Հեղինակների պահոցներ՝ սյունեցի

եսասերի մեկը

#SyuneciBlog

քերել պատերին
որ չգոռալ
լռել
թե նրանք այնքան անկերպ են.
կույր համակերպվել:

սարքել ձևացնել
հա, ծիծացել,
կամ
քըմծիծաղել, թող չտարբերեն
թե դու նույնից չես
նույն գույնից չես
թե շատ տարբեր ես:

թող հավատան
թե հավատացիր
թե դուրդ եկավ որ դու
լռեցիր
թող հավատան թե իսկություն է…

մի տեղ էլ հատավ համբերությունդ:

գոռացիր  առանց պատեր քերելու
գնացիր առանց պահեր ներելու
ոտքով…

սպասի մի բան էլ ասեմ

#SyuneciBlog

…մի օր էլ չարթնացանք…

իրականում իրականությունը բարդ չէ, եթե մենք նայենք ուղիղ աչքերի մեջ, առանց վարագույրի հետևում թաքնվելու: իրականում իրականություն չկա, երբ մենք առանց վարագույրի հետևում թաքնվելու նայում ենք իրար աչքերի մեջ: էինք: նայում էինք: իրար աչքերի մեջ նայելը իրար գլխի սարքելու պես մի բան էր, իրականության պարագլուխներից դուրս գրված, պատերին քերված ու անտիպ…իրար աչքերի մեջ նայելը սխալ էր: իրար աչքերի մեջ նայելը չափից դուրս ռոմանտիկ էր, մենք էլ ռոմանտիկ ջահելներ չէինք, մենք միքիչ ավելի դաժան էինք, իրար տանջելու համար իրար հանդիպած, իրար համար ամենացավոտ թակարդները լարած: մոռանալու չափ հեշտ էր ու մոռացնելու չափ դժվար էր իրար աչքերի մեջ նայելը: ես հեչ, դու ես կարևոր ասելը ստելու նման սիրուն էր ու ստելու նման անտանելի: մոռացումը մոռանալուն կամ մոռանալը մոռացումին տալը դարեր չէ, բայց տարիներ կպահանջի: ինչքան ձյուներ ու ինչքան արևներ պետք է դեռ լցվեն էն փոսերում, որ բացվել են լռելուց, հեռանալու քայլերից: դարեր չէ, բայց տարիներ պետք են: իսկ իրար աչքերի մեջ նայել ենք….երկու րոպե տասնչորս վայրկյան… եղանակն էլ ձմեռ էր, ժամանակն էլ դրսի ձյուների նման սառած:

….մի օր էլ թարթեցինք…

…սլաքների մեջ իրար մաղթած կյանքերը սպառվեցին կամ էլ սպառեցինք…մենք հեչ, ժամանակն էր մեղք, գոնե թող ինքն ապրեր սլաքների հետ երջանիկ ու ժպտուն: մենք հեչ, աշխարհը թող ապրեր գոնե: մենք հեչ, դու ապրեիր գոնե…

երեկ

#SyuneciBlog

քառակուսի աթոռը ճոճվում էր
հատակը հարթ չէր
քարոտ
ճոճվում էր աթոռը
ոտքերս շոշափեցին հատակը
ողջ մակերեսով
երևացին եղջերուները սայլակին լծված
սլանում էր սայլակը
անծայրածիր տափաստանով
մրսեցի
հատակը քաշեցի ուսերիս
ցուրտը անցավ
անցավ եղջերուների նման
ծուխը շատացավ ու կուլ տվեց ամենը
մթնեց
ձայները շատացան
երևացին երկնքից իջնող ափսեի լույսերը
աթոռը դեռ ճոճվում էր
ես չէի մրսում

արթնացա…

է

#SyuneciBlog

դու իրեն չես տեսնում, բայց ինքը կա…օդում է, կամ հենց ինքն է օդը…հենց առավոտյան կամ կեսօրին…երբ արթնանում ես, առաջինը իրեն ես շնչում…ծարավով քաշում, կլանում ես իրեն քո մեջ ու տանում քեզ հետ ուր էլ որ գնաս…երթուղայինում օդը հաճելի չի, ու դու թաշկինակով փակում ես քիթդ, որ էդ վատ օդը իրեն չխառնվի…դու պաշտպանում ես իրեն, որովհետև ինքը քոնն է, ներսումս է, ներսինդ է…
Առավոտվա սուրճիդ հետ ներս ես քաշում ծխախոտի ծուխն ու խառնում ներսդ, հետո հիշում ես, որ ինքը սիրում էր ծխախոտի ծուխը ու մի անգամ էլ ամբողջ ուժով լցնում ես թոքերդ՝ արդեն իր սիրած ծխով…
օրվա ընթացքում ինքը կանգնում է քո առաջ, պատասխանում բոլոր հարցերիդ, ու խնդիրներդ թվում են առավոտվա ծխախոտիդ մնացորդների նման փխրուն…
հետո, երբ նույն երթուղայինով արդեն տուն ես գալիս՝ թաշկինակով քիթդ փակած՝ իրեն պաշտպանելու համար, մի շիշ գարեջուրը կամ մի բաժակ գինին գրկում ես, իրեն թեյ ես լցնում ու….նորից ագահորեն ներս ես քաշում օդը, որովհետև օդը քոնն է, ու էլ ոչ մեկինը….


մի օր ծխի նման ու ծխի հետ ինքը հեռանում է քեզնից առանց թեյը խմելու ու քեզ մի քանի րոպե է պետք, որ հասկանաս, որ արդեն մենակ ես տանը: 


չլսվեց…

#SyuneciBlog

…հետո օրերը սահեցին
մաշեցին եղանակից եղանակ
աշունը եկավ պահեց իր
պատմությունը չոր տերևների տակ…

…մոլորված ձայները քամին բերեց
ու հանդիպեցին կանգառում դատարկ
կարոտը սպասումին անդարձ չներեց
բառերը լսվեցին պարզ ու հասարակ…

…ամեն մեղեդի մի օր է բերում
շարֆի պես ամուր փաթաթում վզիս
աշունը եկավ բախտս չի բերում
վերցրածդ կյանքս բերես, հետ տաս ինձ…

մենակ մի թող ինձ

#SyuneciBlog

էս քաղաքում ինձ մենակ մի թող շենքերը հետս չեն խոսում ու չեն էլ լռում շենքերը բամբասում են մեզնից… իրար մոտեցրած դեմքերը խոսում են տեսածից լսածից- մի աղջիկ լացելով հեռացավ մի տղա քաղաքից նեղացած բանալին դռան մեջ պտտեց ու թողեց. երևի չի գալու մի ծերուկ տատիկին իր թաղեց գնաց գերեզման սգալու սպիտակ երիցուկներ առավ ու ատեց մահին որ պառավ իր սերը փախցրեց ու տարավ… մի անշոր ու կեղտոտ խեղկատակ երգում է թևի տակ ջութակը լարերը պոկվել են արևից երգում է գնացած օրերից ու հիշում ոնց թողեց իր սիրուն ու ասաց որ մի օր չի սիրում ու պատմում թե հետո մոռացան անցածը նորից միացան ապրեցին երջանիկ օրերով ժամերը լցնելով սիրելով ու մի օր սահեցին ժամերը ծերացավ իր ջահել արևը աչքերը փակեց ժպիտով ու գնաց մի աշխարհ մի տաքուկ իսկ ինքը ջութակը թևի տակ սրտում սեր աչքերում թաց կարոտ տարավ սպիտակ երիցուկ…

օգոստոսի վերջ

#SyuneciBlog

ես կկորեմ դանդաղ
ու կկորեմ մի օր
գրչամանիդ կանաչ գրչի նման
որ վերցնում էիր
էջերդ միքիչ գունավորելու համար


գարունը կրկնվում է նորից
ամենասկզբից
աշուն է գալու արդեն
ու կլրանա տարին
երբ վաճառողից մանրի փոխարեն
կանաչ գրիչ առար…


չեմ ուզենա տեսնել
մատներդ այն պահին
երբ գրչամանի մեջ

չգտնես կիսատ կանաչ գրիչը…

Family event (She’s leaving to be back)

#SyuneciBlog
Time flies. Yep, this is a world famous truth, but sometimes we forget about it and we can only take it into consideration after feeling it, after touching it. It seems as if it was yesterday that we were informed about your leaving to Germany. Okay, eight months past and in two days you are gonna put your ticket in your passport, get on the plane which is planned to take you far from Armenia. 
Every leaving is a start of a new return. I’m really sure that your return is not gonna be late. At least a year. We’ll be waiting for you here. Because here we have a song that means a lot to us. 
You know that you are different to us, one of the best members of our little family, the one with the great sense of humour and first of all SARCASM. The one who never hesitates to tell the truth on the face and the one who doesn’t like to give a hug (OKAY lately you’ve changed a bit). 
These words seem to be empty because none of them describes the feelings I keep inside. None of them shows the goosebumps and none of them shows my pride seeing you heading to the way to the best future, the one you deserve. 
The only thing I wish you are keeping the sense of humour and staying the same sarcastic MOROSE as you are. Please, be back and please don’t make me leave everything here and come there to give you the hug you hate. 😀 

օգոստոսին

#SyuneciBlog

***
Սենց մի թեթև քմծիծաղոտ 
ես մեկա առաջ եմ գնում 
գիտեմ, որ փշերը ծակելու են.
բոբիկ եմ ոտքերս դնում
փուշը չի հիասթափեցնում, ծակումա
ու ոտքս վեր եմ քաշում բնազդաբար ,
դեմքիս ծամածռություն չկա. ուժեղ եմ
ցավ չկա՝ ոնց էն ժամանակ չկար…
Տենց մի թեթև քմծիծաղոտ
ինչ որ երգեր եմ քթիս տակ հորինում
ֆալշ են երգերս ցերեկվա պես
Գիշերնա երգերս գրում:



***

էլի հավերժ է
էլի կանք նորից
թեկուզ դու մերժես՝
մեկն ես բոլորից:

ուզում ես հիմա փաթաթվիր, սուզվիր
մթության թելով կարված ծածկոցում
ստիպիր չնայեն, քեզ համոզիր
որ դուռդ բաց է, մենք ենք մեզ գոցում…
էլի հավերժ ես,
ու թեկուզ մերժես,
ու թկուզ հազար ծածկոցով փակվես,
թե մթության մեջ կորել ես ուզում,
պետք է արևի շողերից հագնես…

***
նույն երգը լսում եմ մի քանի անգամ
հետո սկսում եմ քթիս տակ ձայնակցել
մոռացած տեղերում ուղղակի
լռում եմ
ծառերը հարցնում են ուր եմ գնում
իսկ ճանապարհի վերջում արևամուտ է
ես պիտի հասնեմ մինչև մութն ընկնելը
նույն երգը լսում եմ մի քանի անգամ
ու ձանձրանում եմ մոռացածս երգելուց
ծառերը հարցնում են թե ուր եմ գնում
ես փակում եմ ականջներս…



***

ես նայում եմ ինքս ինձ
բայց ոչ հայելու մեջ
ու զգում եմ ձեռքս
որ դառնում է բռունցք
ու գնում է թակելու անցյալի 
բաց դուռը…

ես նայում եմ ինքս ինձ
հայելու մեջ
ու զգում եմ ձեռքս,
որ դողով ուղղում է մազափունջը
որ լցվել է ճակատիս
դեռ անցյալից…
ես նայում եմ ինքս ինձ
աչքերիդ մեջ
ուղղելու ոչինչ չկա
կատարյալ եմ
ենք…
***
ճայերը իջնում են ջրերին
իջնում են ձկներ բռնելու
հանել եմ թղթեր ու գրիչ
մեր կյանքը թղթին գրելու
ճայերը հեռվում մնացին
մոտ չեկան որ պատմեմ խոհերս
կերակուր գտան գնացին
խոսեցինք ես ու թղթերս
ալիքներ եկան ափին մոտ
շոյում են խաբում են հեռանում
ճայերը լճից ալիքոտ
ձկներ են բռնել բերանում
քո մասին հիշում եմ լոկ մի պահ
երբ ալիքն ափին է զարնվում
չցավի թող ներսդ բնավ
ինձ ափին եմ միայն նմանում
ճայերը ջրերին են իջնում
ձկներ են բռնում ճայերը
թղթերս ալիքը թրջում
թղթերս տանում եմ ջրերը…

Հեռվացած մոտիկություն

#SyuneciBlog
…ծառերը խշշացին. կամ ինչ-որ թռչուններ դուրս եկան ձագերի համար կեր բերելու, կամ էլ քամի էր վերևներում: Չգիտեմ, բայց ջութակիս ձայնը մի պահ խլացավ խշշոցից ու ավելի նուրբ հնչեց: Բնությունը ոչ մի դեպքում չի խանգարում երաժշտությանը, եթե ավելի լավը չդարձնի, գոնե չի փչացնում: Երևի ստացվում է՝ մի երկու նոտա էլ ավելացրի արդեն մի շաբաթ սկսած գործիս ու նորից նվագեցի սկզբից: Մի բան պակաս էր…ծառերի խշշոցն էդ պահին չկար: Ինչ արած. շարունակում եմ նորից խզբզելը, գրիչը ատամներով պահում, մի երկու անգամ նվագում, նորից գրում եմ, նորից ջնջում եմ…Պետք է ավարտել ու պատրաստ լինել հաշվետու համերգին: Պետք է կանգնեմ բեմի ամենակենտրոնում, պետք է դահլիճի լույսերն անջատվեն ու մի շողք իջնի վրաս՝ բեմի կենտրոնին, պետք է լռեն բոլորը  ու շունչները պահած լսեն…Կհագնեմ մետաքսե, նուրբ վարդագույն զգեստս՝ մայրիկի գործած ժանյակներով, ու կկախեմ հայրիկի նվիրած կիսալուսինը: Նվիրեց տասնհինգ ամյակիս: Ծառերի խշշոցի նման հիշում եմ. վզիս կախելիս ասաց.
-Կիսալուսնեցիր, տասնհինգդ էլ լրացավ: 
Կժպտամ, թող աչքերիս մեջ չերևա էն հոգնությունն ու անքուն գիշերները, որ կմնան արդեն անցյալում: Աչքերով կժպտամ, թող մտածեն՝ ինչ ուրախ աղջիկ է, ինչ սիրուն, ինչ նրբաճաշակ ու տաղանդավոր: Թող բեմին միայն պայծառ աչքեր նայեն, թող վերջում բոլորը ԲԻՍ գոռան, ես էլ առանց երկմտելու երկրորդ անգամ էլ հոսեցնեմ հնչյունները…
Ծառերի խշշոցը պակասում է…կիսատ է ինչ-որ բան: Երևի բեմի կենտրոնում ընկած շողքը կլրացնի բացը: Գրում եմ, ջնջում եմ… Մայրիկն ասաց՝ եթե հանկարծ շորդ կեղտոտվի, ձեռքով շատ նուրբ կլվանաս, սառը ջրով, որ չխամրի գույնը, որ ժանյակները միշտ պայծառ ու ճոխ մնան…Հայրիկն ասաց՝ վզիցդ չհանես մինչև լիալուսնելդ: Թե կողքիդ եղա, քեզ լիալուսին կտամ, կամ ուրիշ կիսալուսին: Մինչև չլիալուսնես, չհանես վզիցդ: 
…հանգան դահլիճի լույսերը, խուլ լսում եմ ոտնաձայներս, որ ինձ տանում են բեմի ամենակենտրոն: Մի ձեռքում ջութակս է, մյուսը կիսալուսնիս եմ դրել: Շողքը իջնում է վերևից, ջութակը դնում եմ ուսիս…դահլիճին նայող աչքերը ժպտուն են, նոտաներիս միջից ծառերի խշշոցն եմ լսում…ոչինչ կիսատ չէ,  չկա կիսատությունս….Վերջացնում եմ, դողով, բայց վստահ սահեցնում եմ վերջին հնչյունները, որ ողողվում են ծափերով ու լսում եմ՝ ԲԻՍ…երկրորդ անգամ էլ եմ ապրում ծառերի խշշոցին խառնված մեղեդիս: Խոնարհվում եմ ու առանց ոտնաձայներս լսելու թաքնվում եմ բեմի մուգ կապույտ վարագույրի հետևում: 
Ժամը տասներկուսն է դառնում, օրն արդեն փոխվում է, գնում եմ մոտակա արծաթագործի մոտ: Գնում եմ լիալուսինս գնելու, որովհետև հայրիկն ասել էր՝ թե կողքիդ եղա, կնվիրեմ…