Հեղինակների պահոցներ՝ սյունեցի

Բրյուսովը, ես ու չորս տարին

#SyuneciBlog

Ամեն օր էլ գալիս է: Ամեն ինչ էլ մի օր լինում է: 
Համալսարան ընդունվելուց էդ չորս տարին մեզ համար երկար ժամանակաշրջանա թվում, իսկ ավարտելը՝ հեռու ու անկատար երազանք: Չկա ուսանող, որ մոդուլի նախորդ գիշերը լեկցիաներն ու բառարանները <<կրծելիս>> արած չլինի՝ տո երբ եմ պրծնելու էս ամեն ինչից արտահայտությունը: Իրականում հռետորական հարցա, բայց ունի իր պատասխանը՝ մի օր: Մի օր ամբիոնից կխոսես, կպատմես դիպլոմային գրելուդ ընթացքը, կամ կպատասխանես հանձնաժողովի հարցերին ու քիչ անց քեզ կասեն՝ դու ավարտեցիր: Չեմ խոստանում, որ էդ պահին իսկապես կզգաս, որ ավարտել ես, չեմ խոստանում, որ չես լացի կամ կհուզվես, չեմ խոստանում, որ էն խլվլիկը էդ պահին կսկսի կամ կանջատվի, բայց էդ խոսքերը կլսես: Ես էլ լսեցի: 
Ավատեցինք: Հետո ի՞նչ: Ի՞նչը ավարտեցինք: Ավարտեցի՞նք, թե՞ նոր ենք ընդունվում:
Ուսանողը մասնագիտություն չի, ուսանողը հոգեվիճակա: 
Ուսանողը միշտ ունի սովորելու բան, ուսանողը միշտ չունի ժամանակ, բայց միշտ ամեն ինչ հասցնումա, ուսանողը մի հատ լեկցիա կկարդա ու կասի՝ տոննայով դաս ունեմ, ուսանողը մի հատ լեկցիա կգրի ու կասի՝ թևս պոկվեց գրելուց: (Ես հենց հիմա մեծ հաճույքով լեկցիա կգրեի 😀 ) Ուսանողի ամենասիրած ձայնը դասամիջոցի զանգնա, իսկ եթե Բրյուսովից ես՝ երաժշտությունը, որ ամեն տոնի հետ կապված պարտադիր փոխվումա, թարմացվումա, ամեն եղանակի մի տեսակա լինում…
Ուսանողի ամենսիրած արտահայտությունը՝ դասախոսը չի եկել, ուսանողի ամենաչսիրած արտահայտությունը՝ դասախոսը եկելա 😀 
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Ես էսօր գնալու եմ, որ հանձնեմ սելեկտիվ քարտս ու էսօր պաշտոնապես ու իմ չսիրած թղթաբանություններով դադարելու եմ ուսանող լինելուց, ու ինձ թվումա, որ ես տխուր եմ լինելու: Ես էդ քարտը շատ էի սիրում: Լավ բրելոկ էր: 😀 
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Հա, ես գովում եմ Բրյուսովը, որովհետև ես ուրիշ համալսարաններից ընկերներ ու ծանոթներ ունեմ ու որոշ չափով տեղյակ եմ իրենց ուսումնական առօրյայից: Մերն ուրիշ էր: Էն փոքր ժամանակվա նման՝ իմ մեծ ախպերը քո մեծ ախպորից ավելի ուժեղա: Հա, մեր համալսարանը ձեր համալսարանից ավելի ուժեղ էր: Մեր մոտ նոր կադրեր կան, մեր մոտ փոփոխություններ կան, մեր մոտ ուսանողը միշտ առաջնայինա, մեր մոտ ուսանողը միշտ օգուտ ունի, մեր մոտ ամեն ինչ անում են, որ ուսանողը սիրի սովորելը, սովորելով սիրի…
Մենք սիրում էինք մեր դասախոսներին: Հա, մենք ընկերանում էինք մեր դասախոսների հետ ու դրա հետ մեկտեղ մենք հարգում էինք իրար, մենք չէինք վախենում մեր դասախոսներից: 
Հա, ես գովում եմ Բրյուսովը, որովհետև ես Բրյուսովից էի: Հոգով ու սրտով, մտքով ու նվիրումով, ես ամեն օր ու ամեն պահ նշում եմ՝ ես բրյուսովցի եմ: Հետո ինչ, որ դրանով ուրիշները հասկանում են՝ ես մաթեմատիկա չգիտեմ, ես ուշ եմ հասկանում: Ես հո գիտեմ՝ էդ ինչա նշանակում (ես մաթեմատիկան մոռացել եմ, ես չեմ հասկանում 😀 )
Տենց բաներ…

#SyuneciBlog

Չոր էր ու անապատային: Հոգի էր ու արև: Սեր էր, թե հորինվածք՝ գիտի միայն հորինողը: Ես կողքից նայող էի՝ կարճատես: Ես կողքից ծիծաղող էի՝ լուրջ ու հումորի զգացումից զուրկ: Ես կողքից կարդացող էի՝ անգրագետ: Ես կողքից նվագող էի՝ առանց երաժշտական կրթության: Էնքանով կապ ունեի էդ պատմության հետ, որքան միջնադարը մեր օրերի, որքան էդ պատմությունը՝ իմ: 
Չոր էր ու անջուր: Անձրև էլ չեկավ: Ձմեռ էր ու սառույց: Սառած էր ու ցուրտ: Կարոտ էր, թե եսասիրություն՝ գիտեմ մենակ ես: Ես էլ լռում եմ ու չեմ ասում: Հարցրու: Հարցնում ե՞ս: Չեմ ասելու: 
Չոր էր ու հողոտ: Ճանապարհ էր ու փոշի: Ոչնչի ու կապույտի խառնուրդ: Սպիտակ էր ու անվադողերի հետքեր: Հիասթափություն էր, թե կորուստ, ներքուստ էր, թե ցուցամոլություն՝ գիտի մենակ ցուցամոլը: Ես հեռու էի էդ ճանապարհից էլ, էդ փոշուց էլ, ես անիվների տակ էի, ու լավ էլ ջարդվեցի: Մինչև վերքերը լավանան, անձրև էլ կգա, ճանապարհն էլ կմաքրվի, փոշին կվերանա, ամպերը հետո կցրվեն:
Ամպերի գալուց առաջ չոր էր ու անապատային: Ամպերի գնալուց հետո դարձավ ցեխ ու ավազ: Էս պատմության հետ չսազող իրավիճակ ստեղծվեց, որ պետք էր չորացնել, դարձնել սազական, կամ էլ թողնել ու գնալ: Ես էլ լավ կոշիկներ ունի, որ հենց գնալու համար էին հարմար: Սև էին, արդեն փոշոտված: Սպիտակ անձեռոցիկով, որ մի թեթև թրջել էի, մաքրեցի կոշիկներս, որ հեռանալուս ճամփան չկեղտոտեմ: Հեռացա:
Անիվների հետքերով գնացի հետ: Հեռուն չէի նայում, նայեի էլ, չէի տեսնելու՝ կարճատես եմ: Լուրջ-լուրջ գնում էի՝ հումորի զգացումից զուրկ կենդանի: Երաժշտություն չկար, ես երգեր չեմ սիրում: Ցուցանակներին չնայեցի՝ անգրագետ եմ: Քայլեցի, գնացի, կորա: 
Հիմա, եթե փնտրես, սպիտակ ու թափանցիկ զգեստով հոգի եմ: Թեթև եմ ու անթև: Կարճ եմ ու կիսատ: Սփրթնած ու շփոթված եմ: Աչքերումս դու կաս, որովհետև հեռուն չնայեցի էլ, որովհետև կարճատես եմ, որովհետև գրած տառերը չէի կարդում՝ անգրագետ եմ ու կորած: Ու եթե անունս ես ուզում, ես գրել չեմ կարող, կարող եմ ասել: Անունս նվագել չեմ կարող, միայն կարող եմ ասել: Կարող եմ միայն արտասանել, որ լսես: Եթե մոռացկոտ ես, գրի առ: Եթե հետո ձայնս կարոտելու ես, ձայնագրիր: Եթե փնտրելու ես հետո ինձ, մոռացիր անուս: Ես գնում եմ հետ չգալու համար: Ես գնում եմ, որովհետև էստեղ կոշիկներս կեղտոտվում են, իսկ ես հենց նոր դրանք մաքրել եմ սպիտակ անձեռոցիկով: Անունս գրեցի՞ր, ձայնագրեցի՞ր: Ես գնացի: Կմնաս: 

Քայլերով

#SyuneciBlog



Անձրևը կաթաց ուղիղ ներքևի շուրթիդ: Շոյեց: Հարվածեց: Հույս ունես, որ հարվածելու պատճառ չուներ. ոչ մի վատ բան չես արել: Ուրեմն շոյեց: Ձեռքերդ խանգարում են միշտ: Ավելորդ են, չգիտես՝ որտեղ դնել: Ստիպված խաչում ես իրար, սկսում մատներդ ջարդոտել: Չի կարելի: Փոքր ժամանկվա անընդհատ ասվող խոսքերն ես հիշում՝ չի կարելի, որ մեծանաս, ձեռքրդ կդողան: Ավելի հաճույքով ես սկսում ճտճտացնել մատներդ. չարություն ես անում: ՈՒզում ես հակառակվել, ուզում ես վատ բան անել ու չարաճճի ծիծաղով փախչել: Ուզում ես խուսափել պատժից: Արդեն պատժվել ես՝ չարածիդ համար. ախր անձրևի կաթիլը չէր շոյում, հարվածում էր: 
Մատներդ ճտճտացնում ես, որովհետև առանց դրա էլ դողում են: 

Մեծերը չգիտեն, որ ձեռքերը դողում են ոչ թե ճտճտացնելուց, այլ կորցնելուց։ Ոչ թե ճտճտացնելուց են ձեռքերը դողում, այլ ձեռքերը դողում են վախից, հուզմունքից, անուժ լինելուց, հանձնվելուց դողում են ձեռքերը։ 

Երկինքն էնքան մուգ է, որ մութը պայմանավորվածից շուտ ընկավ։


Ուզում ես էդ ամպերի նման կտրվել երկրից ու փռվել երկնքով մեկ։ Ուզում ես փոքր ժամանակվա պես երկու ձեռքդ հենել աթոռներին ու ոտքերդ կտրել երկրից։ Էդ ժամանակ սավառնում էիր չնայած, որ հինգ սանտիմետր էիր բարձր տախտակներից։ 
Մթության մեջ մատներդ ճտճացնելով առաջ ես գնում ու արդեն քիչ է մնում, հիմա կհասնես: Հասար. պետք է ծալես մատներդ՝ սովորականի պես, որ թակես դուռը:


պատմություն

#SyuneciBlog
Բարի օր։ Ես վերնագիրն եմ։ Դու հիմա կարդում ես միայն վերնագիրը, դու չես նկատել, որ պատմությունը չի սկսվել ու կասկած անգամ չունես, որ միգուցե այդպես էլ չսկսվի ու դու ոչ մի պատմություն էլ չկարդաս, քանի որ ես դեռ վերնագիրն եմ։ Ես միքիչ տարբերվում եմ իմ նմաններից։ Նրանց մեծ մասը միբառանի են, ես արդեն քանի նախադասություն է ձգվում եմ, իսկ վերջս չի էլ երևում։ Տես մեկ ուրիշ նախադասություն սկսվեց, բայց պատմությունը դեռ չկա, դեռ ես եմ` վերնագիրը։ Գրողս ինձ միքիչ չի հարգում, եթե հարգեր, գոնե անունս մեծատառ կգրեր` Վերնագիր, իսկ եթե ինձ մեծ կարևորություն տար, չէր ալարի ու ՎԵՐՆԱԳԻՐ կգրեր։ Ես սիրում եմ, երբ թավ տառերով եմ գրված լինում ու գլխատառերով։ Գրողս չի սիրում վերնագրեր ու ոչ էլ կարևորում է դրանք, դրա համար էլ ոչ մի անգամ չվերնագրեց ոչինչ։ Իրականում ես հենց նոր ստեցի։ Ճիշտն ասած` ես իրեն էդքան էլ չեմ սիրում ու սկսել եմ բամբասանքներ տարածել իր մասին։ Թող վերնագրին հարգել սովորի, ես էլ իր մասին ստեր չեմ փչի։ Իսկ եթե ճիշտն ես ուզում իմանալ, ես եմ իրեն նեղացրել։ Դե հենց ես չէ` իմ ընկերներն ու բարեկամները։ Քանի անգամ վերնագրեց ինչ֊որ բան (դե հա, ես բայ տեսակ էլ ունեմ) ու սխալ դուրս եկավ։ Ոչ մի անգամ ոչ մի պատմությունը ճիշտ վերնագրով չշարունակվեց։ Պատմության վերևում գրեց` Գտնելիս, կորուստ դուրս եկավ։ Վերնագրեց` Գարուն, գրեց ցրտերի ու պաղ օրերի մասին։ <<Ժպիտը>> պատմության էջերը չէին երևում. թանաքը արցունքներից լղոզվել էր… Հասարակական վայրերում չեմ սիրում ուրիշների կյանքի պատմությունից խոսել, դրա համար կլռեմ հիմա, բայց իմացեք, որ գրողս հեչ էլ մեղավոր չի, որ չի սիրում վերնագրեր ու վերնագրել։
 Ես քեզ ուզում եմ հիշեցնել, որ պատմությունը դեռ չի սկսել, ու դու դեռ վերնագիրն ես կարդում։ Գիտե՞ս` էսօր գրողս պատմություն գրելու տրամադրություն չունի էլ։ Էնպես որ էսօր բացառություն կանի։ Միշտ պատմություններն է թողել անվերնագիր, հիմա էլ թող վերնագիրը մնա առանց պատմություն։

am-pm

#SyuneciBlog
Սուտա, թե դու ամեն ինչ անելուց առաջ նախ մտածել ես, գցել-բռնել ես, թե դու ամեն ինչ կատարյալ ես անում ու արել… Հազար ու մի սխալ եմ գտնում, չորս տարեկան երեխան էլ սխալներ կգտնի արածներիդ ու ստեղծածներիդ մեջ, սուտա թե դու միշտ ճիշտ ես:

Օրինակ՝ ինչի մենք չենք կարողանում փոխել մեր ագրեգատային վիճակները, ինչի՞ չենք ուզած պահին հեղուկանում ու հոսում, կամ ցնդում-գոլորշանում: Ինչի՞ ենք էդ ամեն ինչը մենակ հոգով ու հոգուց անում, ինչի՞ ենք երազում կանգնած տեղում ուղղակի ցնդել ու չլսել ափսոսանքի վերջին բառերը, ինչի՞ չենք կարողանում ջուր դառնալ, հոսել-հեռանալ, կամ էլ ողողել ու մեր մեջ խեղդել մեզնից հեռացողին:

Ինչի՞ չենք կարողանում ուզած պահին օդ դառնալ ու լցվել թոքերի մեջ՝ ծխի փոխարեն, որ որոշի էլ չծխել, որովհետև թոքերը լիքն են մեզնով, որովհետև էլ նիկոտին պետք չի, որովհետև մեզ ունեն:

Ինչի՞ ոչ մի կերպ, ոչ մի ձև չի ստացվում ծարավ հագեցնել…ինչի՞ չենք կարող լցվել բաժակի մեջ ու նստել մահճակալի կողքին դրված պահարանին, ամբողջ գիշեր ապշահար ու երազկոտ նայել՝ ոնցա քնած ու մեկ էլ վեր թռնել, երբ կարթնանա, հոսել կոկորդով մեկ, հագեցնել ծարավն ու միասին երազ տեսնել:

Ինչի՞ չենք կարող ալիք դառնալ, խաղալ ավազների հետ, փոթորկվել, հասնել ափին ու խուտուտ տալ ծովափին տխուր քայլողի  ոտքերի տակից, հիշեցնել, որ մենակ չի, որ ալիքներն իր հետ են:

Ինչի՞ ենք պաղ ու պինդ էակներ, ինչի՞ ջրի պես պարզ ու ինքնամաքրվող չենք, ախր ինչ վատ կլիներ, որ օդի պես ամենուր ու ամեն ժամ լինեինք, որ հարկավոր լինեինք, որ անհրաժեշտ ու կարոտվող լինեինք…
Ինչի՞ չես անելուց առաջ մտածել: Դու կատարյալ չես, դու խաբել ես մեզ:

Ուշոտ

#SyuneciBlog

Բռնակներից կախված ձեռքեր ու ոչինչ։ Չէ, կներեք, մոռացա` ուսեր` հրող, արհամարհող, նեղացնող, աջ ու ձախ իրար խփող ուսեր։ Ուսերի վրայից էլ (դե էդքան ասացի, սա էլ ասեմ) իրար թարս֊թարս նայող, կծող, ատող աչքեր։ Ծանո՞թ է։ Դե իհարկե. ո՞ր մեկս երեկոյան պահածոյի նման ճզմված ու քիփ֊քիփ լցված ավտոբուսով տուն չենք գնացել։ 

Մեկը կա` ոտքի վրա քնել է արդեն, մեկն էլ` ամեն մտնողին տեղ զիջեց։ Հենց նստում էր, մի պոտենցիալ հարգվող մարդ էր բարձրանում ավտոբուս ու էն հայտնի կատվի նման աչքերով էնպես նայում էս քաղաքավարի անձին, որ վերջինս իրեն էնքան մեղավոր էր զգում, որ աշխարհը գնում է, ինքը նստած է հետևում, էս կատուն՝ կանգնած։ 


Մեկը կա` ինչքան հարց ու խնդիր, ինչքան բանակցություն ու կռիվ ուներ, էդ քառասուն րոպեի ընթացքում հասցրեց։ 


Կախիչներից բռնված ձեռքերից մեկը ուսերի միջից գոռում է` 

 Մորքուր ջան ստանում եմ, չստանաս: Քուր ջան մի րոպե անցնեմ…. Հոպար ջան, ստե մի տե պաի իջնենք։ Մտքովդ անցնում է՝ այ տղա, էս ավտոբուսի մեջ բոլորը քո բարեկամներն ե՞ն…բայց լռում ես. դե ի՞նչ կա խալխի տղայի ասածներին մեկնաբանություններ ես անում: 


Տխրեցինք. հոպարը տրամադրություն չուներ ու մի տեսակ մերժեց եղբորորդուն. 


Հոպարը թե` կանգառում կկանգնեմ կիջնեք, ստե կանգառ չկա։ 


Կախիչից բռնված ձեռքը նեղացավ։ Կանգառ հասանք թե չէ, էդ կոպեկը շպրտեց վարորդի ձեռքի մեջ, որ քենն ու վրեժը հետը գերեզման չտաներ ու քթի տակ մրթմրթալով (ջահել էր է` դե վարորդի համար ախպոր տղա էլի) իջավ։


Փսփսոցներ ու շշուկներ սկսեցին տարածվել նստարանների արանքում, բռնակների միջով, ուսերից բարձր, որ եթե էդ նույն տեղից ինչ-որ մեկը կանգնեցներ, որ  նստեր ավտոբուս, վարորդը հաստատ կկանգներ: Դե հա՝ պոտենցիալ հարյուր դրամը ինչու պետք է անտեսեր ու գնար: Բայց քանի դեռ նման դեպք չի պատահել, անհիմն մեղադրանքները եկեք թողնենք նստարանների մեջտեղում ու բռնակների մեջ:


Անցանք ու տեղ հասանք: Վարորդին պարզեցիր գումարը ու չկարողացար ուղղակի անտեսել մրոտ ու սև ձեռքերը:

<<Է՜ հոպար, ձեռքերդ ջրի տակ պահելու ժամանակ չունես, էդ սևերը մաքրելու ժամանակ չես գտնում, ով-ոնց ուզում՝ դիմում է, ով-ինչ բարեկամ ունի՝ նրան է նմանեցնում, ով կարողանում է՝ հետևի դռնից թռնում է առանց էդ հարյուր դրամանոցը մրոտ ու սև ձեռքիդ մեջ թողնելու: Ամենքը մի ձև ունի ավտոբուս նստելու, իջնելու, ավտբուսը կանգնեցնելու, կամ խնդրելու, որ սպասես միքիչ…Կյանքի պես էլի, հոպար, ապրելու նման>>: 

Շաբաթ օրը` 8ին

#SyuneciBlog

Ես արթնացել եմ։ Քաղաքը դեռ քնած է։ Քաղաքը դեռ կարթնանա միքիչ ուշ։ Հիմա, եթե համաձայն ես, արի մեզ մի քիչ հանգիստ ու խաղաղ պահենք, որ չարթնացնենք քաղաքին։ Էսօր շաբաթա։ Քաղաքը էսօր կարող է իրեն երկար ու անհոգ քուն թույլ տալ։ Կարող է ռեժիմից սովորած` կիսաբաց անել աջ աչքը, հիշել, որ էսօր շաբաթա, դեմքը խոթել վերմակի տակ ու նոր երազների հույսով նորից քուն մտնել։ Դե մենք էլ, որ քաղաքի պես չենք հանգստանում, էն էլ շաբաթ օրերին, պետք է միքիչ խիղճ ունենանք, լուռ մնանք ու միայն կողքից` սիրահարի նման հետևենք մեր քնած քաղաքին։ 

Ականջներումդ Կատուների օրորն է։ Իսկական օրոր, երկրորդ ամենալավ օրորը, որ լսել ենք` մեր մամաների օրորից հետո։ Էդ լսում ես, որ քաղաքի տրամադրության մեջ լինես, որ չձանձրանաս` մինչև քաղաքն արթնանա, մի բաժակ սև ու դառը սուրճ խմեք ու սկսեք օրը։ 


Պատուհանը բացվեց։ Խառնիխուռն մազերով մի կին կախվեց պատուհանից։ Քեզնից էլ, քաղաքից էլ շուտ արթնացել ու լվացք է անում, որ քաղաքը արթնանա ու մաքուր լվացված շորեր ունենա։ 


Մինչև երթուղային նստելդ հիշում ե՞ս հացի հոտը, որ տարածվել էր կանգառի մոտի փռից։ Քաղաքը կարթնանա ու հենց նոր թխած հաց կունենա ուտելու։ 


Ծաղկավաճառ կինը դույլերով ջուր էր տանում, որ քաղաքի տղան ու աղջիկը էսօր թարմ ու անուշ յասամաններ ունենան։ Հեսա միքիչ հետո քաղաքի սենյակը յասամանի հոտով կլցվի։ 


Անցումի մոտ բանջարեղեն ծախող պապիկը ավելով, հետո էլ ջրի շիթով մաքրում է տարածքը, մի կերպ թռար, որ քեզ էլ չթրջի։




-Ստե մի տե պահի, հոպար ջան…


《Թու~…այ տղա, չասացի՞` միքիչ կամաց. քաղաքը դեռ քնած ա》։


Հասանք տեղ։ Իջա, տեսնեմ` քաղաքն արթնացել է արդեն։ Դե ով է կարողանում ազատ օրերին քնել… 

Բարի Լույս, Երևան, Լիլիթը լսում է…

Երթուղի

#SyuneciBlog


-Եկեք, եկեք նստեք։
-Չէ, չէ։ Վայ, ամոթա։ Նստեք։ Ինձ հարմար է էսպես։
Ամենօրյա խոսակցություն, որ հարյուր հազար անգամ լսել ու լսում ենք, քանի դեռ Հայաստանում ենք։ Լսում ենք, քանի որ հայ ենք ու ինչքան էլ իրար թարս ենք նայում, ինչքան էլ մերն ենք առաջ տանում, արյան էն կաթիլը, որ պատասխանատու է մեծին ու փոքրին, օրիորդին ու պատանուն, կնոջը ու տղամարդուն հարգելու համար միշտ ակտիվ շրջապտույտի մեջ է ու արթուն է պահում մեր բոլոր բջիջները։
Էս անգամը տարբեր էր։ Նստել առաջարկողը մի ծեր մարդ էր, իսկ ոտքի վրա, ծանր պայուսակը ուսին մի աղջնակ էր կանգնած, որ արդեն սովոր ու ճարպիկ երկու նստարաններից բռնեց ու մտքում միայն ափսոսաց, որ էլի չի կարողանալու կարդալ ճանապարհին։
Լռեցին։ Երկուսն էլ գոհ էին խոսակցությունից։
<<Ինչ շնորհքով աղջիկ էր>>։
<<Այ քեզ ջենտլմեն>>։
Աղջկա աչքն ընկավ պապիկի ձեռքերին. յոթգույնանի, կապտած ու դեղնած եղունգներ։ Հիշեց` հաստատ ծանր գործ է արել ու անում, ոնց է ցավացել, ոնց է տարել ցավը։ Ճաքճքած ձեռքեր, սպիների տակ մատները չէին երևում։ <<Հաստատ շատ սիրուն է եղել ջահել ժամանակ>>։
<<Տեր աստված ինչ էլ նման է, այ հիմա եմ նկատում։ Նա էլ էր էսպես ամոթխում, հենց մի բան էիր ասում` լավ կամ վատ, թե չէ երբ եմ վատն ասել, ով էր մեղավոր, որ մինչև վերջ էլ չհասկացավ, որ երկուսս էլ մենակ ենք առանց իրար, երկուսս էլ իրար համար ենք, չհասկացավ, լռեց, թողեց-գնաց։ Լռությունը, էդ անտեր լռությունը, մտքի մեջ ասված բառերը, տենց էլ չհասկացավ, որ բառերը բարձր ասելու  համար են, մեջը պահելն օգուտ չի տա…հպարտություն…անիմաստ…>>։
Տվեք Ձեր պայուսակը պահեմ, ծանր կլինի։
Շնորհակալ եմ շատ,-խառնված ու շփոթված ասաց օրիորդն ու  պայուսակը վախով դրեց պապիկի ծնկներին;
-Տնաշեն. Էս ինչ ես տանում էսքան ծանր։
<<Ինչ պետք է տանի…գրքեր են հաստատ>>։
-Գրքերս են։
Պապիկը գլխով արեց ու կնճիռների միջից բազմանշանակ ժպտաց։ Էն որ կնշանակեր` էդպես էլ գիտեի, ուրիշ ինչ պետք է լիներ…
<<Մի օր էլ մենք էսպես կմեծանանք։ Մի օր մենք ենք ծերանալու։ Ինքն էլ հաստատ մի աղջկա կառաջարկի պայուսակը պահել…Սկսվեց էլի… Չէ, չեմ գրի։ Չեմ էլ զանգի։ Ես հպարտություն ունեմ…>>
-Կանգառում կանգնեք։
Մտքերը կիսատ մնացին։ Տեղ հասավ։ Պապիկի ձեռքից վերցրեց պայուսակը։
-Պապի ջան, ձեր փոխարեն նույնպես վճարեցի։ Կիջնեք։
-Խայտառակա էս աղջիկը։ Ի՞նչ կարիք կար Մանե ջան…


֊Մանե՞։ Ես Լիլիթն եմ…

#էսօր

#SyuneciBlog

մի կողմ դնելով առանց բառերի
ասված խոսքերդ՝
ես շտապում եմ անցյալ՝
բերելու ինչ որ ունեինք
ու ճանապարհին՝ հետ գալու համար,
թողնում եմ կաթ-կաթ արցունքներ,
որ չկորեմ,
որ առանց բառեր ասված խոսքերդ
անցյալից բերեմ:
գնում եմ անցյալ:
անցյալում կայիր,
գնում եմ, որ լինես…

նորը

#SyuneciBlog

Ես կմեռնեմ դանդաղ,
բայց կմեռնեմ հանկարծ
ու այն պահին
երբ ամենաքիչն ես պատրաստ
մահիս: