Հեղինակների պահոցներ՝ սյունեցի

ինչպես հաղթահարել տխրությունը/դեպրեսիան

հեյ,

սա հոգեբանական կամ մասնագիտական ինչ-որ բլոգ չի։ սա պարզապես օրինակ է, որը կարող է օգտակար լինել։ որոշեցի կիսվել։

քիչ առաջ ուզում էի կարգիչս մաքրել ու գտա մի աղյուսակ, որը գրել էի մոտավորապես մեկ տարի առաջ։ էնտեղ լրացրել էի այդ պահին ինձ հուզող խնդիրները, նկարագրել էի ցավը մանրամասնորեն, ապա տվել էի ինքս ինձ խորհուրդներ, ինչպես կարող եմ լուծել էդ խնդիրները։ նաև չէի մոռացել նշել պատճառները, թե ինչու է ցավում, թե ինչու է առաջացել այդ խնդիրը։

հիմա, երբ էդ ամեն ինչը գրեթե անցյալում են, երբ էդ ցավերն անցել են, երբ խնդիրներից շատերը լուծվել են, ես կարդացի ու զարմացա, թե էդքան խնդիրներից ու էդ զգացողություններն ունենալուց հետո ինչպես եմ կարողացել շարունակել, ինչպես եմ մեղմ ասած ողջ մնացել ու ինչպես եմ հաղթահարել դրանք։

պատասխանը շատ պարզ ա էս դեպքում։ ես ընկալել եմ, հասկացել եմ ու ընդունել եմ խնդիրներս, ես մանրացրել եմ դրանք ու դարձրել եմ առանձին խնդիրներ, որոնց տվել եմ առանձին լուծումներ։ և որ ամենակարևորնա՝ ես աղյուսակ կազմելով դրանք չափելի եմ դարձրել ու ինչ-որ չափով գիտականորեն եմ մոտեցել դրանց։

շատ հաճախա լինում, որ մի քանի տարբեր դժվարություններ միանգամից են գալիս ու ելքը չի երևում։ շատ հաճախա լինում, որ պարզապես ուզում ես տրվել էդ տխրությանը։ բայց էդ լավագույն ընտրությունը չի։ իհարկե, երբ ուղղակի պառկել ու լացել ես ուզում, ուրեմն օրգանիզմդ ինչ-որ պայքարի ձևա ընտրել, բայց պետք է ուշադիր լինել ու դա չդարձնել միակ պայքարի ձևը։

այո գրելը օգնում ա, խնդիրներդ մտքումդ շատ ցրիվ են, մեկը մյուսին առաջա անցնում, թույլ չեն տալիս քեզ առանձին մտածել դրանց մասին։ իսկ երբ գրում ես, դրանք քո առաջ են, կարող ես հերթով բոլորի վրայով անցնել։

երբ վերջացնես ամեն խնդրի համար լացելդ ու տանջվելդ, գտիր ուժ ու ժամանակ, գրիր դրանք էկրանին, թղթին, անձեռոցիկին, պատին, մի տեղ, նյութականացրու դրանք ու մի օր դու էլ հետ կգնաս էդ գրածին ու կհասկանաս՝ ինչքան ուժեղ ես եղել, որ անցել ես էդ ամենի մեջով։

ամենակարևոր խորհուրդներից մեկը, որ տվել էի ինքս ինձ ու որ ուզում եմ քեզ էլ տալ էդ բոլոր խնդիրների մասին խոսելն է։ կան տեսակներ, ինտրովերտները հիմնականում, որ չեն սիրում խոսել։ բայց էս էդ դեպքը չի։ գտեք էն մեկին, որ կլսի, որ չի անի հիմար մեկնաբանություններ, որ չի ասի՝ վերջացրու դե, հիմարությունա,, ու խոսեք էդ մարդու հետ։ (ի դեպ՝ ես պատրաստ եմ լսել միշտ) եթե կարող եք, ավելի լավ է, խոսեք հոգեբանի հետ։ ամեն ինչ լուծելիա։ էսօր պարզեցի։ քիչ առաջ պարզեցի էդ աղյուսակը կարդալուց հետո։ ու ինքս ինձ ասացի, որ եթե էդ ամենի մեջով անցել ես, ապա էլ քեզ ոչ մի բան չի կոտրելու ու էդ վիճակին չի հասցնելու։

սա շատ անձնական թեմայա, բայց ես ուզեցի կիսվել քո հետ միայն էն պատճառով, որ գիտեմ, որ մենակ չեմ։ հատկապես հիմա բոլորս ենք հազարավոր խնդիրների ու մտածմունքների մեջ։ ուզում եմ էս մի փոքր խորհուրդս կարողանա օգնել քեզ։

հոգ տար քո հոգեկան առողջության մասին

հոգ տար քո մասին

կյանքը՝ ռիսկ

հեյ,

էսօր որոշեցինք Գողթից ավտոբուսով իջնել Գառնի ու քայլել դեպի Քարերի Սիմֆոնիա։ դեռ չէինք հասկացել՝ ուշացել ենք ավտոբուսից, թե հիմա կգա, երբ մի անծանոթ մեքենա կանգնեց, մի կին դուրս եկավ մեքենայից ու անգլերեն հարցրեց, թե մենք էլ ենք Գառնի գնում։ Առաջարկեց միանալ, չմերժեցինք։ Իսպանացիներ էին։ ամուսիններ։ իսպանիայի հյուսիսից։ Բիլբաո քաղաքից։ քաղաքի անունը հիմա հիշում եմ միայն էն պատճառով, որ կապեցի Ատլետիկ Բիլբաո ֆուտբոլային ակումբի հետ։ ընդհանրապես, եթե ուրիշների համար Բրազիլիան է ֆուտբոլի առաջին ասոցիացիան, չնայած, որ խաղը ստեղծվել է Անգլիայում, ես սիրում եմ իսպանական ֆուտբոլ։ ասացին, որ առաջին օրն են Հայաստանում, ու դեռ ոչինչ չեն հասցրել տեսնել, գնում էին գնումներ անելու։ մենք էլ ասացինք, որ Քարերի Սիմֆոնիան ենք գնում տեսնելու։ թենքյու, բայ արեցինք ու իջանք։

ճանապարհին, երբ արդեն ոտքով էինք, մի քանի դատարկ մեքենա կողքներովս անցավ ու ես շոգից հալած մտածեցի՝ իսպանացիների չափ էլ չկան՝ առաջարկեն տանել։

ընդհանրապես իմ համար ինչ-որ մեկին ճանապարհից վերցնելը անսովոր չի, ընդհակառակը՝ նորմալ եմ համարում։ մանկուց տեսել եմ, որ պապան երբեք դատարկ մեքենայով ոչ մի տեղ չէր գնում, ոնց էլ չլիներ՝ մի հոգու կվերցներ ճանապարհից։ քանի որ մեր գյուղը Երևան-Մեղրի ավտոմայրուղու հենց կողքին էր, ոնց էլ չլիներ կտեսներ հոգնած զբոսաշրջիկների, որ ավտոստոպով են ճամփորդում, կհրավիրեր տուն, կհյուրասիրեինք, կուղեկցեր, ինչ-որ մի կերպ կպատմեր հետաքրքիր ու դիտարժան տեղերի մասին ու խորհուրդ կտար այցելել։

ինչևէ, ներքևում շատ զարմացանք, երբ տեսանք մեր իսպանացի բարեկամներին։ որոշել էին իրենք էլ գնումներից հետո հետևել մեզ։ ասացին, որ հաճույքով մեզ հետ կբերեն ճամբար։ առաջին անգամ էի տեսնում Քարերի Սիմֆոնիան ու շատ տպավորվեցի։ շոգը նեղում էր, բայց ուզում էի քայլել՝ հաշվի առնելով ոնցա անցնում իմ միջին վիճակագրական օրը (նստած)։ ուզելը ապրեցնումա, կարողանալը սպանում։ չմերժեցինք առաջարկն ու իրենց հետ մեքենայով վերադարձանք։

ճանապարհին Անդրանիկը պատմում էր Հավուց Թառ վանքի ու թշնամու հարձակման ժամանակ զանգերի միջոցով եկեղեցուց եկեղեցի լուրը փոխանցելու մասին։

ճաշին մեր իսպանացի ծանոթները մեր կողքին էին։ Անդրանիկը նրանց հայկական/վրացական ուտեստ հյուրասիրեց։ սիրուն էր, հաճելի էր, զարմացան, բայց իմ ուղեղը սկսեց այլ վերլուծություններ անել։

մեր ամեն քայլը ինչ-որ մակարդակի ռիսկ ա պարունակում։ մենք չգիտեինք՝ ինչպիսի վարորդ էր, որ համաձայնեցինք իր հետ գնալ։ հատկապես, երբ վարձել են մեքենան և ծանոթ չեն տեղանքին։ մենք չգիտեինք, թե ուտեստը, որ հյուրասիրեցինք, ինչպես էր պատրաստված, ոնց կազդեր նրանց վրա։ մենք ոչ մի բան չգիտենք ամեն հաջորդ վայրկյանի մասին։ հաճախ անում ենք քայլեր առանց մտածելու հետևանքների մասին, պարզապես ներքուստ զգալով, որ սխալ չենք անում։ միայն հետհայաց են դրանք ռիսկային երևում։

վերջերս տարվել եմ Ջոն Գրինի գրքերով ու էսօր էլ գիրքը կարդալուց անմիջապես հետո նայեցի Looking for Alaska գրքի հիման վրա նկարած ութ(ոչ այնքան բազմա-)սերիանոց ֆիլմը։ դե ոնց որ միշտ՝ գիրքն ավելի տպավորիչ էր։ բայց կարևոր գիծը պահպանված էր՝ լավագույն հարցերն անպատասխան են մնում։ հիմա իմ հարցերից մեկը՝ ինչպե՞ս ենք մի վայրկյանից էլ քիչ մտածում ինչ-որ բան անելուց առաջ, երբ հետևանքը կարող է ժամեր ու ամիսներ խլել մեզանից։

հոգ տար քո մասին

յոթ տարի բլոգել(ր)

հեյ,

եկել եմ ուղղակի ասեմ, որ բլոգս յոթ տարեկան դարձավ։ տորթ ու մոմեր չկան էս ծննդյան օրվա համար։ կան միայն մարդիկ, որ կարդում են գրածները, մեկնաբանություններ թողնում, կան մարդիկ, որոնց համար սա ուղղակի ժամանակի կորուստա, ինքնակոչ ինչ-որ արտահայտություններ ու ընդհանրապես՝ ինչ ես անում։

ինչքան էլ տոնից-տոն եմ գրում, ինստագրամշիկների նման ակտիվ չեմ, չգիտեմ՝ որտեղից ու ինչու համոզված եմ, որ սեփական դոմեն ունենալն ու սեփական կայքում բլոգելը շատ ավելի մեծ արժեք ա ու ինչ-որ չափով (անամոթ ինքնահավանություն) հպարտ եմ, որ ինստագրամատիկտոկներում չեմ «բլոգեր»։

բլոգի ստեղծման պատմությունը գրել եմ անցած տարի արդեն ու եթե հետաքրքիրա, կգտնես էստեղ։ էսօր շատ խոսելու հավես ու տրամադրություն չունեմ։ ընդունվում են շնորհավորանքներ։

անկախ ամեն ինչից ես շարունակելու եմ գրել էն ազատության մասին, որ ոչ թե երազանքա, այլ արդեն պայքարա դարձել։ կարդացողներին էլ հատ-հատ շնորհակալ եմ։

հոգ տար քո մասին

բոլգերների միջազգային օրը

Հեյ,

ամեն տարի մոռանում եմ էս օրվա մասին ու օրվա կեսին մի տեղից կարդում, ու ամեն տարի նույն արտահայտությունն եմ անում՝ վաաա՜յ էսօր մեր տոննա…էս տարի մի տեսակ տարբեր էր։ մամաս առավոտյան շնորհավորեց ու առավոտս սկսեց տոնական տրամադրությամբ։ այո, ես ինձ համարում եմ բլոգեր։ թող լինեմ կամ թվամ միքիչ մեծամիտ, բայց ես գրում եմ, գրում եմ սիրով, գրում եմ, որովհետև կարծում եմ, որ դա ճիշտա, գրում եմ, որովհետև կան մարդիկ, որ մեկ-մեկ կարդում են ու գրում եմ, չնայած շատ քչերն են կարդում։

էսօր Անդրանիկի հետ խոսում էինք, որ ինստագրամշիկներն ու տիկտոկերները փչացրել են «բլոգեր» բառը։ երբ մեկին ասում եմ, որ բլոգում եմ, անպայման պատկերացնում են, որ ինստագրամում եմ կամ տիկտոկում։ հետո երբ հարցնում են՝ ոնց հետևենք քեզ ու ես ասում եմ կայքիս անունը, մի տեսակ անդուր լռությունա լսվում։ ուղղակի արդեն էնքան ենք ասել, որ ինստագրամն ու տիկտոկը հավերժ չեն, եթե արժևորում եք ձեր ստեղծած նյութը, տեղադրեք դա ձեր իսկ սեփական հարթակներում, որ էլ չեմ խոսելու էդ մասին։ (անամոթ սուտ)

մի քանի ամիս առաջ ստացա աշխատանքի առաջարկ՝ բլոգներ գրել գերմանական մի ընկերության համար ու սիրով ընդունեցի։ կա շատ մեծ տարբերություն՝ գրել ինչի մասին, որ ուզում ես-ի և գրել, որովհետև ուզել են, որ դրա մասին գրես-ի մեջ։ ինչ խոսք, քանի որ շատ հողեղեն եմ, ինձ դուր ա գալիս գրել ինչի մասին, որ իսկապես ուզում եմ, բայց դե գրել ու դրա դիմաց գումար վաստակելն էլա շատ հաճելի։ ։Դ

մի քանի օր առաջ խոսում էինք Հայաստանի լավ դպրոցների մասին ու Նորայրը նշեց Մխիթար Սեբաստացին ու կարևորեց՝ էնտեղ երեխեքին սովորեցնում են, ստիպում են բլոգել։ Ես լիովին համաձայն եմ Նորայրի հետ, հիշում եմ, երբ առաջին (ու վերջին) անգամ էդ դպրոցում էի ու գաղափար չունեի բլոգելու մասին, տեսա, թե ինչպես են հինգ-վեցերորդ դասարանի երեխաները համակարգիչների առաջ նստած իրենց սեփական հարթակը ստեղծում ու բլոգում։ Միգուցե դա էլ էր պատճառ, որ 2016 թվականին որոշեցի ես էլ իմ հարթակն ունենալ ու գրել, միգուցե Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ինձ էլա սովորեցրել բլոգել։

ավելի մեծ անկախություն ու պաշտպանվածության զգացողություն, քան քո սեփական հարթակում գրելն է, չկա։ ես համոզված եմ, որ իմ բոլոր բլոգներն ու նկարները կլինեն օնլայն ու հասանելի էնքան ժամանակ, ինչքան, որ ես ուզեմ, ինձ ոչ մեկ չի արգելափակի, մի օր չեմ արթնանա ու իմանա, որ իմ հարթակը վաճառել են։ բացի դրանից, որ ավելի կարևոր ա, ես չեմ ստիպում մարդկանց գրանցվել էս կամ էն սոց ցանցում ինձ կարդալու համար։ նրանք ստիպված չեն անձնական տվյալներ տալ իմ նյութերը կարդալու համար։ կարող են պարզապես բացել կայքն ու կարդալ, կամ RSS հոսքը վերցնել ու դրանով հետևել ինձ։

բլոգեք ազատ ու ազատության մասին։

մի սպասեք, որ ինչ-որ ալգորիթմ պետք է ձեր նյութը ավելի շատ տարածի։ շատ արհեստական ու կառավարելի եք դառնում։

շնորհավոր բոլոր էն մարդկանց օրը, որ գրում են ազատ համակարգերում ազատ համակարգեր սիրող մարդկանց համար։ էսօր իսկապես ձեր տոննա։

հոգ տար քո մասին

մեր մանկության բզեզները

հեյ,

էսօր երեկոյան քայլելիս Ամիրյանի մայթերից մեկին փոքր բզեզ տեսանք, ու ես հիշեցի իմ մանկության ամենահիմար ու ամենահետաքրքիր զբաղմունքներից մեկը։

մեր տան հետևի սարը (ես գիտեմ, որ շատերդ կպատկերացնեք մի քանի ժամ քայլելու ճանապարհ, իսկ ես բախտավոր էի, ընդամենը 5-10 րոպեի քայլելու ճանապարհ էր) մի քանի տարի առաջ աշխարհի ամենականաչ ու ծաղկառատ սարերից մեկն էր։ երևի չկար դաշտային ծաղիկ, որ էդտեղ չգտնեինք։ մարտ-ապրիլին ամբողջը ձնծաղիկների ծով էր, հետո դաշտը դառնում էր կապույտ ու դեղին զանգակների դաշտ։ դե չասեմ՝ ինչ մաքուր ու ինչ հաճելի օդ կար։ ափսոս՝ էդ ժամանակ չեմ գնահատել էդ, որովհետև մտածել եմ, որ էդպես էլ պետք է լինի էլի։ հիմա էդ սարը փշոտ ու անապատային տարածքա դարձել։ մեղավորներին չգիտեմ, պատճառը հաստատ չեմ կարող ասել, բայց հավանաբար շատ անխղճորեն արոտավայր դարձնելն էր։ ինչևէ, պատմությունը բզեզների մասին էր։

վերցնում էինք լուցկու տուփերն ու գնում բզեզներ հավաքելու։ ամեն տուփի մեջ մի հինգ-վեց հատ հավաքում էինք։ հաճելի բզզոց կար էդ տուփերի մեջ 10-12 տարեկան երեխայի համար։ որոշները սիրում էին բզեզների ոտքերից թել կապել, դնել տաք երկաթին։ տաքանալուց հետո բզեզը բացում էր թևերն ու թռնում։ ընկերներս էլ ուրախ հետևում էին էդ բզեզի թռիչքին։

իմ պլաններն այլ էին։ մեր դասարանի Արծրունի մաման բուժքույր էր։ ամեն տեսակի դեղեր ու ներարկիչներ կային իրանց տանը։ Արծրունը ամեն օր մի տարօրինակ դեղ էր բերում, ամեն օր մի տարօրինակ հեղուկ։ տարբեր դեղեր խառնում էի իրար, էնքան էի սրվակներ բացել, որ արդեն ինձ փորձառու բժիշկ էի պատկերացնում։ մի դեղը մյուսին խառնելիս տարբեր գույներ էինք ստանում, բույսերից հեղուկ էինք քաշում ներարկիչներով՝ կանաչ ստանալու համար, անձրևաջուր էինք հավաքում, էդ էլ էր մեր «թույների» բաղադրիչը։ հիմա պատմության ամենադաժան մասը։

էդ մեր հայտնաբերած տարբեր «թույները» մենք ներարկում էինք բզեզների մեջ։ մի տեսակից բզեզը ուղղակի չորանում էր, մնում տեղում, մյուսից ուռչում էր, որոշ ժամանակ անց հեղուկը մարմնից դուրս էր գալիս, նորից երջանիկ թռնում էր բզեզը։ ու ես ինձ էնքան ուժեղ էի զգում էդ թույներով։ ես համոզված էի, որ դրանք վտանգավոր էին կյանքի համար։

հիմա հավաքածս բզեզների քանակի հազարապատիկ չափով ամաչում եմ էդ մանկությանս էդ զբաղմունքի համար։ խղճում եմ էդ բզեզներին։ բայց նաև մի քանի հազար անգամ ավել կարոտում եմ էդ անհոգ ու հիմար ամառները։ էդ ինչ-ուզում-ես-արա-երբ-ուզում-ես-արա ամառները։ էդ դաշտերի մաքուր օդը, հազար անգամ քարերին ընկած լինելու պատճառով վերքոտված ծնկներն ու արմունկները, սևացած դեմքն ու գզգզված մազերը։

էսօր Անդրանիկը հարցրեց, թե եթե հետ գնալու ու ինչ-որ պահի ինչ-որ բան փոխելու հնարավորություն լիներ կյանքում, ինչ կփոխեի։ երևի ուղղակի բզեզներին չէի սպանի։ մնացած ամեն ինչը ներելի են։

հոգ տար քո մասին

կիրակի

Disclaimer at the beginning: էս պատմությունը գրելը զուտ նոր գիրք կարդալու արդյունքա։ ուրիշ օր սա կհամարեի հիմարություն ու չէի պատմի։ բայց մենք անզոր ենք մեր ցանկությունների դեմ, հատկապես, երբ դրանք վնաս չեն պատճառում ուրիշներին։

հեյ,

իմ շաբաթը սովորաբար շատ ձանձրալիա անցնում՝ միայն աշխատանք։ ինչքան էլ, որ սիրով եմ աշխատում, մեկա մի տեսակ մտածում եմ՝ միգուցե մի օր զղջամ էս օրերին ինչ-որ արկածներ չունենալու համար, մի օր կասեմ՝ աաաայ էն ժամանակ, որ ջահել էի, պետք է սա անեի, սա անեի ու տենց։ դե կյանքա, ոնց ասումա Ջոն Գրինը «Անվերջ Կրիաներ»-ում՝ «Կյանքի համար լավ կարգախոս է՝ ցավում է, թե չէ, էդքան էլ կարևոր չէ»։
որոշեցի կիրակիս հետաքրքիր ու սիրուն դարձնել, անել ինչ-որ հիմար բան։ դուրս եկա տնից էն մտքով, որ մի խենթություն եմ անելու։ հենց հասա կարմիր լույսին, մտածեցի՝ հըմ, վազելով անցնել մեքենաների մեջով, վտանգավորա, պետք չի։ Էդ պահին մի մոտոցիկլ եկավ ու կանգնեց ուղիղ իմ դիմաց։ Իսկ ինչ, եթե գնամ ու խնդրեմ միքիչ վարել իր հետ։ չէ, ինչ իմանաս՝ ուր կհասնես, էլի վտանգավորա։ ուրեմն էդքան էլ պատրաստ չեմ ինչ-որ խենթության։ գիրքս հետս էր։ նստեմ պատահական ավտոբուս ու գնամ՝ ուր որ կտանի։ վատ միտք չէր։ նստեցի ու սկսեցի գիրքս կարդալ՝ ուսումնասիրելով շոգից մի տեսակ հոգնած ու տխուր մարդկանց։ դե ես ինձ հույս եմ տալիս, որ նրանք շոգից են տխուր, ու համոզված եմ, որ այլ խնդիրներ չունեն։ մեկը նստեց կողքս ու սկսեց ուշադիր գրքիս նայել։ միգուցե կարդում էր՝ չգիտեմ։ մի տեսակ անհարմար զգացի՝ հարցնել։ հաջորդ կանգառին նստեցին մեծ ուսապարկերով տղաներ։ մեկը ուսապարկին հենված քնել էր, ու ինձ անընդհատ թվում էր՝ հիմա գլխի վրա շուռ կգա։ մեծ ոլորանին վեր թռավ, երևի ինքն էլ քնի մեջ զգաց, որ հիմա կընկնի։ հասա ավտոբուսի վերջին կանգառ։ վճարեցի ու իջա էն մտքով, որ հաջորդով հետ կգնամ։ ցավոք տարածքը շատ ծանոթ էր ու ես էնտեղ անելու ոչինչ չունեի։ պարզվեց՝ հաջորդը գնալու էր նույն ավտոբուսը։ ու ես տեսա՝ «հիմարա էս աղջիկը» արտահայտություն վարորդի դեմքին, երբ նորից նստեցի ավտոբուս։ Տան ճանապարհին որոշեցի դաշտային ծաղիկներ գնել։ Հենց նրանցից, որ փոքր ժամանակ հավաքում էինք ու փնջեր պատրաստում։ Վաճառողը մի կերպ ելավ տեղից, դանդաղ մոտեցավ։ Հարցրի ծաղիկների գինը, իսկ նա պատասխանեց, որ դրանք էդքան էլ լավը չեն։ Հարցրի, թե չե՞ն վաճառում։ Ասաց, որ վաճառում են, բայց դրանք էդքան էլ լավը չեն, այ կակաչները լավն են, գիշերը փակվում են։ Ես կակաչներ չեմ ուզում, ես ուզում եմ դաշտային փշոտ ծաղիկներ։ Թողեցի ու քայլեցի տուն էն մտքով, որ նա միգուցե ուզում էր ինձ ավելի թանկ ծաղիկ վաճառել, կամ էլ իսկապես լավը չէին դաշտային ծաղիկները։
մի տեսակ ձախողվեց հիմարություն անելու պլանս։ բայց էդ էլ եմ համարում հիմարություն։ մի օր հիշելու ու ծիծաղելու պատմություն։ եթե դու պլանավորել ես ձախողվել, բայց ձախողել ես պլանդ, հիմա հաջողե՞լ ես, թե՞ ձախողվել։ Չգիտեմ։
հոգ տար քո մասին

չգիտեմ

հեյ,

արթնացել էի թե’ ֆիզիկապես, թե’ հոգեպես էնքան քամված, էնքան անէներգիա, որ չէի ուզում արթնանալ ընդհանրապես։ շաբաթը գերհագեցած էր աշխատանքային առումով, ու ես էլ նվիրվեցի մինչև վերջ։ ուրբաթ կեսօրին արդեն հասկանում էի, որ չեմ ձգում։ ու էսօր առավոտյան կանգնեցի դիլեմայի առաջ՝

թողնել ամեն ինչ, մնալ անկողնում, ֆիլմեր ու հոլովակներ նայել, լռել, լռության մեջ մնալ, հանգստանալ, թե վեր կենալ, պլանավորած գործերը անել, ինչքան էլ որ իսկապես չունեմ էներգիա։

խնդիրն էնա, որ երբ կան անելիքներ, երբ ես գիտեմ, որ սա միակ օրնա էդ ամենն անելու, միտքս չի հանգստանա, մինչև չվերջացնեմ էդ գործերը, ինձ մեղավոր կզգամ, եթե պառկեմ ու ինձ հանգստին տամ։

որոշեցի քչից սկսել։ շատ դանդաղ վայելել առավոտյան սուրճը (նույնիսկ նախաճաշելու հավես չկար), նայել երեկվա կիսատ թողած ֆիլմը, տեսնել օրն ուր կգնա։

հետո խոհանոցին անցա, մի քանի բան մաքրեցի, հավաքեցի, ընթացքում պոդկաստ լսեցի, շեղեցի մտքերս իմ հոգնածությունից, իմ էս անդուր վիճակից։ ու ամեն մի գործ անելիս մտածում էի, որ հենց դա վերջացնեմ, պառկելու եմ, հանգստանալու եմ։

չեղավ նման բան, հիմա մտածում եմ՝ քայլելու գնալ, բայց դեռ չգիտեմ՝ դա ա՞ ճիշտը՝ հանգստանալու համար, թե էլի շարունակում եմ հյուծել ինձ։ այ էդ ինքնամեղադրանքնա ստիպում քայլելու գնալ, չպառկել, ինչքան էլ, որ էդ պետքա օրգանիզմիս։ մի օր էլ դրան կհաղթեմ, մի օր էլ էնքան պատրաստ կլինեմ, որ պառկել ու ոչինչ չանելն էլ օրվա անելիքների ցանկում կլինի։ ու դրանից ես ինձ վատ չեմ զգա։

հոգ տար քո մասին

iPhone-ից անPhone

հեյ,

մի քանի օր առաջ մի հոլովակ էինք նայում, որտեղ փորձարկում էր՝ առանց հեռախոս ապրելու։ հիմնական իմաստը հեռախոսից ու դրա բազմաթիվ հավելվածներից կախվածությունը վերացնելնա։ էդ փորձից պարզվեց, որ էս ժամանակներում առանց հեռախոս ու հատկապես առանց սմարթֆոն ապրելը բավականին դժվարա, եթե ոչ անհնար։ մենք ոչ միայն հասանելի ենք լինում հեռախոսի շնորհիվ, այլ նաև վճարումներ ենք անում, անծանոթ վայրերով ճամփորդելիս օգտվում ենք քարտեզից, նոթեր ենք գրում հեռախոսի մեջ ու էսպես շարունակ։ հեռախոս ունենալը դարձելա կյանքի պարտադիր պայման։

ես էլ ունեմ կախվածություն հեռախոսից ու մի քանի հավելվածներից, ու զգում եմ, թե ինչպես եմ առանց մտածելու վերցնում հեռախոսս աչքերս բացելուն պես։ մի քանի ժամ վատնում եմ հեռախոսի մեջ, ոչինչ չեմ ստեղծում, ուղղակի սպառում եմ։ ու սա ինձ դուր չի գալիս։ եթե մի շրջան կար, որ դա ինձ իսկապես հարկավոր էր՝ անիմաստ մտքերը ցրելու, ուղեղս ուղղակի դատարկելու համար, հիմա պարզապես խանգարումա ինձ, թույլ չի տալիս էդ ժամանակն ավելի ստեղծարար օգտագործել, տասնյակ գրքեր կան, որ իրենց հերթին են սպասում, իսկ ես դեռ հեռախոսի մեջ եմ։

ու սկսեցի մտածել հեռախոսը իմ առօրյայից առնվազն մի ամսով հանելու մասին՝ հասկանալու համար, թե իրո՞ք էդքան բարդա առանց հեռախոս ապրելը։ վճարումներ կատարելու համար ստիպված կլինեմ մոտս պահել բանկային քարտս, կապի մեջ լինելու համար լափթոփս կօգտագործեմ։ նկարներ անելու համար ավելի հաճախ կվերցնեմ խցիկս։

արդեն գրեթե մեկ տարի է՝ չունեմ հեռախոսահամար ու չեմ ստանում հեռախոսազանգեր, մերոնք գրում են ինձ, իսկ զանգելու համար օգտագործում են մեսենջերների զանգային հնարավորությունները։ էդ նաև հնարավորա իմ լափթոփով, ուրեմն էստեղ էլ խնդիրներ չեմ ունենա։

դեռ հստակ չեմ որոշել, թե երբ կսկսեմ փորձարկումս։ բայց հետևելու եմ, թե ինչ նոր սովորություններ են առաջանում էդ շրջանում։ ուշադիր եմ լինելու, թե ինչ եմ վերցնում ձեռքս, երբ չկա հեռախոս։ քո հետ էլ կկիսվեմ փորձարկումովս, թե ինչ դժվարություններ են լինում, կամ ինչ հաջողություններ ունեմ։ ի վերջո՝ գալու ա մի օր, երբ բացարձակ անհնարա լինելու նման փորձարկումներ անելը, ես հիմա օգտվում եմ առիթից։

հոգ տար քո մասին

մարքեթինգային սկամերները

Հեյ,

Էսօր բանկից էլ փոստ ստացա քարտային տվյալները այլ անձանց չտրամադրելու մասին: Էլ փոստին կցված էր էս նկարը՝

ֆիլմային սկամեր

տպավորությունա ստեղծվում, որ բոլոր սկամերները կամ կիբեր հանցագործները հուդիներով քուլ մարդիկ են: իրականությունը լրիվ հակառակնա:

ես ամեն օր առնչվում եմ սկամերների ու իրանց ստեղծած կայքերի հետ, ուղարկած հաղորդագրություններին: ու հաճախ հեռախոսազրույցներ եմ ունենում: իրենք բացարձակ չունեն էդ քուլ կերպարը:

ֆիլմերից մնացած խելացի հաքերների կերպարը անտաղանդ սկամերներին վերագրելը դուրս չի գալիս: Եթե համեմատելու լինենք, իրական հաքերները ռոբին հուդեր են՝ աշխարհում անհավասարությանը վերջ տալու ձգտումով, մինչդեռ սկամերները պարզապես մարդկանց հույզերի վրա ազդող, անտեղյակությունից օգտվող ու գումար կորզող մարդիկ են:

ինչևէ՝ հեռու մնացեք երկուսից էլ :Դ ու երբեք մի փոխանցեք ձեր գաղտնաբառը երկրորդ անձի: Ոչ մի բանկ երբեք ձեզնից չի հարցնի ձեր քարտի կոդը, ոչ մի բանկ ձեզնից չի խնդրի անցնել հղումով ու փոխել ձեր գաղտնաբառը: Եթե նկատել եք, բանկը ձեզ ուղղորդում է միայն՝ մտեք ձեր հաշիվ, գնացեք կարգավորումներ բաժինը…. երբեք ու երբեք մի սեղմեք անծանոթ էլ փոստից եկած հղումի վրա:

Հոգ տարեք ձեր ապահովության մասին

Հոգ տար քո մասին

զրուցելու մասին

հեյ,

չգիտեմ որտեղից, բայց հավանաբար փոքրիկ իշխանից սովորել եմ, որ զրուցելը, մտքերն արտահայտելը եղել է ու կա լավագույն բանը, որ կարող էր լինել մարդ արարածի հետ։ հենց դրա համար ենք մենք մարդ, որ կարող ենք խոսել, դրանով ենք տարբերվում մյուս կենդանի արարածներից։ ու շատ վատ զգացի, երբ հասկացա, որ ինչքան էլ կարևորում եմ զրուցելը, մեկա փախնում եմ դրանից, մեկա՝ ամենակարևոր պահին փակվում եմ իմ մեջ ու չեմ խոսում։

ու երեկ, երբ էնքան փակ էի, երբ էնքան էի ուզում ուղղակի լուռ մի բան նայել ու գնալ քնել, ինձ գրեց Գոհարը ու մենք հանդիպեցինք փաբերից մեկում։ ու էդ զրուցելը՝ իրենց՝ Վրաստան գնալու փորձից, հայ-վրացական, հայ-ադրբեջանական հարաբերություններից, ոչ թե կառավարությունների, այլ հասարակ մարդկանց վերաբերմունքից, մեր հին ու անդարդ օրերից, մեր ձախողումներից, փաբում եղած ծեծ ու ջարդից, ինձ չթողեցին էլի մի ավելորդ անգամ մտնել իմ ստեղծած կաղապարի մեջ ու մնալ էդ մութ ոչ մի բան չտվող տարածքում։

էստեղ ուզում եմ անպայման թողնել Գոհարենց պատրաստած նոր հոլովակը, որտեղ վրացիները խոսում են հայերի մասին, հայ-վրացական հարաբերությունների մասին։

էսքանը, ուզում էի ասել՝ ունեցեք մարդիկ, որ ձեզ կհանեն ձեր լռող կաղապարից, խոսեք, զրուցեք, դա միայն հաճելիա։