Կարգերով պահոցներ՝ Uncategorized

հոկտեմբերիվեց

․․․պարզ, առանց զգուշացնելու, սպասեցնելու, առանց աղմուկի գալիսա էն օրը, որ դու նայում ես մենակ առաջ, հեռուն, լույսը ու երջանիկը․․․ նորից սկսում ես սիրել ժամացույցի սլաքների ձայնը, նորից անհամբեր սպասում ես լուսաբացին, նորից ուրախանում, որ վերջապես մթնեց․․․ նորից հագնում ես սպորտային կոշիկներն ու գլուխը բարձր գնում դեպի էն ամենաթաքուն, էն ամենամիակ ու ամենահարազատ երազանքի հետևից․․․ կանչումա ^^

մտքեր քնելուց առաջ

․․․որովհետև դժվար ենք վարժվում նորին։ Մի քանի տարի փակ մնացած դռան պես բացվելիս դժվարանում ենք, ճռռում, խոնավանում, կպնում պատին ու ձուլվում պատի ու հատակի մակերեսին։ Երկար ժամանակ դատարկ մնացած ստամոքսի պես սնունդ ընդունելիս սկսում ենք ցավել։ Սառած մատները տաք ջրի մեջ պահելու պես սկսում ենք մրմռալ ու ծակծել․․․ոնց ասենք ոտքը ոտքին երկար գցելուց հետո սկսում է թմրել ու դժվարանում ենք քայլել։ 
Մենք չենք ընդունում նորը, որովհետև մեզ․․․ընտելացրել էին։ Ինչպես դուռն ընտելացել էր փակին, մատները՝ ցրտին, իսկ ստամոքսը դատարկ մնալուն։ Մեզ ընտելացրել էին ու ստիպել վարժվել նորին՝ մենակ չլինելուն։ Վարժվելու ճանապարհին մեր ոտքերն էին թմրում, մատները ծակծկում, ստամոքսը ցավում, բայց հետոն այնքան կանչող էր, այնքան մերը, որ երևի պատրաստ էինք ընդունել ծակծկոցն ու թմրոցը․․․ 
․․․ու մի պահ նստում ես դռան հետևի աթոռին, արմունկդ հենում ու մտածում՝ ամբողջ կյանքում վարժվում ենք, ընտելանում, հետ վարժվում․․․ամբողջ գոյությունդ դառնում է ընտելացնել ու ընտելանալ․․․սենյակին, փողոցին, քաղաքին, առավոտյան վազքին, արթնանալու ու արթնացնելու ժամերին․․․ ընտելացնում ենք նույնիսկ նրան․․․առանց մի րոպե ավել մտածելու՝ իսկ եթե հետո․․․

հետոն

տենց բան լինում ա մենակ էն ժամանակ, երբ արդեն չկա․․․
չկա հնարվորություն էդ փողոցով քայլելու, էդ նստարանին նստելու, էդ անցորդներին նայելու, քննարկելու, քննադատելու․․․ էդ նկարների կողքով անցնելու, նկարիչներին ասելու՝ շատ գեղեցիկ նկարներ են․․․չէ, գեղեցիկ չէ, սիրուն, որովհետև էդ ամեն ինչը արվելա սիրով․․․ ուրեմն սիրուն են․․․․
չկա հնարավորություն նորից էն նույն սիրած նեղ մայթերով քայլելու, աշխատանքային օրվա հոգսերը գարեջրի կամ գինու բաժակի մեջ լցրած ու հոգիները տարբեր ու  ամենատարբեր խոսակցություններով լցնող մարդկանց նայելու, սիրած տեղից սիրած սուրճը վերցնելու ու էդ սիրած տան մոտ մի քանի րոպե կանգնելու․․․
չկա հնարավորություն ամենօրյա ավտոբուսի սիրած վարորդի սիրած երգերը ու երաժշտությունը լսելու, վերջում շնորհակալություն ասելու ու իջնելու․․․
չկա հնարավորություն բողոքելու, թե ինչքան տխուր են քայլում մարդիկ, ինչքան անտարբեր, ինչքան են կեղտոտում քաղաքը, ինչքան չեն սիրում քո ամենասիրած փողոցն ու ամենասիրած շենքի բակը․․․
չկա հնարավորություն բանջարեղեն վաճառող ծյոծյային ամեն առավոտ բարի լույս ասելու համար ականջակալները մի պահ հանելու․․․
չկա հանարավորություն գրկելու․․․ընդհանրապես չկա հնարավորություն գրկելու․․․․
ու էդ բանը, որ լինումա մենակ էն ժամանակ, երբ արդեն չկա, հասարակ մարդիկ ինչ-որ չգիտեմ-երբ անվանել են մի քանի տառ ու հնչյուն իրար կողք դնելով։ անվանել են կարոտ։ Կ Ա Ր Ո Տ․․․
ու էդ ամեն ինչը դու զգում ես, երբ լինում ես արդեն նոր սենյակում, նոր երկնքի տակ․․․թող լինի սիրուն երկինք, սիրուն բակ, բանջարեղենի սիրուն խանութներ ու սիրուն փողոցներ՝ կանաչ փեղկերով տներով․․․ քո ամենասիրած կանաչ փեղկերով․․․ բայց դու զգում ես, որ հենց հիմա, գոնե մի քանի․․․մի տասներեք րոպեով կուզենայիր հայտնվել ամենասիրածդ բակում, ամենասիրած փողոց գնալու համար կնստեիր ամենօրյա ավտոբուսը, կլսեիր վարորդի սիրած երգերը ու հետո կգնեիր քո ամենասիրած սուրճը՝ ամենասիրած փողոցում քայլելու ու ամենասիրածդ քաղաքի աղմուկը լսելու համար։
հետո․․․հետո գալիս է հետոն․․․իսկ հետոն բավականին թաց է․․․ որովհետև կարոտը՝ էդ մի քանի տառանոց հորինված բառը հորինված չէ ու երբեք չոր չի լինում․․․

ականջակալներումհնչումէթավջութակ

դու իմը չեղար
լինելու ճամփին․․․
ես չեղա քոնը
չգտա չափն իմ
որ քո աշխարհում ես տեղավորվեմ
իբր համարենք՝ ես մեղավորն եմ․․․

դու իմը չեղար լինելու պահից
ինչպես խանութում մի բան գնելիս
դեռ չվճարած
դեռ չվայելած
գցում ես, կոտրում․․․

հետո վճարում տուգանքի պես բան,
ասենք՝ նույն գինը հենց ծաղկամանի,
որ ոչ մի անգամ ծաղկով չբուրեց,
ու քոնը չեղավ,
բայց վճարեցիր․․․․
թեկուզ տասը ցենտ․․․

ու պատմությունը,
որքան երկար է,
նույնքան անհեթեթ․․․

դու իմը չեղար․․․
իսկ քո աշխարհում,
ինձ տեղ չկար էլ․․․

բնությունից

֊ու՞ր ես։

֊դաշտերի մեջտեղում նստած։ կարողա հենց մեջտեղում չեմ ու, եթե տիեզերքից նայեն մեր մոլորակին, ես ինչ-որ ծայրամասից կերևամ կամ էլ չեմ երևա, բայց ես հավատում եմ, որ հենց մեջտեղում եմ, կենտրոնում, գծած ու ներդաշնակ էն ամեն ինչին, որ ասել ենք բնություն։ Էս վերջին նշածս բառը…

֊բնությունը՞

֊հա, հենց էդ, դարձրել ենք ամենօրյա, առօրյա, հասարակ, սովորական, ոնց որ ասենք՝ պատառաքաղ… բայց թե ինչքան խորք ու ինչքան ներս ունի, մոռացել, թողել ենք բառարաններում։ հիմա դաշտերի ու սարերի մեջտեղում նստած եմ ու բառարան գտնելու հնարավորություն չկա, որ հատ-հատ վերլուծեմ ու պատմեմ՝ ինչ կա բառի ներսում, բայց մենակ քեզ կասեմ՝ ինչ եմ զգում…

բնություն՝ խոտ, ծառ, զատիկ, քար, ծաղիկ, ավազ, մեղու, ջուր… աչքի տեսած…էն որ հիանում ենք, շնչում, աչքերը փակ նայում հավերժին ու զգում՝ քամին ոնցա մինչև ներաշխարհ հոսելով մտնում ու թափ տալիս՝ ինչ ես կորցրել քեզ… 

բնություն՝ էություն, գոյություն, կա… ասում են՝ բնությունից էդպիսին է… բնությունն է էդպիսին, էությունը… էն, որ չես փոխի, չես խաթարի, չես կորցնի, փորձես էլ՝ գտնելու են… էություն, լինելիք, ապրում… ու չփորձես նույնիսկ պայքարել, հակառակվել, դեմ գնալ բնությանը, որովհետև կզգաս, թե ինչքան անզոր ես ու թույլ… ինչքան կորած ես՝ քո էությամբ… 

ու էս ամենից հետո՝ անտառում, ծառի տակ նետված շիշ, խոտերի մեջ թողած թուղթ կամ տուփ… չգիտեմ՝ ո՞ր մակերեսից են նրանք, որ չեն էլ ցավում բնությանը ծանրացնելուց…

ասեմ՝ մի փորձեք հակառակվել, միևնույն է՝ բնությունը էս ամբողջ պայքարի միակ հաղթողը կլինի, ու դուք ու մենք կզգանք՝ ինչքան տկար ենք, ինչքան փոքր ու անէ։

անկեղծներից մեկը

մեզ հարկավոր է մեր ձգտումներում լինել զուսպ ու երազանքների մեջ միքիչ իրական, եթե որոշել ենք երջանիկ լինել: հա, որոշել ենք, որովհետև ցանկանալը շատ վաղուց արդեն ժամանակակից չի, մենք էլ փորձում ենք մոդայիկ երևալ էս վազող աշխարհում: փորձն ու փորձանքը ցույց տվեցին, որ սողացողներին տրորում-անցնում են: ու ինչքան էլ մեզ հաճելի էր հողի հետ դանդաղ հպվելով սողալը, մենք  նոր մարզակոշիկներով ելնում ենք վազքուղի ու ձգտում գոնե առաջինը տեղ հասնել… ու մրցույթ դարձած կյանքով առաջ գնալու ճանապարհին մի միտք է փետուրի նման շոյում մեր ականջը.
-երջանիկ լինելու համար պետք է ներդաշնակ լինես ինքդ քեզ հետ: 
ուփս…բա վազելը, բա մրցույթը, բա ես չպիտի՞ առաջինը տեղ հասնեի, որ երջանկությունից շողայի… ու նորից փետուրը՝ 
-չէ ազիզ ջան, ուղղակի տեղավորվիր ինքդ քո մեջ, քո աշխարհի սահմաններում, ոնց ես ականջակալներով դուրս գալիս տնից ու չես թողնում, որ երթուղայինի մեջ եղած աղմուկը խանգարի մտքերդ, ոնց ես քայլում քաղաքով առանց լսելու իրար խառնված ազդանշնաններն ու հայհոյանքները, նույն կերպ պետք է թույլ չտաս արտաքին անհարմարություններին, որ ներս գան ու խառնեն ներսիդ կատարելությունը: 
դե հա, փետուրը շատ մեծ կարծիք ունի սեփական եսիս մասին, կատարելությու՜ն…
փետուրին երևի ջղայնացրի: եթե մինչև էս շշնջում էր, հիմա սկսեց գոռալ… հիմա բոլորը ուշադիր հետևում են՝ ոնց եմ վազքուղու մեջտեղում կանգնած վիճում փետուրի հետ, որ ամեն կերպ ուզում է համոզել, որ ես ու իմ ներքին աշխարհը ներդաշնակ ենք այնքան, որ իսկապես կատարելություն ենք… որ իսկապես կարող ենք վայելել իրար ներկայություն, քայլել իրար հետ, սուրճ խմել, ֆիլմեր դիտել, գրքեր կարդալ, ստատուսներ գրել էդ ամեն ինչի մասին ու նկարել մեր տեսած նոր քաղաքի նոր շենքերը… 
փետուրը համոզեց… թողնում եմ վազքուղին…հանում եմ մարզակոշիկներս, չեմ էլ ափսոսում ծախսածս գումարը… որոշում եմ ականջակալներովս գունավորել ներքին աշխարհս ու պայքարել մենակ մի հարցում՝ չեմ թողնելու խանգարեք ներդաշնակ կատարելությունը կամ կատարյալ ներդաշնակությունը, որ ստեղծվում է, երբ մենակ եմ….