Կարգերով պահոցներ՝ մտքեր

մտքեր

հեյ,

էս վերջերս խոսում էինք ցավը զգալու, էդ մասին խոսելու կամ դրան ուշադրություն չդարձնելու ու ուղղակի ուղեղը անջատած ապրելու մասին։

ես ցավը մինչև վերջ զգալ ու արտահայտել նոր եմ սովորել։ կար ժամանակ, որ պարզապես անջատում էի զգայարաններս ու հասա նրան, որ նույնիսկ դրական էմոցիաներ չէի զգում։

իսկ ցավը անջատում ես քեզ էդ թեմայից շեղելով, տխուր ես՝ երգ ես լսում, որ որախանաս, գիտես, որ էդ թեման քեզ տխրեցնումա՝ չես մտածում էդ մասին, խուսափում ես։

ու նոր մի միտք եկավ, ցավը անտեսելը, քեզ արհեստականորեն ուրախացնելը նմանա ջրի վրա անձեռոցիկ դնելուն։ ջուրը չկա էլ, բայց անձեռոցիկը խոնավա։

հոգ տար քո մասին

պատվերը դարձավ պատմություն

հեյ,

ես էդքան էլ վատ մարդ չեմ, ինչքան մարդիկ մտածում են, էդ պատճառով ես չեմ նշի էն խանութի անունը, որի մասին խոսելու եմ ստորև։

կայքում տեսա մի բան, որ ուզում էի պատվիրել, բայց գույները դուրս չեկան։ մտածեցի՝ զանգել ու հարցնել, թե արդյոք ունեն այլ գույն, որ կարող եմ մեկնաբանությունում նշել, որ դա առաքեն։

-բարև ձեզ էս ապրանքի այլ գույներն ունե՞ք
-մեր կայքը լավ չի աշխատում, ես չգիտեմ դուք ինչի հետ եք
*նկարագրում եմ ապրանքը
-մի րոպե դուք առաքում ե՞ք ուզում
-այո
-կասե՞ք հասցեն
*ասում եմ հասցեն
-եկեք խանութում նայեք էլի

էդ բառից հետո ուզում էի արդեն անջատել, բայց սկսում եմ ինչ-որ արդարանալ, որ դա ինձ հենց էսօրա պետք, իսկ ես աշխատանքի եմ ու չեմ կարող գնալ խանութ ու նայել։ փոխանցումա ուրիշ աշխատողի։ վերոնշյալ խոսակցությունը կրկնվումա։ ու մեկ էլ էս ավելի փորձառու (ես եմ էդպես կարծում, միգուցե էն մեկի ներվերին արդեն ազդել էի) աշխատողը՝

-հեսա ձեզ վայբերով կուղարկեմ՝ ինչ գույներ ունենք
-ես վայբեր չունեմ

աշխատողը մի տեսակ հոգոցաձայն ա հանում, ոնց որ ասեի ես առանց շնչելու եմ ապրում կամ ես օդով եմ քայլում ու սենց շատ մուննաթով՝

-օկ, վոթսա՞փ

ես, շատ ուրախացած, որ գոնե էդ մի բանով համապատասխանում եմ իրենց ստանդարտներին ասում եմ, որ վոթսափ ունեմ։

-դե հեսա էս համարի վոթսափին կուղարկեմ։

-չէ, մի րոպե, էս իմ համարը չի, ես չունեմ համար, ուրիշ վոթսափի համար կտամ։
-հա, ճշտեք, զանգեք։

ու անջատումա։

երեք հատ խորը շունչ, արտաշունչ։

եթե էդ ապրանքը հենց էսօր պետք չլիներ, հետ չէի զանգի։ զանգում եմ ու երկու րոպե չանցած ստանում վոթսափի նամակ…..նամակ չէ, ձայնային հաղորդագրություն։ Ձայնային։

հոգ տար քո մասին

«ֆեմինիստական» բողոք

Հեյ,

եկել եմ բողոքելու։

ինչի՞ կանանց չի տրվում ամսական չորս օր ավել արձակուրդ։ անարդարա։ էս հոդվածում էն երկրներն են, որտեղ կանանց տրվումա PMS-ի արձակուրդ՝ Հարավային Կորեա, Ինդոնեզիա, Ճապոնիա, Թայվան, Զամբիա։ Էս վերջերս էս ցանկին միացավ նաև Իսպանիան։ է գնանք Զամբիայում աշխատե՞նք։

ես հիմա ահավոր վատ եմ աշխատում։ էս օրերին ես ոչ կենտրոնանում եմ գործի վրա, ոչ էլ կարող եմ կենտրոնանալ։ իրանց պետքա՞ էդպիսի աշխատող։

ֆեմինիստությունը այ դու իմ համար դուռ մի բացի կամ մի վճարին չի էլի, էսպիսի կարևոր հարցեր կան, որ կին գործիչները պետք է բարձրացնեն կառավարությունում։ գրողը տանի։

այսքանը

հոգ տարեք ձեր մասին, կանայք

շատ խառը մի բան

հեյ,

նույնիսկ չգիտեմ՝ ինչպես սկսել էս բլոգը։ բանն այն է, (շատ գրականահայ եմ զարթնել) որ միևնույն ժամանակ և շաատ ասելիք ունեմ և չունեմ ոչինչ ասելու։ ու հենց հիմա ինչ գրեմ էստեղ, լինելուա իմ ADHD-ով տառապող մտքի արգասիք (ասեցի չէ՝ շատ գրականահայ)

երեկ Մետաքսի հետ քայլում էինք կենտրոնում ու Մետաքսը ամեն մի անիմաստ ազդանշանից, էն որ մեքենաները դիտմամբ գազ են տալիս ու ահավոր ահավոր անդուր ձայնա գալիս, ամենքի անիմաստ երկար նայելուց ու կարմիրի տակով փողոցն անցնելուց, կապ չունի ինչի մասին էինք խոսում, ընդհատում էր միտքը ու բողոքում էդ ամեն ինչից։ ես լրիվ մոռացել էի, որ ինքը արդեն մոտ երկու տարիա Հայաստանում չի ապրում ու ամեն անգամ մտքումս զարմանում էի՝ թե բա է նորմալա, ինչի չի խոսքը շարունակում։ ու մեկ էլ հիշեցի, որ ինքը սովոր չի, իսկ ես սովորել եմ։ ես սովորել եմ, որ գիշերվա երեքին ինչ-որ մոտոցիկլետ կարող է պատուհանիս տակով էնպիսի աղմուկով անցնի, որ մոռանամ՝ ինչ էի անում, որ մեքենաները էնպիսի ռաբիզ երաժշտությունով անցնեն, որ էդ անիմաստ երգը ամբողջ գիշեր մնա ուղեղիս մեջ ու ես սպասեմ՝ երբ եմ մոռանալու (կենացդ միշտ խմեմ, խըմեեեմ)։ ու ես հիմա չգիտեմ՝ էդ լավա՞ որ ես սովորել եմ արդեն դրան, թե՞ պետք է իմ համար էլ էդ անսովոր լինի։ մի՞թե իմ՝ էդ հիմար երևույթներին նորմալ նայելը, արդեն մի տեսակ արհամարհելը խթանումա դրանց առկայությանը։ հետո մտածում եմ՝ ես որ ամեն անիմաստ աղմուկից նյարդայնանամ, էդ ինչ-որ կերպ ազդելուա՞, ինչ-որ բան փոխվելուա՞։

Սարյանով ավտոբուսի գիծա անցնում։ Սարյանով, որ կես մետր լայնությամբ ճանապարհ կա։ Կամ կարողա գիծ չի, ես վստահ չեմ, բայց անընդհատ ավտոբուսներ եմ տեսնում։ էս ճանապարհը էնքան նեղա, որ էստեղից պետք է մաքսիմում հեծանիվներ անցնեն ու օկ, մոպեդներ։ Գինու օրերին ամբողջ Սարյան-Թումանյան փողոցները փակ էին, երթևեկություն չկար։ Վա՞տ էր։ Ինչ-որ լուրջ խցանումներ եղա՞ն քաղաքում։ Չէ, իսկապես եմ հարցնում։ Չգիտեմ իրականում։ Բայց ինչքան հավես կլիներ, եթե էդ կենտրոնական փողոցները մենակ հեծանիվների համար լինեին։ Հետիոտների մասին չեմ խոսում։ Իրանց հանդեպ հարգանք ու պատասխանատվություն ընդհանրապես չկա էս քաղաքում։ Սարյանի (երդվում եմ ուրիշ փողոցներ էլ գիտեմ, ուղղակի սա ա քթիս տակ, սա եմ տեսնում, սրանից եմ բողոքում) մայթերին ՀՀԿական պատգամավորների ռեստորանների սեղաների չափով սեղաններ են դրված։ Անցնելուց աղոթում ես, որ մեկի ապուրը գլխիդ չթափվի, կամ խորովածի հոտը վրադ չկպնի։ Սարյանը ես սիրում էի շատ, էն ժամանակ, որ դեռ ոչ մի սրճարան կամ գինետուն չկար ու երբ Լուսոյի հետ քայլում էինք, շատ խորքում երազում էի էս փողոցում ապրել։ Մինչև հասա էդ տարիքին ու երազանքս դարձավ իրականություն, Սարյանի մայթերը դարձան բացօթյա ռեստորաններ։ Գինետները հավես էին, կոլորիտային էին շատ, փոքր փայտե կլոր սեղանիկներով ու ծալվող աթոռներով։ Նկարելու մայթեր էին։ Հիմա 8 մետր քառակուսի մակերեսով սեղաններ են դրել ու ծանր չշարժվող աթոռներ։ Ու մի ժամանակվա իմ ամենասիրած փողոցը դարձելա իմ չսիրած փողոց։ Անդրանիկին հարցնում եմ՝ ուր ես հասել, ասումա քո չսիրած հատվածում եմ։

Երեկ գուգլեցի, (հա ես դրանցից եմ, որ մի տեղը ցավումա, անպայման գուգլումա) թե ինչի եմ անընդհատ սոված ու քնկոտ։ Պարզվեց օրգանիզմիս ժամացույցն եմ խախտել։ ու էն պահին, երբ ինքը քնի կարիք ունի, ու գիտի, որ էդ հնարավոր չի, փոխարենը ուտելիքա ուզում, որ ինչ-որ էներգիա ստանա գոնե, էդ ավելորդ չքնած ժամերի համար։ Իսկ իմ օրգանիզմը քնի կարիք միշտ ունի։ դրա համար էլ էսօր երեքին եմ արթնացել, որ շաբաթվա չքնած ժամերը միքիչ լրացնեմ։ որոշել եմ շատ շուտ արթնանալ ու շուտ քնել փորձել։ պարզվեց, որ իմ՝ տասնվեց ժամ աշխատելու հետ իմ օրգանիզմը էդքան էլ օկ չէր, զուտ համեստաբար լռեց մոտավորապես վեց ամիս։ վեց ամիս անց սկսեց արդեն բողոքել։ Լիլիթ, էսպես չեմ կարող էլ շարունակել, միքիչ էլ իմ մասին մտածիր։

Նկատել ե՞ք ոնց են մարդիկ սիրում դժվարությունը մի քանի անգամ բարդացնել միայն թե դրանով կրճատեն էդ դժվարությունը կրելու ժամանակը։ Բացատրեմ։ Էս միտքը եկավ էն ժամանակ, երբ տեսա, որ մի տղամարդ երեխու սայլակը Սարյանի էս Նոր Զովքի կողքի աստիճաններով բարձրացնումա։ Սայլակը ծանր էր դե հաստատ։ Բայց, որ ինքը էդ ծանրությունը քիչ ժամանակահատվածում տանի, սկսեց վազել։ Հաստատ վազելով ավելի բարդ էր, բայց ժամանակահատվածը կրճատվեց։ Ես հետո մտածեցի՝ միգուցե շտապում էր, բայց չէ, սկսեց դանդաղ քայլել, երբ հասավ վերև։ էստեղից մտածեցի, որ հա, մենք էլ ենք էդպես, ավելի համաձայն ենք շատ արագ անցնող ինչ-որ շատ ծանր վիճակին, քան երկարատև ու միջին ծանր վիճակին։ մարդ ենք էլի, չգիտեմ։

երեկ մի հատ հեքիաթ էի հիշել, որ շատ փոքր ժամանակ եմ կարդացել։ Մի թագավոր, որ երկու տղա ուներ, երջանիկ կառավարում էր, մի օր երազա տեսնում։ մի ծերունի գալիս ու ասումա՝ թագավոր սևա լինելու, հիմա ես ուզում թե հետո։ Ի դեպ հենց հեքիաթի անունն էլ էդա՝ հիմա ես ուզում, թե հետո։ Թագավորը մտածում ու ասում՝ հիմա ջահել եմ, կարող եմ սևի տակից դուրս գալ, հիմա թող սևը լինի, հենց ծերանամ թող կարմիր լինի։ չգիտեմ ինչիա՝ կարմիրը դրականի հետ ասոցացվում։ ինչևէ։ թագավորը առավոտը ելնում, տղաների հետ որսի ա գնում, մի տղային գայլնա տանում, մյուսն ընկնումա գետը։ տխուր գալիսա տուն, տեսնումա կնոջը ուրիշ թագավոր եկել գողացել տարելա։ ասումա՝ ասեցինք սև, չասեցինք էդքան։ դե էլ ինչ թագավոր էսքանից հետո, ինչ ունի-չունի հավաքումա, գնումա ուրիշ երկիր սովորական բանվորի գործա անում, որ ապրի։ մեջտեղները չեմ հիշում՝ ինչա լինում։ բայց մի օր հանդիպումա մի տղայի, որ պարզվումա, որ իրա տղաներից մեկնա, ում գետը տարել էր։ դե ուրախանում են բան, մի քանի օր անց հանդիպումա մի ուրիշ տղայի, պարզվումա՝ երկրկորդ տղանա, որ գայլ էր փախցրել (հեքիաթա չգիտեմ, ինչ-որ մեկը գայլի ձեռից մարդ էր փրկել)։ տղաները ասում են, որ էդ քաղաքում նոր թագավոր են փնտրում, հինը ՀՀԿական էր (չէ, կատակ եմ անում, զուտ հինը լավ չէր կառավարում)։ Էդ ընթացքում էլ էդ մարդը լավ սեր ու հարգանք էր վայելում, արդար էր ապրել, բոլորը իրան սիրում էին։ Ժողովուրդը ասումա արի դու դարձի թագավոր, քայելով Գյումրիից հասնումա Երևան բան (չէ, տենց բան չկար, էդ էլ էր կատակ)։ Մեկ էլ էս մարդը տեսնումա, որ էդ երկրի թագավորի կինը իր կիննա։ Դառնումա թագավոր, տղաների ու կնոջ հետ երջանիկ ապրումա։ Ու որ մարդիկ հարցնում են՝ բա էս ո՞նց, էս սորոսական էի՞ր, որ սենց հեշտ ստացվեց, ասում ա չէ, զուտ ես կարմիրը թողել էի հետոյին։

Չգիտեմ՝ ինչի եմ էս հեքիաթը հիշել։ Բայց դե ուղեղա, ուր ասես՝ գնումա։ Կներես էս երկար-բարակի համար։ լավ շիրակի քեզ։

հոգ տար քո մասին

նամակ ՀՀ քաղաքացիներին

հեյ

էսօր մի էսպիսի նամակ ստացա՝

մի կողմից հասկանում եմ, որ սա բնակչությանը դաստիարակելու քայլա, կառավարությունը պատասխանատվությունա զգում քաղաքացիների հանդեպ, փորձումա ինչ-որ կերպ բարելավել կրթվածության մակարդակը, սերմանել սեփական երկիրը սիրել, սովորեցնել՝ ինչպես վարվել բնության հետ, մյուս կողմից շատ նեղված եմ։

բանն այն է, որ ուրեմն պետք է մարդուն ասել, որ շշեր, ապակու կտորներ կամ լաթեր պետք չի թողնել անտառում։ չգիտեմ։ ես մեծ սպասելիքներ ունեմ միգուցե, բայց ինչի պետք է հասարակությունը էս դարում էնքան անգրագետ լինի, որ նման նամակների հարկ լինի։

ինչևէ, ես հուսով եմ, որ էս նամակը ստանալուց հետո գոնե մարդը ուշքի կգա ու կհասկանա, որ օրինակ Երևանի ախտոտվածության համար մեկ պատճառն ինքն է, ոչ թե աջ ու ձախ փնովի, որ չեն մաքրում քաղաքը։

երևի պետքա ամեն ինչ ջնջել ու նորից զրոյից գրել։ էն որ մեկի սխալներով գրված նյութը խմբագրելու փոխարեն ուզում ես դու գրել, որովհետև դա ավելի քիչ էներգիա կտանի քեզնից։

իսկ որնա՞ էսօր հասարակության էսքան անգրագետ լինելու, շրջապատը մաքուր չպահելու ու մի տեսակ թքած ունենալու պատճառը։ չգիտեմ։

հոգ տար քո շրջապատի մասին

հոգ տար քո մասին

ինչպես հաղթահարել տխրությունը/դեպրեսիան

հեյ,

սա հոգեբանական կամ մասնագիտական ինչ-որ բլոգ չի։ սա պարզապես օրինակ է, որը կարող է օգտակար լինել։ որոշեցի կիսվել։

քիչ առաջ ուզում էի կարգիչս մաքրել ու գտա մի աղյուսակ, որը գրել էի մոտավորապես մեկ տարի առաջ։ էնտեղ լրացրել էի այդ պահին ինձ հուզող խնդիրները, նկարագրել էի ցավը մանրամասնորեն, ապա տվել էի ինքս ինձ խորհուրդներ, ինչպես կարող եմ լուծել էդ խնդիրները։ նաև չէի մոռացել նշել պատճառները, թե ինչու է ցավում, թե ինչու է առաջացել այդ խնդիրը։

հիմա, երբ էդ ամեն ինչը գրեթե անցյալում են, երբ էդ ցավերն անցել են, երբ խնդիրներից շատերը լուծվել են, ես կարդացի ու զարմացա, թե էդքան խնդիրներից ու էդ զգացողություններն ունենալուց հետո ինչպես եմ կարողացել շարունակել, ինչպես եմ մեղմ ասած ողջ մնացել ու ինչպես եմ հաղթահարել դրանք։

պատասխանը շատ պարզ ա էս դեպքում։ ես ընկալել եմ, հասկացել եմ ու ընդունել եմ խնդիրներս, ես մանրացրել եմ դրանք ու դարձրել եմ առանձին խնդիրներ, որոնց տվել եմ առանձին լուծումներ։ և որ ամենակարևորնա՝ ես աղյուսակ կազմելով դրանք չափելի եմ դարձրել ու ինչ-որ չափով գիտականորեն եմ մոտեցել դրանց։

շատ հաճախա լինում, որ մի քանի տարբեր դժվարություններ միանգամից են գալիս ու ելքը չի երևում։ շատ հաճախա լինում, որ պարզապես ուզում ես տրվել էդ տխրությանը։ բայց էդ լավագույն ընտրությունը չի։ իհարկե, երբ ուղղակի պառկել ու լացել ես ուզում, ուրեմն օրգանիզմդ ինչ-որ պայքարի ձևա ընտրել, բայց պետք է ուշադիր լինել ու դա չդարձնել միակ պայքարի ձևը։

այո գրելը օգնում ա, խնդիրներդ մտքումդ շատ ցրիվ են, մեկը մյուսին առաջա անցնում, թույլ չեն տալիս քեզ առանձին մտածել դրանց մասին։ իսկ երբ գրում ես, դրանք քո առաջ են, կարող ես հերթով բոլորի վրայով անցնել։

երբ վերջացնես ամեն խնդրի համար լացելդ ու տանջվելդ, գտիր ուժ ու ժամանակ, գրիր դրանք էկրանին, թղթին, անձեռոցիկին, պատին, մի տեղ, նյութականացրու դրանք ու մի օր դու էլ հետ կգնաս էդ գրածին ու կհասկանաս՝ ինչքան ուժեղ ես եղել, որ անցել ես էդ ամենի մեջով։

ամենակարևոր խորհուրդներից մեկը, որ տվել էի ինքս ինձ ու որ ուզում եմ քեզ էլ տալ էդ բոլոր խնդիրների մասին խոսելն է։ կան տեսակներ, ինտրովերտները հիմնականում, որ չեն սիրում խոսել։ բայց էս էդ դեպքը չի։ գտեք էն մեկին, որ կլսի, որ չի անի հիմար մեկնաբանություններ, որ չի ասի՝ վերջացրու դե, հիմարությունա,, ու խոսեք էդ մարդու հետ։ (ի դեպ՝ ես պատրաստ եմ լսել միշտ) եթե կարող եք, ավելի լավ է, խոսեք հոգեբանի հետ։ ամեն ինչ լուծելիա։ էսօր պարզեցի։ քիչ առաջ պարզեցի էդ աղյուսակը կարդալուց հետո։ ու ինքս ինձ ասացի, որ եթե էդ ամենի մեջով անցել ես, ապա էլ քեզ ոչ մի բան չի կոտրելու ու էդ վիճակին չի հասցնելու։

սա շատ անձնական թեմայա, բայց ես ուզեցի կիսվել քո հետ միայն էն պատճառով, որ գիտեմ, որ մենակ չեմ։ հատկապես հիմա բոլորս ենք հազարավոր խնդիրների ու մտածմունքների մեջ։ ուզում եմ էս մի փոքր խորհուրդս կարողանա օգնել քեզ։

հոգ տար քո հոգեկան առողջության մասին

հոգ տար քո մասին

կյանքը՝ ռիսկ

հեյ,

էսօր որոշեցինք Գողթից ավտոբուսով իջնել Գառնի ու քայլել դեպի Քարերի Սիմֆոնիա։ դեռ չէինք հասկացել՝ ուշացել ենք ավտոբուսից, թե հիմա կգա, երբ մի անծանոթ մեքենա կանգնեց, մի կին դուրս եկավ մեքենայից ու անգլերեն հարցրեց, թե մենք էլ ենք Գառնի գնում։ Առաջարկեց միանալ, չմերժեցինք։ Իսպանացիներ էին։ ամուսիններ։ իսպանիայի հյուսիսից։ Բիլբաո քաղաքից։ քաղաքի անունը հիմա հիշում եմ միայն էն պատճառով, որ կապեցի Ատլետիկ Բիլբաո ֆուտբոլային ակումբի հետ։ ընդհանրապես, եթե ուրիշների համար Բրազիլիան է ֆուտբոլի առաջին ասոցիացիան, չնայած, որ խաղը ստեղծվել է Անգլիայում, ես սիրում եմ իսպանական ֆուտբոլ։ ասացին, որ առաջին օրն են Հայաստանում, ու դեռ ոչինչ չեն հասցրել տեսնել, գնում էին գնումներ անելու։ մենք էլ ասացինք, որ Քարերի Սիմֆոնիան ենք գնում տեսնելու։ թենքյու, բայ արեցինք ու իջանք։

ճանապարհին, երբ արդեն ոտքով էինք, մի քանի դատարկ մեքենա կողքներովս անցավ ու ես շոգից հալած մտածեցի՝ իսպանացիների չափ էլ չկան՝ առաջարկեն տանել։

ընդհանրապես իմ համար ինչ-որ մեկին ճանապարհից վերցնելը անսովոր չի, ընդհակառակը՝ նորմալ եմ համարում։ մանկուց տեսել եմ, որ պապան երբեք դատարկ մեքենայով ոչ մի տեղ չէր գնում, ոնց էլ չլիներ՝ մի հոգու կվերցներ ճանապարհից։ քանի որ մեր գյուղը Երևան-Մեղրի ավտոմայրուղու հենց կողքին էր, ոնց էլ չլիներ կտեսներ հոգնած զբոսաշրջիկների, որ ավտոստոպով են ճամփորդում, կհրավիրեր տուն, կհյուրասիրեինք, կուղեկցեր, ինչ-որ մի կերպ կպատմեր հետաքրքիր ու դիտարժան տեղերի մասին ու խորհուրդ կտար այցելել։

ինչևէ, ներքևում շատ զարմացանք, երբ տեսանք մեր իսպանացի բարեկամներին։ որոշել էին իրենք էլ գնումներից հետո հետևել մեզ։ ասացին, որ հաճույքով մեզ հետ կբերեն ճամբար։ առաջին անգամ էի տեսնում Քարերի Սիմֆոնիան ու շատ տպավորվեցի։ շոգը նեղում էր, բայց ուզում էի քայլել՝ հաշվի առնելով ոնցա անցնում իմ միջին վիճակագրական օրը (նստած)։ ուզելը ապրեցնումա, կարողանալը սպանում։ չմերժեցինք առաջարկն ու իրենց հետ մեքենայով վերադարձանք։

ճանապարհին Անդրանիկը պատմում էր Հավուց Թառ վանքի ու թշնամու հարձակման ժամանակ զանգերի միջոցով եկեղեցուց եկեղեցի լուրը փոխանցելու մասին։

ճաշին մեր իսպանացի ծանոթները մեր կողքին էին։ Անդրանիկը նրանց հայկական/վրացական ուտեստ հյուրասիրեց։ սիրուն էր, հաճելի էր, զարմացան, բայց իմ ուղեղը սկսեց այլ վերլուծություններ անել։

մեր ամեն քայլը ինչ-որ մակարդակի ռիսկ ա պարունակում։ մենք չգիտեինք՝ ինչպիսի վարորդ էր, որ համաձայնեցինք իր հետ գնալ։ հատկապես, երբ վարձել են մեքենան և ծանոթ չեն տեղանքին։ մենք չգիտեինք, թե ուտեստը, որ հյուրասիրեցինք, ինչպես էր պատրաստված, ոնց կազդեր նրանց վրա։ մենք ոչ մի բան չգիտենք ամեն հաջորդ վայրկյանի մասին։ հաճախ անում ենք քայլեր առանց մտածելու հետևանքների մասին, պարզապես ներքուստ զգալով, որ սխալ չենք անում։ միայն հետհայաց են դրանք ռիսկային երևում։

վերջերս տարվել եմ Ջոն Գրինի գրքերով ու էսօր էլ գիրքը կարդալուց անմիջապես հետո նայեցի Looking for Alaska գրքի հիման վրա նկարած ութ(ոչ այնքան բազմա-)սերիանոց ֆիլմը։ դե ոնց որ միշտ՝ գիրքն ավելի տպավորիչ էր։ բայց կարևոր գիծը պահպանված էր՝ լավագույն հարցերն անպատասխան են մնում։ հիմա իմ հարցերից մեկը՝ ինչպե՞ս ենք մի վայրկյանից էլ քիչ մտածում ինչ-որ բան անելուց առաջ, երբ հետևանքը կարող է ժամեր ու ամիսներ խլել մեզանից։

հոգ տար քո մասին

յոթ տարի բլոգել(ր)

հեյ,

եկել եմ ուղղակի ասեմ, որ բլոգս յոթ տարեկան դարձավ։ տորթ ու մոմեր չկան էս ծննդյան օրվա համար։ կան միայն մարդիկ, որ կարդում են գրածները, մեկնաբանություններ թողնում, կան մարդիկ, որոնց համար սա ուղղակի ժամանակի կորուստա, ինքնակոչ ինչ-որ արտահայտություններ ու ընդհանրապես՝ ինչ ես անում։

ինչքան էլ տոնից-տոն եմ գրում, ինստագրամշիկների նման ակտիվ չեմ, չգիտեմ՝ որտեղից ու ինչու համոզված եմ, որ սեփական դոմեն ունենալն ու սեփական կայքում բլոգելը շատ ավելի մեծ արժեք ա ու ինչ-որ չափով (անամոթ ինքնահավանություն) հպարտ եմ, որ ինստագրամատիկտոկներում չեմ «բլոգեր»։

բլոգի ստեղծման պատմությունը գրել եմ անցած տարի արդեն ու եթե հետաքրքիրա, կգտնես էստեղ։ էսօր շատ խոսելու հավես ու տրամադրություն չունեմ։ ընդունվում են շնորհավորանքներ։

անկախ ամեն ինչից ես շարունակելու եմ գրել էն ազատության մասին, որ ոչ թե երազանքա, այլ արդեն պայքարա դարձել։ կարդացողներին էլ հատ-հատ շնորհակալ եմ։

հոգ տար քո մասին

բոլգերների միջազգային օրը

Հեյ,

ամեն տարի մոռանում եմ էս օրվա մասին ու օրվա կեսին մի տեղից կարդում, ու ամեն տարի նույն արտահայտությունն եմ անում՝ վաաա՜յ էսօր մեր տոննա…էս տարի մի տեսակ տարբեր էր։ մամաս առավոտյան շնորհավորեց ու առավոտս սկսեց տոնական տրամադրությամբ։ այո, ես ինձ համարում եմ բլոգեր։ թող լինեմ կամ թվամ միքիչ մեծամիտ, բայց ես գրում եմ, գրում եմ սիրով, գրում եմ, որովհետև կարծում եմ, որ դա ճիշտա, գրում եմ, որովհետև կան մարդիկ, որ մեկ-մեկ կարդում են ու գրում եմ, չնայած շատ քչերն են կարդում։

էսօր Անդրանիկի հետ խոսում էինք, որ ինստագրամշիկներն ու տիկտոկերները փչացրել են «բլոգեր» բառը։ երբ մեկին ասում եմ, որ բլոգում եմ, անպայման պատկերացնում են, որ ինստագրամում եմ կամ տիկտոկում։ հետո երբ հարցնում են՝ ոնց հետևենք քեզ ու ես ասում եմ կայքիս անունը, մի տեսակ անդուր լռությունա լսվում։ ուղղակի արդեն էնքան ենք ասել, որ ինստագրամն ու տիկտոկը հավերժ չեն, եթե արժևորում եք ձեր ստեղծած նյութը, տեղադրեք դա ձեր իսկ սեփական հարթակներում, որ էլ չեմ խոսելու էդ մասին։ (անամոթ սուտ)

մի քանի ամիս առաջ ստացա աշխատանքի առաջարկ՝ բլոգներ գրել գերմանական մի ընկերության համար ու սիրով ընդունեցի։ կա շատ մեծ տարբերություն՝ գրել ինչի մասին, որ ուզում ես-ի և գրել, որովհետև ուզել են, որ դրա մասին գրես-ի մեջ։ ինչ խոսք, քանի որ շատ հողեղեն եմ, ինձ դուր ա գալիս գրել ինչի մասին, որ իսկապես ուզում եմ, բայց դե գրել ու դրա դիմաց գումար վաստակելն էլա շատ հաճելի։ ։Դ

մի քանի օր առաջ խոսում էինք Հայաստանի լավ դպրոցների մասին ու Նորայրը նշեց Մխիթար Սեբաստացին ու կարևորեց՝ էնտեղ երեխեքին սովորեցնում են, ստիպում են բլոգել։ Ես լիովին համաձայն եմ Նորայրի հետ, հիշում եմ, երբ առաջին (ու վերջին) անգամ էդ դպրոցում էի ու գաղափար չունեի բլոգելու մասին, տեսա, թե ինչպես են հինգ-վեցերորդ դասարանի երեխաները համակարգիչների առաջ նստած իրենց սեփական հարթակը ստեղծում ու բլոգում։ Միգուցե դա էլ էր պատճառ, որ 2016 թվականին որոշեցի ես էլ իմ հարթակն ունենալ ու գրել, միգուցե Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ինձ էլա սովորեցրել բլոգել։

ավելի մեծ անկախություն ու պաշտպանվածության զգացողություն, քան քո սեփական հարթակում գրելն է, չկա։ ես համոզված եմ, որ իմ բոլոր բլոգներն ու նկարները կլինեն օնլայն ու հասանելի էնքան ժամանակ, ինչքան, որ ես ուզեմ, ինձ ոչ մեկ չի արգելափակի, մի օր չեմ արթնանա ու իմանա, որ իմ հարթակը վաճառել են։ բացի դրանից, որ ավելի կարևոր ա, ես չեմ ստիպում մարդկանց գրանցվել էս կամ էն սոց ցանցում ինձ կարդալու համար։ նրանք ստիպված չեն անձնական տվյալներ տալ իմ նյութերը կարդալու համար։ կարող են պարզապես բացել կայքն ու կարդալ, կամ RSS հոսքը վերցնել ու դրանով հետևել ինձ։

բլոգեք ազատ ու ազատության մասին։

մի սպասեք, որ ինչ-որ ալգորիթմ պետք է ձեր նյութը ավելի շատ տարածի։ շատ արհեստական ու կառավարելի եք դառնում։

շնորհավոր բոլոր էն մարդկանց օրը, որ գրում են ազատ համակարգերում ազատ համակարգեր սիրող մարդկանց համար։ էսօր իսկապես ձեր տոննա։

հոգ տար քո մասին

մեր մանկության բզեզները

հեյ,

էսօր երեկոյան քայլելիս Ամիրյանի մայթերից մեկին փոքր բզեզ տեսանք, ու ես հիշեցի իմ մանկության ամենահիմար ու ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը։

մեր տան հետևի սարը (ես գիտեմ, որ շատերդ կպատկերացնեք մի քանի ժամ քայլելու ճանապարհ, իսկ ես բախտավոր էի, ընդամենը 5-10 րոպեի քայլելու ճանապարհ էր) մի քանի տարի առաջ աշխարհի ամենականաչ ու ծաղկառատ սարերից մեկն էր։ երևի չկար դաշտային ծաղիկ, որ էդտեղ չգտնեինք։ մարտ-ապրիլին ամբողջը ձնծաղիկների ծով էր, հետո դաշտը դառնում էր կապույտ ու դեղին զանգակների դաշտ։ դե չասեմ՝ ինչ մաքուր ու ինչ հաճելի օդ կար։ ափսոս՝ էդ ժամանակ չեմ գնահատել էդ, որովհետև մտածել եմ, որ էդպես էլ պետք է լինի էլի։ հիմա էդ սարը փշոտ ու անապատային տարածքա դարձել։ մեղավորներին չգիտեմ, պատճառը հաստատ չեմ կարող ասել, բայց հավանաբար շատ անխղճորեն արոտավայր դարձնելն էր։ ինչևէ, պատմությունը բզեզների մասին էր։

վերցնում էինք լուցկու տուփերն ու գնում բզեզներ հավաքելու։ ամեն տուփի մեջ մի հինգ-վեց հատ հավաքում էինք։ հաճելի բզզոց կար էդ տուփերի մեջ 10-12 տարեկան երեխայի համար։ որոշները սիրում էին բզեզների ոտքերից թել կապել, դնել տաք երկաթին։ տաքանալուց հետո բզեզը բացում էր թևերն ու թռնում։ ընկերներս էլ ուրախ հետևում էին էդ բզեզի թռիչքին։

իմ պլաններն այլ էին։ մեր դասարանի Արծրունի մաման բուժքույր էր։ ամեն տեսակի դեղեր ու ներարկիչներ կային իրանց տանը։ Արծրունը ամեն օր մի տարօրինակ դեղ էր բերում, ամեն օր մի տարօրինակ հեղուկ։ տարբեր դեղեր խառնում էի իրար, էնքան էի սրվակներ բացել, որ արդեն ինձ փորձառու բժիշկ էի պատկերացնում։ մի դեղը մյուսին խառնելիս տարբեր գույներ էինք ստանում, բույսերից հեղուկ էինք քաշում ներարկիչներով՝ կանաչ ստանալու համար, անձրևաջուր էինք հավաքում, էդ էլ էր մեր «թույների» բաղադրիչը։ հիմա պատմության ամենադաժան մասը։

էդ մեր հայտնաբերած տարբեր «թույները» մենք ներարկում էինք բզեզների մեջ։ մի տեսակից բզեզը ուղղակի չորանում էր, մնում տեղում, մյուսից ուռչում էր, որոշ ժամանակ անց հեղուկը մարմնից դուրս էր գալիս, նորից երջանիկ թռնում էր բզեզը։ ու ես ինձ էնքան ուժեղ էի զգում էդ թույներով։ ես համոզված էի, որ դրանք վտանգավոր էին կյանքի համար։

հիմա հավաքածս բզեզների քանակի հազարապատիկ չափով ամաչում եմ էդ մանկությանս էդ զբաղմունքի համար։ խղճում եմ էդ բզեզներին։ բայց նաև մի քանի հազար անգամ ավել կարոտում եմ էդ անհոգ ու հիմար ամառները։ էդ ինչ-ուզում-ես-արա-երբ-ուզում-ես-արա ամառները։ էդ դաշտերի մաքուր օդը, հազար անգամ քարերին ընկած լինելու պատճառով վերքոտված ծնկներն ու արմունկները, սևացած դեմքն ու գզգզված մազերը։

էսօր Անդրանիկը հարցրեց, թե եթե հետ գնալու ու ինչ-որ պահի ինչ-որ բան փոխելու հնարավորություն լիներ կյանքում, ինչ կփոխեի։ երևի ուղղակի բզեզներին չէի սպանի։ մնացած ամեն ինչը ներելի են։

հոգ տար քո մասին