հեյ
Հեղինակների պահոցներ՝ սյունեցի
(ան)իմաստ
հեյ
սիրով հիշեցնում ենք սիրել ձեզ
cosmopolitan 2021
միքիչ էլ մնա “länger bleiben” AnnenMayKantereit
մի քանի օր առաջ կասկադը էսքան տարիների ընթացքում ամենասիրունն էր։ ու էդ պահին միացավ AnnenMayKantereit-ի էս երգը, ու որոշեցի, որ պետք է անպայման թարգմանել։
«հաջորդ գնացքին դեռ մի ժամ կա
բեր մարդա մի հատ էլ խմենք
հա, ես էլ պիտի շուտ զարթնեմ վաղը
էդ գնալու պատճառ չի հեչ
մեկա չեմ ուզում էս անձրևին տուն գնալ
մի հատ դուրս նայի՝ ինչա կատարվում
իմ մնալու պատճառը քո գնալունից լավնա
գիտես ինչ
դու պարտավոր չես
բայց կարող էիր էլի
մի փոքր ավել
մի քիչ էլ մնալ
չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ
չես ուզում միքիչ էլ մնալ
ինչի՞ ես ուզում հենց հիմա է գնալ
չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ եմ ասում․․․
գնա՞մ արագ ներքևի խանութից
մեզ մի շիշ էժան գինի բերեմ
երկուսով կխմենք
պատուհանի մոտ կծխենք
բայց պիտի աղմուկ չանենք
թե չէ ռումմեյթս կզարթնի
ու ինքն էլ խմել կուզի
իսկ դու ամբողջ ընթացքում՝ գնամ հա գնամ
իբր նորմալա
բայց քո գնալը երբեք էլ նորմալ չի
չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ
չես ուզում միքիչ էլ մնալ
ինչի՞ ես ուզում հենց հիմա է գնալ
չես ուզում միքիչ էլ մնալ
խնդիր չկա, լուրջ եմ ասում․․․»
նորություններ
հեյ
մի տեսակ կարոտել եմ քեզ, գիտե՞ս։ շատ խառը շրջանա ու չեմ հասցնում հետդ նորմալ շփվել։ մի շատ կարևոր բան եղավ, որի մասին ուզում եմ անպայման պատմել քեզ։
հիշում ե՞ս ինչքան սիրուն ու խաղաղ էր համացանցը սրանից մոտ ինը-տասը տարի առաջ։ մի քիչ առաջ Գոհարի հետ խոսում էինք, որ ինչ-որ բլոգներում ու ֆորումներ էինք ակտիվ, հետաքրքիր ֆան ակումբներ էինք ստեղծում, քննարկումներ անում, խոսում ամեն ինչից բացի քաղաքականությունից ու չէինք տեսնում թիրախավորված գովազդներ։
հիմա ֆեյսբուքում բացի բողոքից ու կեղծ լուրերից, բացի գովազդներից ու մեկնաբանություններում դրված գումարածի նշաններից բան չեք գտնի։ դեռ կան մի քանի չհուսահատվածներ, որ հետաքրքիր նյութեր են գրում, սիրուն նկարներ հրապարակում, բայց կներեք, ես հավես չունեմ էդքան սքրոլ անելու, որ մի նորմալ նյութ կարդամ։ ես ջնջեցի ֆեյսբուքի հաշիվս մեկ շաբաթ առաջ։ էնտեղ ինը տարվա պատմություն կար, նկարներ, նյութեր, որ էլ ոչ մի տեղ չունեմ։ մի վայրկյան էլ չմտածեցի ջնջելուց առաջ։ իսկ ավեի շուտ չէի ապաակտիվացնում, քանի որ SMM: ըհմ, ես՝ գովազդներից էդքան բողոքողս, գովազդների էի միացնում ու SMM անում։ դե բոլորս ենք էդպիսին, չէ՞
ինչևէ, հիմա չունեմ ֆեյսբուք հաշիվ, ունեմ տելեգրամ (@timetopoetry), եթե ինձ կարոտես, ունեմ էլ փոստ ու հա՝ բլոգ, եթե մտքերս հետաքրքիր են։ գրի, խոսենք։ ես էլ քեզ եմ կարոտում։
տխուր լուրեր
հեյ
էս վերջերս մի տեսակ բացասական նոտաներ կան մեր զրույցներում, բայց կներես, այլ կերպ չեմ կարողանում։
երեկ գնացել էինք Հայաստան֊Գերմանիա ֆուտբոլային խաղը մարզադաշտում նայելու։ միանգամից երեք ու ավել հիասթափություններ ապրեցի։
դե խաղի ժամանակ, երբ հույզերը տեղի են տալիս, չես կարողանում կառավարել քեզ ու կանգնած ես մնում՝ մոռանալով, որ խանգարում ես ետևի շարքերում նստածներին։ մենք էլ էինք խաղով տարված ու կանգնած էինք մնացել։ հետևից լսում եմ՝ արա, նստի ։/
դիմացի շարքից մեկը՝ էլի մեր նման հուզված մեկը, ոտքի վրա էր մնացել ու խանգարում էր․ ես՝ որ խնդրեմ, կնստե՞ք․․․կներեք իհարկե։ նա՝ քուրս, ախր նստելա՞ լինում, ըհըն, տես՝ նստեցի, ինչ եղավ (էդ պահին Գերմանիան խփեց հերթական գոլը)։
խաղից հետո նստարաններն ու հատակը չէին երևում, քանի որ ամբողջը արևածաղկի մնացորդներ, չիպսի տուփեր, հյութի բաժակներ էին․․․ մենք արևածաղիկ չէինք կերել, բայց մեր ոտքերի տակ էլ մաքուր չէր։
ու էս բոլոր մարդիկ՝ դիմացինին արա֊ով դիմողները, անծանոթ աղջկան քուրս֊ով դիմողները, աղբը թափողները, խաղի ընթացքում գոռում էին՝ Հա֊յաս֊տան, Հա֊յաս֊տան․․․
տխրում եմ, իհարկե, տխրում եմ։ չենք սիրում մեր երկիրը ոչ մի ձևով, մենք շատ լավ պահանջում ենք, շատ լավ բողոքում ենք, որ կառավարությունը չի անում մեր ուզածները, որ մի օրում մեր բոլոր երազանքները չեն իրականանում, բայց մեր գցած թուղթը չենք վերցնում, չգիտենք հարգել ո՛չ մեզ, ո՛չ դիմացինին։
ես գիտեմ, որ ոչ մի նորություն հենց հիմա չասացի, գիտեմ, որ դու էլ ես էսքանը տեսել, զգացել, ջղայնացել, համոզված եմ, որ դու էդպես չես վարվում։ ու երեկվանից հետո ոչ էլ նեղվում եմ, որ ֆուտբոլ խաղալ չգիտենք։ մեզ մոտ ամենապարզ՝ գցածը վերցնելու մշակույթը դեռ չի ձևավորվել է․․․․
Անդրանիկը մի լուծում առաջարկեց․ քանի որ տոմսը գնելիս անձնական տվյալներ ենք լրացնում, մարդիկ կարող են տուգանվել, եթե իրենցից հետո իրենց նստած տեղը մաքուր չլինի։ իսկ ես՝ հայի տեսակից անտանելի հիասթափված պատասխանեցի՝ է կողքինի աթոռի տակ կլցնեն, հայ են չէ՞․․․
հոգ տար քո մասին
աշխատաՇՈՒԿԱ
հեյ
մի ամիս ա, ինչ կազմակերպությունը մեծացնելու նպատակով գերմաներենի մասնագետներ ենք փնտրում։ ինչպես ցանկացած նորմալ մարդ, առաջին բանը որ արեցինք, stuff.am֊ում հայտարարություն դնելն էր։ էն մասին չեմ խոսում, որ մարդիկ հիմնականում չեն գնահատում իրենց կարողություններն ու ինչ մակարդակի CV ասես չստացանք, ինչ հիասթափություններ ապրեցինք հարցազրույցների ընթացքում, ու էդ ամեն ինչի արդյունքում, հասկանալով, որ շատերը մոռանում են ուշադրություն դարձնել ինքնակենսագրականներին, հարցազրույցներին պատրաստվելուն, գրեցի մի բլոգ, որն ինչ֊որ չափով կօգնի քայլել ժամանակին համընթաց։
էսօր մի ուրիշ հիասթափություն ունեմ․ ուրեմն աշխատանքի հայտարարություններ ֆեյսբուքում։ հայ ազգը աշխատանք է փնտրում և առաջարկում ֆեյսբուքում։ հայտարարություններն էլ՝ օնլայն աշխատողներ են պետք, ով հետաքրքրված ա թող + դնի։
ես նախ փորձեցի միքիչ գրագետ մոտեցում ցույց տալ, կիսվեցի սթաֆի մեր հայտարարությունով, սակայն չստացա ոչ մի արձագանք։ այսօր ես վարվեցի ինչպես իսկական ֆեյսբուքահայ․
օ՜ֆ֊line
հեյ
ունենալով այս բլոգը արդեն հինգ տարի և ավել, հաճախ նույնիսկ նրա մասին մոռանալով՝ ես չեմ սիրում տեխնոլոգիաները, երբեմն նույնիսկ ատում եմ ու համոզված եմ, որ դրանք չարիք են մեր դարաշրջանի հոմո սափիենսի համար։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ երեկոյան ընթրիքից հետո ես իմ համակարգիչն եմ բացում ու միացնում ականջակալներս, մաման, պապան, Մետաքսն ու Լեռը իրենց հեռախոսների ու լափթոփի առաջ են ու տան լռությունը միայն խախտվում է մեկ֊մեկ սրա֊նրա սթորիների ձայներից կամ ինչ֊որ քաղաքական հոլովակների ձայներից, որը հիմնականում միացնում ա պապան։ ես չեմ սիրում համացանցն ու գաջեթները, երբ Անդրանիկի խելացի ժամացույցը ամեն վայրկյան ծընգծընգում ա, ու խոսակցությունը մի պահ դադարում ա։ ես չեմ սիրում տեխնոլոգիաներն այն ժամանակ, երբ լսում եմ, որ հենց նոր դուրս եկած մի սերիալում նկարագրված խաղերին զոհ են գնում տասնյակ մարդիկ և կամ ինչ֊որ մի աղջիկ գնում է պլաստիկ վիրաբույժի մոտ, ցույց է տալիս իր նկարը ինստագրամի կամ սնափչաթի ինչ֊որ ֆիլտրով ու խնդրում, որ իրեն իրականում էլ այդպիսինը դարձնեն։
շատ վաղուց արդեն հրաժարվել եմ սոց ցանցերից; հաշիվներ, ցավոք, դեռ ունեմ, սակայն դրանք իմ ուշադրության կենտրոնում չեն օրվա ընթացքում; էսօր օրինակ, զարմանալի շատ բաց մնաց ֆեյսբուք հաշիվս, քանի որ աշխատանքի հայտարարություններ էինք տարածում։ ու թե ինչու են Հայաստանում աշխատանք փնտրում ֆեյսբուքում և ինչու մեր հայտարարութունը, որ օրինակ stuff.am-ում է, անտեսվում, իսկ իմ մի կարճ ստատուսը ուշադրություն գրավում, լրիվ ուրիշ օրվա խոսելու թեմա է։ էդ ընթացքում աչքովս մի քանի գրառումներ ընկան՝ բոլորը բացասական տրամադրությամբ, ու ես երազեցի այն օրվա մասին, որ էլ ստիպված չեմ լինի ունենալ էդ հաշիվը ֆեյսբուքում։ ես, իհարկե, կարող էի երազել այն օրվա մասին, որ միքիչ ավելի թեթև տանենք սոց կայքերը ու չդարձնենք դրանք մեր կյանքի կարևորագույն մաս, բայց ես էդքան լավատես չեմ։ էս դեպքում բավականին ռեալիստ եմ, եթե ինչ․․․
․․․նույն մոլորակում, նույն իրականության մեջ, միևնույն ժամանակ․․․
․․․․ես սիրում եմ տեխնոլոգիաները ու համացանցը էն ժամանակ, երբ ինձանից մի քլիք է պահանջվում, որպեսզի տեղեկանամ աշխարհի նորություններին, նայեմ հոլովակ, որտեղ այս օրերի ինձ համար լավագույն հասարակական գործիչը բացատրում է, թե ինչպես հոմո սափիենսը կարողացավ գոյատևել ի հակառակ մնացած բոլոր սափիենսների։ ես մի քանի վայրկյան անց տեղեկանում եմ, որ ամենասիրածս խումբը նոր ալբոմ է թողարկել, ես որոշում եմ կարդալ այն գիրքը, որ չեմ գտնում մեր քաղաքի գրախանութներում ու մի քանի րոպե անց այն իմ Kindle-ում է, ես ուզում եմ նայել մի քանի օր առաջ թողարկված ֆիլմ ու իմ տան գերարագ ինտերնետը ինձ նույնիսկ ժամանակ չի տալիս պոպքորն պատրաստել, ես կարոտում եմ Արմինին, որ Գերմանիայում է, ու տեսազանգի շնորհիվ մեղմացնում եմ կարոտս։ ես սիրում եմ տեխնոլոգիաները, քանի որ ցանկացած պահի կարող եմ նոր մասնագիտություն, լեզու սովորել, կարող եմ յութուբի հոլովակների շնորհիվ սովորել յոգա, կարող եմ կարդալ այս կամ այն սնունդի օգտակար հատկությունների մասին, կարող եմ նախորդ դարի ֆիլմեր դիտել, կարող եմ տեղեկանալ եղանակի մասին ու իմանալ՝ ինձ պետք է անձրևանոց, թե՞ ոչ։ (սա արդեն մեծ սուտ էր՝ ոչ մի եղանակի դեպքում ես անձրևանոց չունեմ, ես պարզապես չեմ սիրում անձրևանոց)։
ես սիրում եմ համացանցը, երբ մի քանի վայրկյան արած նկարս ուղարկում եմ էն մարդկանց, ովքեր կցանկանային այդ պահին տեսնել՝ ինչ եմ անում ու որտեղ եմ, սիրում եմ համացանցը, քանի որ մի օր այն օգնել է ինձ գտնել այն, ինչ/ում ունեմ հիմա։
սիրում եմ համացանցն ու դրա հնարավորությունները, քանի որ մի քանի րոպե անց սեղմելու եմ՝ «հրապարակել» ու մի քանի հոգի իմանալու են իմ մտքերի մասին և կիսվելու են իրենց մտքերով։ ես կապված եմ աշխարհին։
համացանցն ու նոր տեխնոլոգիաները մեզ տալիս են հնարավորություններ, կրճատում են հեռավորությունն ու ժամանակը, բայց նաև հեռվացնում են մեզ։ էսօր երբ Գոհարին ասացի, որ պատրաստվում եմ էս մասին բլոգել, նա ասաց, որ բոլորն էլ գիտեն էս թեման ու բոլորի մոտա նույն խնդիրը։ ըհմ, գիտեմ, բայց ես մի տեսակ զգում եմ, որ ամեն րոպե հեռախոսը հասանելի ունենալը, դարձել է սովորական ու արդեն պարտադիր։ սա ուղղակի բարի հիշեցում է այն մասին, որ բալանսի բերեք ձեր օնլայն ու օֆլայն կյանքը, հաճախ անջատեք ձեր ինտերնետ կապը ու զրուցեք ձեր շրջապատի մարդկանց հետ։
սովորողի 50 երանգները
հեյ
ես դասախոս/ուսուցիչ/կրկնուսույց չեմ։ «Չ»֊ն՝ լինելով նախորդ նախադասության կարևորագույն մաս, ես ունեցել եմ և դեռ ունեմ աշակերտներ՝ մարդիկ, որոնց հետ պարզապես կիսվում եմ իմ փորձով ու գիտելիքներով։ ու էս՝ դասավանդման կարճ ժամանակաշրջանում (մոտավորապես երեք տարի՝ իրար գումարած) հանդիպել եմ ամեն տեսակ սովորողի։
նախ պատմեմ՝ ինչու ինձ թույլ տվեցի համաձայնել սովորեցնել մեկին մի բան։ ես այլընտրանք էի ուզում տեսնել՝ դասընթացի այլընտրանք։ ինձ համար չափազանց ձանձրալի ու անընդունելի է դեռ 19֊րդ դարից մնացած կանոններով սովորելը, երբ պետք է գրել, պետք է կարդալ, պետք է պատասխանել և պետք է իմանալ։ ինձ ավելի շատ դուր է գալիս չիմանալու մասին խոսելը։ ինձ դուր է գալիս հենց դասընթացի ժամանակ «պարզելը», թե ինչու է օրինակ “ignore” բառը նշանակում «անտեսել», «արհամարհել», իսկ “ignorance” բառը՝ «անտեղյակություն»։ ու ես գրեթե համոզված եմ, որ միասին՝ սովորողի և սովորեցնողի գտնված տեղեկությունը կմնա սովորողի հիշողությունում դեռ երկար ժամանակ։ հաճախ եմ դասապրոցեսի դասընթացի ժամանակ օգտագործում “hell knows” արտահայտությունը՝ ցանկանալով ցույց տալ դիմացինիս, որ եթե դու էդ բառի թարգմանությունը չես հիշում, քանի որ օրական հարյուրից ավել նոր բառ ես հանդիպում, չի նշանակում, որ դու լեզուն չգիտես։ լեզուն սովորում են կիրառության մեջ, սովորած բառերը, որ գնում են ենթագիտակցություն, չեն սպասում քեզնից, որ դու իրենց քնից արթնանալուն պես հիշես։ մի օր հարկ եղած դեպքում իրենք են քեզ մոտ գալու ու երբեք էլ պետք չի հիասթափվել, որ այ էս պահին այ էս բառը չհիշեցիր կամ սխալ արտասանեցիր։ երբ տեսա դասախոսների և կամ ուսուցիչների, որ աշակերտի կամ ուսանողի չիմացածը հաղթաթուղթ են դարձնում և ինքնահաստատվելու հրաշալի հնարավորություն, ես փորձեցի առնվազն ինքս ինձ ապացուցելու համար ճիշտ հակառակն անել և համոզվեցի որ մի քանի անգամ ավելի հաճելի է աշակերտիդ ասել՝ «արի իրար հետ պարզենք պատասխանը», քան ասել՝ «չգիտե՞ս» և ամոթանք տալ։ ինչևէ։
մարդու տեսակը բացահայտելու լավագույն տարբերակներից մեկը նրան ինչ֊որ բան սովորեցնելն է։ ես ունեցել եմ և ունեմ հրաշք աշակերտ(ներ), որոնք գնահատում են քո և ծախսած ժամանակը, և էներգիան և ոգևորությունը։ նրանք աշխատում են և, որ ինձ համար ամենակարևորն է՝ նրանք հարցեր են տալիս ու չեն նեղվում «չգիտեմ» ասելուց։ սիրում են սովորելը, ստիպելով չեն սովորում ու չեն հիասթափվում։ ունեցել եմ ուսանողներ, որ ամենաառաջին սխալից հետո չեն ցանկացել շարունակել և ուսանողներ, որ ծիծաղել են իրենց սխալների վրա, ու չեն մոռացել այդ սխալները։
մեծամասամբ ինձ հանդիպած մարդիկ, որոնք մի օր աշակերտ են համարվել, դրական են եղել ու ստեղծվել է ընկերական մթնոլորտ։ բայց քանի որ էսօր աշխարհի ամենալավ օրը չի, ես պետք է բացասական փորձով կիսվեմ։
կա ուսանողի տեսակ, որին ես անվանում եմ «գիտեմ»։ տեսակն այս, հիրավի, գիտի ամեն ինչ։ ուղղակի զուգահեռ իրականությունում։ մեր իրականությունում նա ոչ մի հարցիդ պատասխան չունի, նա կսպասի՝ մինչև դու ասես հարցի պատասխանը ու կասի՝ «գիտեմ»։ եթե էդ տեսակին ծանոթ չեք, հիշեք ձեզ կամ ձեր դասընկերներին չորրորդ դասարանում։ կամ հինգերորդ։ ուսուցիչը կանչել է գրատախտակի մոտ ու հարցնում է՝ «ով է գրել «Թմբկաբերդի առումը»։ նա նայում է հատակին, պատերին, դիմացինի աչքերին ու չի պատասխանում։ երբ ուսուցիչը ասում է՝ «Պողոս, Հովհաննես Թումանյանն է գրել», Պողոսը առանց խղճի խայթի, առանց ուսուցչի նյարդերը խնայելու ցանկության պատասխանում է՝ «հա էլի, գիտեմ, Հովհաննես Թումանյանը»։
ես ուզում եմ դիմել բոլոր պողոսներին և ոչ միայն։ «չգիտեմ»֊ը կյանքեր է փրկում։ հավատացեք։ եթե կյանքեր էլ չէ, նյարդեր գոնե խնայում է։ ձեր դիմաց կանգնած մարդը պատրաստ է ձեզ նույն բանը քառասունութ անգամ կրկնել, մի քանի անկյունից մոտենալ, պատասխանել, ձեզ հետ հավասար սովորել, բայց միայն այն ժամանակ, երբ դուք խոստովանում եք թե ձեզ, թե նրան, որ ի սեր բոլոր սրբերի բլոգերների՝ չգիտեք։ որքան շատ ասեք այդ կախարդական բառը, այնքան շատ սովորելու պատճառներ կունենաք, հարցերի պատասխաններ կգտնեք ու կիմանաք վերջապես։ չորրորդ դասարանում ամենասիրուն աղջկան դուր գալու համար խնդիր չկա, ասեք, որ գիտեիք, բայց էդ պահին չէիք հիշում, միգուցե նա հավատա, բայց ուսուցչին, էն մարդուն, որ ինքը ձեզանից մի քանի անգամ լավ գիտի՝ դուք ինչ գիտեք ու ինչ՝ չէ, մի ասեք «գիտեմ»։
ես սովորեցնել, որպես էդպիսին չեմ սիրում, ես սիրում եմ սովորեցնել սովորել ու գնահատել եմ էն դասախոսներիս, որ ուղղորդել են կարդալուն, փնտրելուն, ինքնուրույն սովորելուն։ էդ փնտրելու ճամփին էնքան շեղ ու նեղ կածաններ ես գտնում ու էնքան տեղեկատվություն հավաքում․․․․ Սոկրատեսը մի բան գիտեր էլի․․․
մի խոսքով
հոգ տար քո մասին
