՝ որ գրադարան է սիրումհաճախել: Ամեն օր կտեսնեիր գրքերի մի կապոց թևի տակ դրած: Ու հմայվածի ժպիտը դեմքին: Ասում եմ հմայվածի, որվհետև չեմ ճանաչում նրան: Միգուցե նա ժպտում էր այն ժամանակ, երբ տխուր էր կամ կոտրված, կամ չէր ցանկանա հոգու գաղտնիքները քեզ բացել:

Գրքերը ընկան ձեռքից մի օր: Դե հա, մեղավոր եմ, ես աննկատ հայտնվեցի նրա ճանապարհին ու անակնկալի եկավ: Այսինքն՝ գցեցի ձեռքից գրքերը: Կորավ հմայվածի ժպիտը: Սկսեց շտապով հավաքել գրքերը: Ցանկացա օգնել, բայց հիշեցի բոլոր մելոդրամաներում հայտնի պահերն ու վախեցա: Մենք նույն գիրքը կվերցնեինք, կհպվեինք իրար, կնայեինք իրար աչքերի մեջ, դանդաղ ոտքի կկանգնեինք ու կհեռանայինք…Ֆիլմերում ու գրքերում ուրիշ հերոսներ չկան կամ քիչ են, գրողներն ու սցենարիստները մի ուրիշ տեղ էլ ունեն պահած հերոսների հանդիպման համար, բայց մեզ համար դժվար թե լիներ: Ես վախեցա այդ հպումով գտնել ու կորցնել իրեն: Գրքերը հավաքեց ու գնաց: Դուրս գալիս մի թեթև շշնջացի՝ կներեք: 

Խաղալիք

#SyuneciBlog
-Էս քամին ի՞նչ է ուզում մեզանից, քանի՞ կապով գլխարկս կապեմ, որ մինչև տեղ հասնելս չթռցնի տանի…
-Խոսում ե՞ս, չեմ լսում…քամին…
Տուն հասան: Ցուրտ ձմեռ չէր: Քամոտ ձմեռ էր: Էնքան քամոտ, որ ծուխը ծխնելույզներից չէր հասցնի դուրս գար, ու քամին կգրկեր, կցրեր օդով մեկ՝ կեղտոտելով կամ մաքրելով օդը:
-Էդ օդը կեղտոտելու տեղ չի էլ մնացել: Հերիք է քամու վրա մեր մեղքը բարդենք:
-Այ մարդ, կոշիկներդ հանիր, ոտքերդ կրակի մոտ պահիր, թրջվել ես: Ես ամեն օր նոր գուլպա որտեղից գտնեմ քեզ…
-Նոր գուլպա չեմ էլ ուզում, ռադիոն միացրու տեսնենք էսօր ինչ է խշշում…
-Չգիտե՞ս. կռիվ, երկրաշարժ, գողություն, դավաճանություն, մեկն էլ մի բարի գործ է անում, դե ցույց տալու համար, ծաղկեցնում են, գովաբանում, գլխներին դնում…
-Այ կնիկ, չգիտե՞ս, փշի դաշտում խոտը ծաղիկ է երևում:
-մոլախոտն էլ….
-Գնամ է, գնամ: Ժամանակ չկա: Էս մի քանի օրն է, միքիչ շատ փայտ բերեմ, որ փող լինի, երեխու բարձի տակ դնելու խաղալիք ունենանք:
-Ի՞նչ օգուտ: Էդքան ծախածից ո՞վ է փողը բերել դրել բռիդ մեջ, ասել գնա երեխուդ բարձի տակի նվեր առ:
-Ունեն ու չեն տալի՞ս: Կտան էլի: Չտան էլ, Աստված իրանց հետ, տեսնում ես՝ ծուխը ոնց է երկինքը պատել: Ես որ փայտը չտանեմ, էդ ծխնելույզներն անտեր կմնան: Էդ երկինքը մենակ կմնա: Օդն էլ կսառի…
-Փիլիսոփայե՜ց…Ծխնելույզները անտենաների հետ էլ լավ ընկերություն են անում, սպասիր թող գուլպաներդ չորանան: Մի բաժակ թեյ խմիր, նոր գնա: Չհիվանդանաս տարվա բերան…

***
-Կնիկ, սրթսրթում եմ: Տեղերս բաց…
-Չես լսում էլի, չես լսում… փողերդ էլի չտվեցին, էդքան փայտը բերեցիր՝ որ ինչ՞:
-Ինչը…ինչը ինչ: Չես տեսում ոնց են ծխնելույզները ուրախ բլբլում….չես տեսնու՞մ՝ ինչ տաք են տները…ափսոս էն կտրածս ծառի պես ես էլ ընկա: Չդիմացավ էլի: Չդիմացավ: Բեր, բեր մի չայ խմեմ: Սուրենը խոսք է տվել էսօր փողը բերի: Պետք է գնամ երեխու խաղալիքը առնեմ…

***
-Հը՞ն, չտվե՞ց:
-Ի՜նչ էլ երազել ես երազում, այ մարդ: Չունենք, որ ունենայինք չէինք տա՞… կնիկը աչքերն էնպես ոլորեց, կարծեցի պարտքով եմ փող ուզում, այ մարդ փայտը վերցրել եք, վառել, դե փողը տվեք, մենք էլ մեր գործերն անենք էլի: Իմ երեխեն ձերինից ինչով է պակաս…

***
-Տես է ինչ ձյուն է գալիս…այ քեզ նոր տարվա գիշեր…էսքան սիրուն մեկ էլ էն տարի էր, որ երեխու բարուրը գրկած տուն մտանք: Կամ էլ սիրտս էնքան լիքն էր, որ ձմեռն էլ էր սիրուն, ձյունն էլ տաք էր: Էսօր ցուրտ է:
-Մեկ էլ գնամ Սուրենենց…մեկ էլ տեսար եղավ: Կնոջ խոսք ու հայացքին բանի տեղ դնող չկա: Հենց Սուրենից էլ կուզեմ: Դու տեղիցդ մի վեր կաց: Հենց էս օրերին դու պետք է հիվանդանայիր…

***
-Ինչ էլ սիրուն նվեր ես բերել: Ապրի Սուրենը: Ասում էի չէ՝ կտա: Նվե՜ր: Դեղեր էլ ես առե՞լ: Այ էս ուրիշ բան: Բայց էդքանին ո՞նց հերիքեց: Մի-երկու կապ էին վերցրել: Մի խաղալիքի փող: Այ կնի՞կ… լացելս ո՞րն է: Նստիր կողքս: Ձեռքդ տուր…ձեռքդ…մատանիդ ու՞ր է․․․

Ծխնելույզները լիքն էին…ձմեռը տաք էր: Նոր տարվա գիշերում մի փոքրիկ խաղալիքը ձեռքին վազվզում էր տաք վառարանի կողքին:

-Պա՜պ…մա՜մ…ձյունը…

առավոտ

#SyuneciBlog
Արևը խաղում է խակ կանաչ վարագույրիս հետ
Դժվար, բայց բացում եմ կոպերս
Չեմ հասցնում լվացվել
Տալիս են դռան զանգը:
Չէ, չեմ հավատում Եհովային
Գնացեք, մի մտեք հոգուս ներսը
Սուրճը թափվում է սալօջախին,
Չէ, չեմ հավատում Եհովային:
Լվացվում եմ, ու խմում կիսատ սուրճը
Սուրճի հետ երգեր եմ միացնում,
Եթե դաշնամուր նվագող լիներ,
Դեմ չէի լինի, ափսոս չունեմ դաշնամուր
Երգերս հոսում են, բայց ուղեղիս մեջ խոսում է անծանոթուհին
-Դուք հավատում ե՞ք Եհովային:

9:25

#SyuneciBlog
Կիսատությունս այնքան է լիքը,
որ
կլցվի վեցթև փաթիլով.
ջրի չոր կաթիլով.
թելի մի հատելով.
խաղալիք սարքելով
ու
կիսատությունս ամբողջությանը
պահակ կարգելով:
Ջնջելով նշանը արգելող.
լցնելու վայրկյանը հարգելով.
մի կաթիլ ծարավից հարբելով.
ու քայլով՝
գնացող, ետ դարձող մի քայլով:

Գծագրություն

#SyuneciBlog
Բացը բաց մնաց, փակը փակ թողեց
Լացս թաց մնաց
ցողեց…
Գալս գնալ էր, մնալս՝ կարոտ
Կարս չկար էր,
ցողոտ…
Կեսս կիսատ էր, ներսս՝ մթոտ
Սևս սպիտակ էր,
ամպոտ…
Տերս անտեր էր, վերջս՝ սկզբում
Բերս տանել էր,
խզբզում…

Օրվա սցենարից մի էպիզոդ

#SyuneciBlog

Արդեն հինգ րոպե կլինի՝ նստել եմ էկրանի ու ստեղնաշարի դիմաց, որ գրեմ էն մասին, ինչի մասին ուզում եմ, բայց սկիզբ չեմ գտնում: Լինում է չէ՞, որ ուզում եք մի պատմություն պատմել ու սկսում ենք՝ ախր ինչի՞ց սկսեմ…
Ախր ինչի՞ց սկսեմ…երեխու լացից, կռվից, մեր էս չար ու անհանդուրժող տեսակից, թե լռող ու հրճվող տեսակից: 
Եկեք պատմությունը չոր ու հստակ պատմեմ, հետո քննարկենք: Իսկ պատմությունը պատմում եմ, որովհետև չեմ ուզում, որ ամեն ինչի կողքով անտարբեր անցնելը ավանդույթ դառնա: Ուզում եմ սովորենք ամեն ինչի մասին մտածելու, քննարկելու, վերլուծելու արվեստը: Ոզում եմ ամեն ինչին մի նշանակություն տանք, վատը վանենք, բարին կրկնենք: Ուրեմն՝
Լինում է, չի լինում, կամ ժուկով-ժամանակով մի մանուշակագույն ավտոբուս դասից ու գործից հոգնած մարդկանց տանում էր տուն: Ավտոբուսի մեջ մի փոքրիկ կար, մոր գրկում նստած աղեկտուր լաց էր լինում: Անօգնական մայրն ի զորու չէր երեխային լռեցնելու: Բոլոր ուղևորները սևեռվել էին երեխայի կողմը, մի մասը ժպիտով էր նայում, մի մասը կարեկցանքով, մի մասը չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Եվ այդ ժամանակ եկավ բարի փերին և ասաց…Դե հա, շատ կուզենայի էս շարունակությունով երեխային մի կախարդական փայտիկ նվիրել, մանավանդ, որ տոներն են մոտենում, տոներն են մոտենում, բայց իրականում այդ պահին մի տիկին շրջվեց երեխայի մոր կողմն ու սկսեց բողոքել, որ չի կտրում երեխայի ձայնը, ախր ինչքան կարելի է տանել: Մայրն էլ հո չէր լռելու, հիշեց տիկնոջ ծնողներին, թե ինչ վատ դաստիարակություն են տվել, պնդեց, որ ինքն իսկապես շատ լավ ծնող է, շատ լավ դաստիարակություն է ապահովում իր երեխայի համար: Իջնելիս էլ էդ կնոջը մաղթեց, որ միքիչ բարիանա: Աստված թող Ձեր խնդիրները լուծի, որ գոնե միքիչ բարիանաք: Այս խոսքին հաջորդեցին հայհոյանքներ, փոխադարձ հայհոյանքներ և ավտոբուսի դռները փակվեցին՝ բաժանելով հակամարտող կողմերին:
Հիմա մտածենք:
Էս պատմության մեջ մեղավորներ գտնելու եթե լինենք, մի քանի ու շատ մեղավորներ կան՝ երեխան, երեխայի մայրը, տիկինը, երկիրը, ցուրտը, ինչու ոչ՝ բնությունը, որ երեխային լացելու ունակություն է տվել:
Ինչով էր մեղավոր երեխան՝ լաց էր լինում:
Ինչով էր մեղավոր մայրը՝ չէր դաստիարակել երեխային այնպես, որ հասարակական տրանսպորտում ճնշի բոլոր զգացումներն ու զգացմունքները, չտրվի սրտի թելադրանքին, դատի սառը ուղեղով ու լաց չլինի:
Ինչով էր մեղավոր տիկինը՝ ներեցեք, բայց տիկինը մեղավոր չէր: Հոգնած էր, հազար ու մի ցավի ու խնդրի տեր, հազիվ իր հանգիստն էր գտել ավտոբուսում, օրվա խնդիրներն էր քննարկում, ու էդ պահին ինչ-որ անարժան ծնողի անարժան զավակ սկսում է լաց լինել: 
Ինչով էր մեղավոր ցուրտը՝ ցուրտը իրականում պատմության հետ էնքանով կապ ունի, ինչքանով ես: Ուղղակի անհնար էր չնշել, որ Երևանում անխիղճ ցուրտ է:
Ինչով էր մեղավոր երկիրը՝ որ երկիր չի:
Մի բան եմ ուզում ասել միայն: Ինչքան էլ ցուրտ լինի, ինչքան էլ ավտոբուսի մեջ տեղ չկա նստելու, ինչքան էլ հազար ու մի ցավի ու խնդրի տեր եք, ինչքան էլ երկրիը երկիր չի, մեղավորներ փնտրել պետք չէ: Եթե միայն այդ կինը այն նույն ժպիտով նայեր էդ լացող փոքրիկին, որ դեռ խոսել չգիտեր, որ մորը պաշտպաներ ու պատասխաներ տիկնոջը, ոչ կռիվ կլիներ, ոչ էլ տոնական տրամադրությունը կվերածվեր գաղջ մթնոլորտի: Այսինքն մեղավորը (դե հայ ենք, մեղավորներ պետք է գտնել անպայման, ու մեղավոր կարող է լինել ամեն ինչ, բացի մեզանից) ժպիտն էր: Էն ժպիտը, որ ուշացավ, չեկավ, չնայեց էդ պստիկին, որ ընդամենը լաց էր լինում: