Կարգերով պահոցներ՝ մտքեր

հիշում ե՞ս

հիշու՞մ ես մի օր, որ չէինք մտածում տան վարձի, կանաչի գնելու ու լվացքի հեղուկի ընտրության մասին, հիշում ե՞ս, որ անում էինք էն, ինչ սիրում էինք, հիշում ե՞ս, որ միակ բարդ խնդիրը մեր առաջ Դուրյանի «Լճակը» անգիր սովորելն էր, նայեինք՝ մաման չի նայում, հյուրերի համար պահած շոկոլադները թռցնելն էր, սպասեինք՝ տնեցիք քնեին, որ երկար կոմպի դիմաց նստեինք։ Հիշում ե՞ս ինչքան էինք սպասում վաղվան՝ շուտ քնեմ, որ վաղը շուտ գա, մամ քանի օր պիտի քնեմ-արթնանամ, որ նոր տարին գա, հիշում ե՞ս։ Մամ, մեծ սլաքն ու փոքր սլաքը որի՞ վրա պիտի լինեն, որ մուլտս միացնեմ։

Հիշում ե՞ս, որ լացելն ամոթ չէր, բայց ասում էին՝ ամոթա, մի լացի։ Հիշում ե՞ս, որ նոր տարին մեր տոնն էր, մենք չկայինք ստալիչնի-բլինչիկ կռվում, մենք սպառողն էինք։ Հիշում ե՞ս, որ մենք հյուրերի վերարկուների վրա հանգողն էինք, մինչև մաման ազատվեր, տեղաշորը բացեր ու քնացներ մեզ։

Հիշում ե՞ս, որ չէինք մտածում կյանքի իմաստի մասին։ Ընդունում էինք, որ դե տենց էլ պիտի լիներ։ Ինձ արագիլը բերելա, էս իմ մաման-պապան են, էս իմ քույր-եղբայրն են ու ես իրանց հետ եմ ապրում։ Հիշում ե՞ս, որ չէինք ասում՝ իսկ ինչի ես պետք ա ապրեմ, իսկ ինչի՞ հենց ստեղ, իսկ ինչի՞ հենց հիմա։

Հիշում ե՞ս, որ մի շոկոլադով մեր սիրտը շահում էին, մեր օրը լցվում էր, հիշում ե՞ս, որ արմունկներին ու ծնկներին տարին երեք հարյուր վաթսունհինգ օր վերքեր կային։ Հիշում ե՞ս ոնց էինք նայում՝ մաման չտեսնի, որ ընկա, թե չէ տուն կկանչեր։ Հիշում ե՞ս ոնց էինք փոշոտ ու քրտնած, բայց վառվռուն աչքերով տուն գալիս արագ մի բան ուտելու ու էլի դեպի փոշիները, գնդակը, պարանը, պահմտոցի-հալամուլան վազելու։

Հիշում ե՞ս ընկերներիդ գոռոցը պատուհանի տակ։ ու հիշում ե՞ս՝ ոնց էիր խնդրում ծնողներիդ, որ թողեն՝ դուրս գաս խաղալու։ Հիշում ե՞ս՝ ոնց էինք խոստանում, որ էդ օրը կսովորենք անգիրը ավելի արագ, որ կհավաքենք սենյակը, մենակ թե թողնեին խաղալու գնալ։

Հիշում ե՞ս ոնց էինք լացում, երբ մեկա էդ խոստումները օգուտ չէին տալիս ու հիշում ե՞ս ընկերներիդ հիասթափված դեմքերը, երբ ասում էիր՝ մաման չի թողնում։

կգա՞ս հետ գնանք ըտեղ։

ստեղ շատա, ստեղ բարդա, ստեղ լվացքի հեղուկի գինն իմանալ ու լավ հոտովը ընտրել կա, ստեղ տան վարձ կա, 9-5 աշխատանք կա, շեֆին դիմանալ կա, հազար ու մի բանի դիմանալ կա, ստեղ բոլորին հասկանալ, ընկերներ ընտրել կա, տողատակեր կարդալ կա, կեղծավորությունը հասկանալ կա, սուտը մարսել կա, առավոտը մեջքի ցավից արթնանալ կա, բժիշկներից վախենալ չկա, որովհետև արդեն ընկերացել ես հետները, ստեղ կռիվ կա, ստեղ մահ կա, ստեղ պատերազմներ են, ստեղ նորություններ են, ստեղ ցույցեր են, ստեղ տհաճա։

կգա՞ս հետ գնանք։

ես ձևը կգտնեմ։

էնքան սիրունա մեր տան բարդակը
նոր ստացած գիրքը,
դատարկ բաժակը,
կեսը վառված մոմ,
ծխացող ծուխը…
բանալիները,
որ նոր բացեցին մեր տան դռնակը
ու ինձ չի հուզում մեր տան բարդակը…

ինստագրամի անկումը

հեյ,

պրովոկացիոն վերնագիր եմ գրել, բայց դե ապագան կանխագուշակելը ոչ մեկ չի արգելել։ էս մասը կարար չափածո լիներ՝

պրովոկացիոն վերնագիր եմ գրել,
բայց ապագան գուշակելը
ոչ մեկ չի արգելել

ինչևէ, էսօր շատ խոսեցինք ինստագրամի ու տիկտոկների մասին, ու ես էլի ջղայնացա։ ու ես էլի չեմ հասկանում։ ու ես էլի չեմ հասցնում։ ես կուզեի թակել բոլոր ինֆլուենսերների դռները ու ասել՝ դուք հավատում ե՞ք Եհովային… էէէէ…. դուք հավատու՞մ եք ինստագրամի հավերժությանը։

էնքան սիրուն կոնտենտ (նյութ, բովանդակություն) են ստեղծում, էնքան էներգիա ու ժամանակ են ծախսում, խնդիր չկա, գումար են վաստակում, բայց էդ անտերը կայուն չի, էդ անտերը մնայուն չի։ ասում եմ «անտերը», բայց էդ անտերը տեր ունի, ու էդ տերը դու չես։

Լինում է չի լինում մի ինստագրամ է լինում, մարդիկ այնտեղ ապրում էին խաղաղ ու երջանիկ, սիրում էին ժամանակ անցկացնել այնտեղ ու մի օր չար կախարդը…Լիլի’թ (ինչպես սիրում են հաճախ դիմել ինձ) մի շեղվի….Ցուկերբերգը որոշումա, որ այ թվիթերը ծախեցին, ես էլ բռնեմ ու Մետան ծախեմ։ Նա վաստակում է շատ գումար, կառուցում է շաքարահացով ու մեղրով տուն…. Լիլիիիթ… հա կներեք, էլի շեղվեցի, մի խոսքով, ինչ ուզում անումա էդ փողի հետ ու գալիս ա նոր կախարդ՝ Էլոն Մասկի նման մեկը, ասումա՝ ես չեմ ուզում ինստագրամը սենց, ես չեմ ուզում անունը ինստագրամ լինի ու տենց լիքը չեմ-ուզումներ։ Մարդիկ, որ խաղաղ ու անհոգ ապրում էին այնտեղ, դժգոհություն են հայտնում նոր կախարդին, էս էլ, թե բա՝ հեչ էլ հայտնեք, ես եմ, իմ սոց կյանքը…կայքը։

Անզոր ու հուսալքված մարդիկ լքում են ինստագրամը։ իսկ եթե չկա լսարան, չկա ինֆլուենսեր։ արա չեն կարդում/նայում քեզ, ու՞մ ինֆլուենսես։

հեքիաթն ավարտվեց, խնձոր բան, չընկավ, գրավիտացիա չկա էս հեքիաթում։

Թվիթերի ժողովուրդը գնացին մաստոդոն։ բայց էս լրիվ ուրիշ պատմությունա։ ինստագրամի ժողովուրդը մնացին անտեր ու անտուն, անհայրենիք ու անփող։ հիմա չասես՝ կգնանք տիկտոկ, թե չէ մի հեքիաթ էլ տիկտոկի մասին կգրեմ։

էդ պահին, մի մանկիկ դուրս եկավ էդ կատաղած ամբոխի մեջից, ասաց՝ թագավորը մերկ է…չէ, տենց չասեց, ասեց՝ կայք սարքեք, ձեր սեփական կայքը ունեցեք, թող ձերը լինի, ոչ թե ցուկինը, թող դուք որոշեք՝ երբա փակվելու, երբա դադարելու գոյություն ունենալուց։

հենց արձանս մի տեղ մի օր կառուցվի, (ինքը…իրա ամբիցիաները) տակը կգրեք՝ կայք սարքեք, բլոգեք, արա։

հոգ տար քո մասին

շարունակելի….

իդեալականի որոնումներում

հեյ,

բլոգը գրում եմ սա լսելով, ու եթե ուզում ես մի պահ նույնանանք, խնդրեմ։

կյանքը մեկ-մեկ շատ անարդարա, կյանքը սխալա, կյանքը իդեալական չի, ու դա մենք նկատում ենք գրեթե ամեն օր, մենք կամ բարձրաձայնում ենք էդ մասին, կամ նեղվում ենք էդ մտքից ու ետ քաշվում։

իսկ ինչ, եթե ուղղակի բաց թողնենք կյանքը, սենց մի տեսակ քամոտ եղանակին մի կտոր ծուռտիկ թղթով անհավասար թևերով ինքնաթիռի նման։ թողնենք։

ամեն օր ինքս մեր հետ կռիվ ենք տալիս, այ էստեղ փոշի կա, պետք է իդեալական մաքրեմ, հագուստները դարակում խառնել ես, ես կոկիկ դասավորել էի, բաժակներին թեյի հետքեր կան, բեր սոդայով շփենք, որ փայլի, ձեռագիրս լավը չի էս մի գրվածքում, բեր նորից գրեմ, գրքերը ուղիղ չենք դասավորել, նորից ուղղենք գրապահարանը, կոշիկներդ չես դրել դարակում, հիմա էստեղ փոշեկուլել չեմ կարող, վարագույրը ծխից մգացելա, պետքա լվանալ, նորից կախել, էս սթորիում սխալ արտահայտվեցի, նորից նկարենք, էս հոլովակում մազս ծուռ էր, նորից ասեմ….շունչս կտրվեց։ ինչի՞ համար ենք իդեալականին ձգտում, եթե կա շատ սիրուն, շատ ներդաշնակ, շատ հանգիստ մի բառ՝ ՆՈՐՄԱԼ։

էս վազվզոցի մեջ, էս կյանքի անողոք (չեմ էլ վախենում էս ճոռոմ բառը օգտագործելուց) պայքարի մեջ ինչքան կարելիա ձգտել իդեալականի։ ախր դա սպանումա։ դա հյուծումա։ մեր ցանկանալուն չհամապատասխանած կարողանալը սպանումա մեզ։ հայտնվում ենք պատի առաջ, որին ուղղակի գլխով տալիս ենք առանց մի երևելի արդյունքի։

օկ, շորերը պահարանում կարող են նորմալ դասավորված լինել, էս անգամ էլ կոշիկները թող չդնի պահարանում, վարագույրը կլվանք, երբ հասցնենք, իսկ բաժակի թեյի հետքերը չգիտեմ, մի հինգ տարի հետո չենք էլ հիշելու, որ էդ օրը բաժակին թեյի հետքեր կային։

երկու կարևոր բան կա, որ սովորել եմ վերջին շրջանի իմ փնտրտուքներում՝

1)եթե մարդու թերությունը չի կարող ուղղվել հինգ րոպեի ընթացքում, մի խոսա դրանից

2)եթե հինգ տարի հետո էդ մասին չես հիշելու, ուրեմն դա երկրորդական բանա, մի էդքան կարևորի դա ու մի դարձրու խնդիր

ուր ու ինչի համար ենք վազում, ում համար ու որ նպատակով ենք կռվում։ հինգ տարի հետո մեզ հիշող լինելուա՞ ու ինչի՞ համարա հիշելու։ էդ ա միակ իմաստը։ յեյ։ վերջապես գտա իմաստը։ էդքան խոսում էինք դրա մասին ու էդքան չկար ինքը։ հիմա գտա։

գնամ ֆուտբոլս նայեմ ու թողնեմ վարագույրը ծխից սևացած։ մի օր կլվանամ։

հոգ տար ՔՈ մասին

շարունակելի…

գունավորիր կյանքդ

հեյ,

ասում են ներկելը լավ թերապիայա, ես էլ մտածեցի՝ օկ, էդ էլ փորձենք, տեսնենք էս անընդհատ ինքնաքննադատ ու կասկածող միտքս ոնց ա հանգստանում։

բուկինիստից գտա «գունավորիր Երևանի արձանները» ներկիր-ինքդատիպ մի բան ու սկսեցի մի տեսակ խաղալ մեր քաղաքի սիրված-ճանաչված, կորած-սխալ պահպանված արձանների հետ։

օրինակ մտածեցի՝ ինչ վատ կլիներ, եթե Իսահակյանը էսպես հագնված լիներ։ «ինչ խոսք՝ տարօրինակ գույներ են» երևի մտածեցիր դու։

և ապա ես պարզեցի, որ օպերայի մոտի էն կլորի վրա հենց Ռոդենի արձանը չի, այլ արձան, որը քանդակելա Ռոդենը, ու արձանը կոչվում է՝ «ֆրանսիացի նկարչի արձան», պարզվումա՝ սա նրա ընկերոջ՝ Ժյուլ Բաստիեն-Լեպաժի արձաննա, նրա հանկարծակի մահը թույլ չի տվել, որ նկարիչը մեծ հռչակ վայելի ու դե Ռոդենն էլ լավ ընկեր էր, էս արձանով հարգելա ընկերոջը, մենք էլ նվեր ենք ստացել արձանը Սարկոզիից։ մի խոսքով՝ երկու իմաստով էլ ընկերություն ու բարեկամություն խորհրդանշող արձանա։

ինձ ահավոր դուրա գալիս Մայր Հայաստանի արձանը էստեղ։

Հետո ես որոշեցի, որ Նժդեհի արձանի փեշերը եռագույն չեմ անելու, չգիտեմ՝ ցը՞նդ։ քարկոծեք ինձ դե։

Ու քիչ առաջ էլ վերջացրի «Տղամարդիկ» արձանը՝ իմ ամենասիրած Սարյանի պուրակում։ մի տեսակ ոնց որ ասեմ՝ հոմոֆոբներ փախեք, բայց դե էդա, սա էլ իմ գույների ընտրություննա, ինչպես կասեր ցանկացած ինքնակոչ՝ ես էդպես եմ զգում։

և վերջում, հա, ինչ որ տեղ այո, հանգստացնումա ու խաղաղեցնումա ներկելը, եթե սիրում եք ինչ-որ բան գունավորել՝ արձան լինի, թե ձեր կյանքը։

էս կյանքը շատ բարդ ա, էսօր խոսում էինք, որ երկրներ կան, որտեղ ծնունդը տխրությունա, քանի որ մարդը գալիսա էս դաժան աշխարհ ու դե իհարկե՝ մահը երջանկությունա, քանի որ գնումա դրախտոտ տեղ։

ես մի տեսակ էդ հետոյին չեմ հավատում, չեմ սպասում ու չունեմ ակնկալիքներ։ ես մտածում եմ էս դու, էս քո կյանքը, արա նենց բաներ, որ հենց գնաս ու դառնաս ինչ-որ բույսերի համար սնունդ, հումուս, գոնե ապրածիդ երկու անգամ ժամանակ հիշվես, ու հիշվես դրականով, հիշվես թողածովդ, գնահատվես ու շնորհակալ լինեն քո էն մի փոքր ավելացրածի վրա։

առանց էդ էլ շատ ենք ու առանց էդ էլ էս մոլորակը մեզ էդքան էլ չի ձգում, եկեք միքիչ գոնե գունավորենք իրան՝ վառ գույներով։

հոգ տար քո մասին

շարունակելի…

գտած

հեյ,

էսօր ինձ գտել եմ։ էնքան երկար էի կորցրել, էնքան էի կարոտել ինքս ինձ։ էն եսը, որ ժամերով կքայլեր քաղաքում, պայուսակում ուներ սիրած գիրքը, որ կարմիր լույսի տակ կնայեր գրքին, ոչ թե հեռախոսին, էն եսը, որ սիրած երգեր ունի, որ ականջակալները միշտ հետն են, որ տարածության մեջ, ամեն խնդրից վերանալ էր կարողանում, խնդիրը զգում էր, վերլուծում էր, անցկացնում էր մեջով ու մոռանում խնդիրը կամ տալիս լուծում։

էսօր գտել եմ ինձ մեր սիրած քաղաքի փողոցներում, քայլում էր, շներին բարևում էր, ժպտում էր փոքրերին, որ անպայման ուզում են մամայի ձեռքից թողնել ու ինքնուրույն ընտրել՝ որ կողմ գնան։

էսօր գտել եմ ինձ՝ սիրած գրախանութ մտնելիս ու կարոտած գիրքը գնելիս։ էսօր գտել եմ ինձ՝ չկողմնորոշվելուց ընկերներին զանգել ու հարցնել՝ ուրա էս ինչ բանը, ես ստեղ եմ կանգնած, որ կողմ գնամ։

էսօր գտել եմ ինձ կանգառում սպասելիս։

էսօր գտել եմ ինձ Գոգի հետ խառը թեմաներ քննարկելուց, կատակելուց ու սիրած ամերիկանոն պատվիրելուց։

էսօր գտել եմ ինձ շոգից չբողոքելուց, որովհետև վերջապես տաքա, վերջապես գարունա։

էնքան լավա, որ գտնում ես քեզ, էնքան հավեսա, որ գիտես՝ որ եսդ ես դու, էն մեկը քո ընտրությունը չի, դու պայքարում ես էն մեկի դեմ, էն ժամանակավորա, վաղը միգուցե գա նորից էդ մյուսը, բայց հիշեցրու քեզ՝ որնա քո ընտրությունը։ հիշեցրու քեզ՝ դու կարմիր լույսի տակ գիրքդ բացող ու հերոսի հետ կյանքին արհամարհող, բոլորին քննադատող, բոլորի ճիշտ ճանապարհը իմացող ու քոնը մի այլ տիպի ամուր գծածն ես։

դու գիտես՝ ուր ես գնում ու ում հետ, դու ունես ընտրության հնարավորություն, ու դու արել ես էդ ընտրությունը։ սա ժամանակավորա, ու սա էլ կանցնի։

հոգ տար քո մասին

շարունակելի….

գժվելուց հետո

սերը երկար բառա
բայց մենք կարճ ենք ասում
«ե»-ն պետք է գոռա
շշուկով ենք ասսում

տողատակով
դանդաղ
կամ կատակով
ավաղ

սերը երկար բառա
ծիր կաթինից երկար
ու քո աստղը վառա
եթե գտաք իրար

սերը երկար բառա
սիրուն մի կրճատեք
որ սիրելուց հետո
իրար երկար
չատեք…

վեգան ափդեյթ

հեյ,

էս վերջերս անընդհատ քաղցրի կարիք ունեմ, ով գիտի տրամադրությունսա վա՞տ ։Դ չէ հա, ես ինչի պիտի վատ տրամադրություն ունենամ, իմ որ տարիքնա, իմ կյանքում ամեն ինչ հրաշալիա…

մի խոսքով, Լիլիթ ջան, սարկազմդ դիր գրպանդ, անցի բուն թեմային։

երեկ իմացա, որ օրեօն վեգանա, դրա մեջ ոչ մի կենդանական ծագման բան չկա, պահքի շրջանում կարող եք օրեօ ուտել, եթե չեք կարողանում սահմանափակել քաղցրը։

ինձ էլ եթե քաղցր եք ուզում բերել, խնդրեմ, օրեօ եմ սիրում շատ։ ահահահ

միամսյա՞կ

հեյ,

վաղը էս ձևական ամսվա վերջին օրնա, ու ես էսօր հազիվ հավաքվեցի, որ ասեմ՝ ինչքան չեմ սիրում էդ «միամսյակ» կոչվածը։

շատ հեշտա չէ՞ մի օր որոշել ու տարվա մեջ մենակ մի օր կարևորություն տալ ինչ-որ բանի։ ասենք՝ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության օրնա, էդ օրը մամաները, ինչքան էլ որ զբաղ լինեն, ինչքան էլ որ չունենան միջոցներ, ժամանակ, նյարդեր, երեխուն անպայման տանում են կենդանաբանական այգի, կարուսելներ, կավիճով նկարելու։ մարտի 8՝ ամբողջ տարին կնոջը ոչ մի նշույլ հարգանք չտածած տղամարդիկ ծաղիկ ու բանծիկով շահում են կնոջ սիրտը, էն կնոջ, որին ամբողջ տարին ասել են՝ ախչի կոֆե դիր կամ նման արտահայտություններ։ փետրվարի 14-ի մասին ես շատ մեծ հոգոցով լռում եմ պարզապես։

(մինչև հասցնեք դեմքիս թռնել, ասեմ որ խոսում եմ մեծամասնության մասին, բայց ոչ բոլորի, բոլոր կանոններն էլ ունեն բացառություններ ու եթե դու քեզ բացառություն ես համարում, շատ ուրախ եմ քո համար)

մի քանի օր առաջ քննարկում էինք կնոջ և տղամարդու հարաբերությունները։ ու ես ինչքան նյարդայնացա, երբ հնչեց, որ տղամարդը թագավոր է, իսկ կինը՝ թագուհի։ կինը պետք է աստվածացնի տղամարդուն։ կինը չպետք է աշխատի գումարի համար, այլ միայն իր հաճույքի։ կինը…կինը…կինը….

իսկ ինչ եթե մի պահ վերանանք էդ սեռեր կոչվածից։ իսկ ինչ եթե էդ երկու դեմքերին նայենք որպես մարդ, ի դեպ՝ բանական մարդ. հոմո սապիենս։ երկուսն էլ ունեն երկու ձեռք, երկու ոտք, երկու աչք…մի խոսքով բավականին նման են։ միայն մի տարբերությամբ՝ կինը կարող է երեխա ունենալ, իսկ տղամարդը՝ ոչ։ կինը առանց տղամարդու չի կարող երեխա ունենալ։ էսքաննա էս երկու դեմքերի տարբերությունը, որ չենք կարող ոչ մի կերպ հերքել, էդա բնությունը, տենցա որոշվել։

հնագույն ժամանակներում որոշվել էր, որ կինը պետք է մնա քարանձավում, հետևի որ երեխեքը երկրի ծայրից չգլորվեն ընկնեն, կրակը չհանգի, իսկ տղամարդը գնում էր մամոնտի որսի։ դե տրամաբանականա՝ կինը մամոնտ չէր կարող որսալ՝ երևի։ ես միքիչ էդտեղ էլ եմ կասկածում, բայց ինչևէ։

հիմա չկան մամոնտներ ու մամոնտների որս, ամեն ինչ կարելիա գնել, ամեն ինչ կարելիա պատվիրել։ էդ կենցաղային ամեն հարցին տրվելա այլընտրաքային հազար ու մի լուծում։ եթե տղամարդը ամուսնանումա մենակ նրա համար, որ իր համար ուտելիք պատրաստող լինի, խնդրեմ՝ կան սնունդ առաքող լիքը ընկերություններ։ եթե կինը ամուսնանումա, որ սառնարանը փչանալուց սարքող լինի, ապա խնդրեմ՝ կան էդ ծառայությունը մատուցող ընկերություններ ևս։ մի ընտրեք մեկին որպես ինչ-որ ծառայություն մատուցող անձ։ ընտրեք մեկին որպես կողակից։ բռնեք էդ մարդու ձեռքը ամուր ու գնացեք ձեր ընդհանուր նպատակի հետևից։

այսինքն երկու հոգուն կապումա մենակ մի բան՝ ընդհանուր նպատակը։ ու ինչքան սիրունա դառնում կյանքը, երբ էդ ընդհանուր նպատակը իրար երջանկացնելնա։

դուք չեք ամուսնանում ու կյանք կապում հաց սարքող, աման լվացող սարքի հետ, դուք չեք ամուսնանում տուն փող բերող համակարգի հետ, դուք ամուսնանում եք հոգի ու բնավորություն, արժեքներ ու տրամադրություն ունեցող մարդու հետ, պետք չէ իրար վերաբերվել որպես ինչ-որ մասնագիտացում ունեցող կերպար, այլ մարդ՝ որին միքիչ կամ շատ ավելի շատ եք սիրում, քան մնացած ութ միլիարդ մի քանի միլիոնին։

պետք չէ կնոջ մասին անընդհատ խոսել ու գովերգել մարտի 8-ից մինչև ապրիլի 7, պետք է սիրել նրան, որովհետև նա պարզապես մարդ է, ու պետք է սիրել տղամարդուն նույն պատճառով։ սեր կամ հարգանք ցույց չենք տալիս ինչ-որ հատուկ օրերի, այլ որովհետև զգում ենք էդ սերն ու հարգանքը ու ցույց ենք տալիս ամեն բացվող օրվա հետ։

երեխեքին պետք չի ժամանակ տրամադրել ու դաստիարակել միայն հունիսի 1-ին, նրանք ձեր նույն երեխան են մայիսի 30-ին ևս, ու նույն ուշադրություն ու ժամանակ պահանջող երեխան են հունիսի 3-ին էլ։

մի սպասեք հատուկ օրվա շատ կարևոր երևույթների անդրադառնալու համար, էդ էլ հո դեկտեմբերի 31-ը չի, որ սպասեք, որ լողանաք։

հոգ տար քո մասին

շարունակելի….

նորից

հեյ,

ասումա (Ջոն Գրիննա ասում) ասումա՝ երանի նորից ծնվեի որպես մի տղա, որ չունի անցյալ։ ով չէր ուզի….

երբ դևերը գալիս են, երբ կոկորդդ փաթաթում են սև մտքերով, անցյալ ասելով հիշում ես մենակ վատը՝ լացը, հեռացողին, ստողին, կեղծավորին, գոռոցներ, տագնապներ։ խնդրում ես, որ տանեն քեզ էլ, էդ անցյալն էլ։ տանեն ու լցնեն մի ծառի տակ, որ գոնե ուրիշների համար դու սիրուն անցյալ մնաս։ որովհետև, եթե դևերը հաղթեն, քեզ հիշելու են միքիչ ավելի գոռացող, միքիչ ավելի անկայուն, միքիչ ավելի քիչ նորմալ։ խնդրում ես, որ լինես կավճով գրված՝ հեշտ ջնջվող։

երանի անձեռոցիկի նման կլանող չլինեի՝ մտածում եմ ես՝ սեղանին թափված ջուրը սրբելիս։ երանի սպունգի նման չլինեի՝ ասում եմ ամանները լվանալիս։ երանի քեզ նման լինեի՝ մտածում եմ, երբ էդքան անձրևներից հետո նայում եմ տեղում մնացած ու մաքուր քարին։

երանի ամեն տխուր լուր չանցներ մեջովս, ամեն պատերազմ չդառնար իմը, ամեն զոհ իմ կորուստը չլիներ ու ամեն սպանված կենդանին ինձնից մի քիչ սպաներ իր հետ։ չեմ հասցնում դժվար աշխարհի բարդ խնդիրների հետևից։ փորձում եմ ձեռքս այնքան լայն բանալ, որ կարողանա ծածկել ողջ մոլորակը, որպեսզի ամեն ինչ իմ ուզածով լինի։ իսկ ձեռքս մի ափ է։ ես կարող եմ միայն մի ափ տարածություն փրկել։ ու ես մենակ եմ։ լավ, երկու ափ ունեմ, իսկ մնացած մղոնները, իսկ մնացած աշխարհները… դրանք ինձանից կախված չեն, դրանց վրա չունեմ ոչ ուժ, ոչ էլ ազդեցություն։ բայց ցավերը հասնում են ինձ։ ու ներս են մտնում։ անմաշկ եմ։

մի քանի օր անց նայում եմ նույն քարին՝ անձրևը հասցրել է ծակծկել քարը, արդեն դեղնավուն գույն ունի։ ես քարի նման չդարձա, քարը դարձավ իմ նման՝ ծակծկված ու դեղին։ «քարից լինել» արտահայտությունը էդքան էլ լավ չեն ընտրել։ քարն էլ քարից չի։

դևերը գնում են, ես մնում եմ էս ստեղնաշարի հետ, ափերս մենակ ստեղնաշարն են ծածկում, ես մնում եմ իմ մտքերի հետ, որոնք էսօր էդքան էլ իմը չեն, մեկ-մեկ են, օդից են, մնայուն չեն, դե գոնե լավա, որ մնայուն չեն։

մի քանի զրույց էլ քո հետ, արդեն կգտնենք՝ որն եմ ես, ինչ եմ ես, ում և ինչի համար եմ ես ու ուր ենք գնում։ ես կուզեի չգնալ։ բայց դու էլ ես հետս գալիս։ ուրեմն կգնանք։

հոգ տար քո մասին

շարունակելի….