վեց տարեկան երեխա

հեյ

էսօր էս փոքր երեխու, բայց միևնույն ժամանակ իմ կյանքի մեծ ու կարևոր մասի՝ syuneci.am-ի ծնունդնա։ շնորհավո՜ր…

ուրեմն դեռ վեց տարի առաջ, երբ ես նույնիսկ հղում տալ չգիտեի ու հիմա ամաչում եմ՝ տեսնելով, որ ինչ-որ երգ հրապարակելու համար փակագծերի մեջ եմ հղում դրել, որոշեցի մտքերս ու մտածմունքներս հրապարակել մի հարթակում, որը միայն իմն է։ էդ ժամանակ սոց կայքերում շատ ավելի ակտիվ էի, քան էսօր, բայց մի բան ինձ չէր հերիքում։ ես էսօր գրեցի ֆեյսբուքում, նկար հրապարակեցի ինստագրամում, բայց երբեք համոզված չեմ, թե գրառումս ինչքան կմնա, կամ մի օր Մարկը կորոշի ջնջել էդ հարթակները, վաճառել էդ գրառումները։ դրանք անվճար հարթակներ են, ու մենք արդեն գիտենք, որ եթե դու չես վճարում պրոդուկտի համար, ուրեմն դու ես պրոդուկտը։ ամեն օր, ամեն գրառումին հետևող գովազդները հեչ դուրս չէին գալիս։ իսկ էստեղ, էս հարթակում չէին լինի գովազդներ, չէր լինի վախ, որ մի օր կվաճառվի սա կամ կփակվի։ էստեղ ես ազատ կլինեի։

միակ հայ բլոգերը, ում ճանաչում էի այդ ժամանակ արմբլոգն էր։ նրա կայքում ինձ հետքրքրում էին կատակները, խաղերը, հավես նյութեր էր գրում թեքի մասին նաև, ու մի օր մտքովս անցավ՝ իսկ ինչ, եթե ես էլ ունենամ իմը։

էդ տարիքում հազիվ գիտեի blogspot-ի մասին, դե քանի որ որոնումս անում էի գուգլի միջոցով, նա ինձ հենց դա առաջարկեց, ես էլ չմերժեցի։ էդ օրերին արդեն օնլայն հայությունը ինձ գիտեր որպես լիլիթ սյունեցի ու հետևաբար, բլոգն էլ անվանեցի syuneci.blogspot.com 🙂 2020 թվականի նոյեմբերի 14-ին ահավոր հուզված ու երջանիկ ձեռքբերեցի syuneci.am դոմենը, իսկ երեկ արդեն տեղափոխվեցի, ու ինչպես հենց wordpress-ն ա ասում՝ այս բլոգը հպարտորեն սպասարկվում է wordpress-ի կողմից։ դրան հավելվեց նաև այն, որ այժմ նյութերս գեներացվում են նաև դիասպորայում, և բլոգին կարելի է հետևել նաև այդ համակարգից։

քիչ առաջ կարդում էի առաջին նյութս՝ սև սառած սուրճի համը ու հիշեցի, որ առաջին նյութս գրել եմ համալսարանում՝ Մեծ Բրիտանիայի պատմության դասաժամին։ դե մի բան պիտի անեի, որ շեղվեի էն թեմայից, որ Բրյուսովում Մեծ Բրիտանիայի պատմության դասընթացը հայերենով էր ու քեզանից պահանաջվում էր 100 էջանոց մի գիրք կարդալ, որի ողջ բովանդակությունը թվեր ու թվականներ էին (միջին վիճակագրական պատմություն էլի)։

էդ տարիքում ավելի ռոմանտիկ մտքեր էին, շատ թիթիզ գրառումներ։ հետո սկսեցի մեկ-մեկ բողոքել շրջապատող իրականությունից, օրինակ՝ գրել էի, որ փողոցում անցնում են մեքենաներ՝ ռաբիս երաժշտությունը բարձր միացրած։ ավելի ուշ բողոքելն ու չհամաձայնելը դարձավ բնավորություն, ու եթե հետևում եք, զգացել եք, որ անընդհատ ինձ դուր չի գալիս էս ու էն ու ես ոսկե միջինի փնտրտուքներում եմ։

էսօր չեմ բողոքում, էսօր ուրախ եմ, իմ փոքր բարեկամը վեց տարեկան դարձավ ու յեյ, էս տարի դպրոց կգնա։ (տափակ կատակները ինձնից ու բլոգից անպակաս)։

էսքանը։

բլոգիր։

հոգ տար քո մասին