ներքին քաոսի ու կորած հույսի մասին

հեյ

բարի երկուշաբթի։ ես, իհարկե, to do list անելիքների շատ երկար ցանկ ունեմ էսօրվա համար, բայց վերջին երկու օրվա ընթացքում ներքին աշխահս շատ քաոտիկ էր տարբեր պատճառներով ու ուզում եմ մինչև ցանկին անցնելը էդ ամենը թողնել էկրանին։ 
ես ասացի, որ ես զզվում եմ հայերից ու նա ասաց, որ չի կարելի էդպես ասել, քանի որ լավ հայեր էլ կան, վատ հայեր էլ կան։ ուղղակի տարբեր են լավի ու վատի մեր բնորոշումները։ ու ես ասացի, որ ես զզվում եմ ու հիասթափվել եմ միջին վիճակագրական հայից։ եթե միջին վիճակագրական հայը տանելի լիներ, ծայրահեղությունները  կկարողանային բալանսի բերել մեր միջավայրը։ բայց միջին վիճակագրական հայը, էս պահին գոնե, անտանելի ա իմ համար։  
վաղուց հանել եմ ֆեյսբուքը իմ կյանքից ու էդ բացասականը չկա իմ առօրյայում, բայց ես անընդհատ մոռանում եմ, որ եթե չեմ կարդում էդքան անմտածված ու անտեղի գրված խոսքերը, չի նշանակում, որ դրանք այլևս չկան։ նույն կերպ ես մոռանում եմ, որ եթե իմ շրջապատում չկան (ես փորձում եմ վատ բառեր չասել, ու մի քանի րոպեա արդեն մեղմ բառեր եմ փնտրում էդ մարդկանց նկարագրելու համար) անմիտ, աննպատակ, միայն վատը տեսնող ու կորած մարդիկ, չի նշանակում, որ նրանք էլ գոյություն չունեն։ ու շաբաթ օրը, պատահաբար տեսա ֆեյսբուքյան գրառում, որի մեկնաբանություններում ասվումա՝ ինչ գործ ունի աղջիկը ցույցերի ժամանակ, որ հիմա էլ բողոքում եք, թե ոստիկանը անվայելուչ պահվածքա դրսևորել, էդ աղջիկը հենց դրա համարա գնացել ցույցի։ տեսա մեկ այլ գրառում, որտեղ մի աղջկա քարկոծում էին, քանի որ խոսում էր այն մասին, որ ամուսինը պետք է կնոջը հետ կիսի առօրյա գործերը, երեխաների մասին հոգ տանելը։ ու եթե ես շատ բարի բառեր եմ հիմա կիրառում, չի նշանակում, որ էդ մեկնաբանություններում չկային հայհոյանքներ։ հայ կանայք, որ ի միջի այլոց, օ սուրբ արարածներ են, առանց բարոյական որևէ իրավունքի ու պատճառի ամենավատ հայհոյանքներ էին գրել այն նյութի մեկնաբանություններում, որտեղ հայ մոդելի ու նրա ամուսնու ծովափնյա նկարներն էին։ 
իմաստը չեմ հասկանում։ փորձում եմ, մտածում եմ, բայց չեմ գտնում խորքային պատճառը։ էնքան շատ ատելություն կա օդում, որ մի տեսակ քանդում ա շաբաթների աշխատանքդ՝ մնալ ներդաշնակ ու մնալ խաղաղ։ նախանձ են մարդիկ, չար են, վատատես են, չարակամ են ու էդ անտանելի ա իմ համար։ 
ու եթե մտածում ես, որ սա միայն ռոմանտիկ խնդիր է, որ երկրում շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան մարդկանց բարություն սովորեցնելը, թույլ տուր չհամաձայնել։ էդ չարության ու ստի հետևանքներն են հիմա բաղրամյան-մաշտոց խաչմերուկին։ էդ չարության ու ստի հետևանքով էսօրվա «տոնը» կորցրել է իր իմաստը ու մնացել միայն դատարակ ոչ աշխատանքային օր։ ու էդ չարության հետևանքովա, որ դեռ շարունակվելու են անիմաստ ցույց-հեղափոխություն-կռիվները, ու ոչ մի բան չի արվելու, երկիրը ու մարդիկ չեն սթափվելու։ 
ինձ կոտրումա էն միտքը, որ ես չեմ սիրում միջին վիճակագրական հային։ կներես էսքան բացասականիս համար։ պետք էր խոսել էս մասին։  ու եթե էս երկար-բարակ մզմզոցս մի բառով նկարագրեմ՝ ձեռից գնում ենք։ ահավորա։ միշտ։ 
հոգ տար քո մասին 

-երեն

հեյ


վերջերս զգում եմ, որ նույնիսկ առօրյա խոսակցություններում սկսել է գերակշռել անգլերենը։ էդ ինձ մի տեսակ դուր չի գալիս, հատկապես, երբ երեկ սրճարանում, երբ Անդրանիկի հետ անգլերեն էինք խոսում, մի հայ աղջիկ, մտածելով, թե հայ չենք, անգլերեն հարցրեց, թե արդյոք մենք հերթի մեջ ենք։ եթե այսպես շարունակվի, սխալ պատկեր է լինելու ապագայում։ ի վերջո՝ օ մենք cool ենք, մենք անգլերեն ենք խոսու՞մ, թե՞ այլ պատճառ կա։ 

խնդիրն այն է, որ հայերենը ժամանակի հետ էդպես էլ չքայլեց։ իրավիճակների մեծ մասում չգիտես՝ ինչ բառ օգտագործել, ինչպես նկարագրել՝ ինչ է կատարվում։ ու էսօր էդ օրինակներից մեկը մտքիս եկավ։ 

իմ ամեն երկրորդ քայլին ես կամ ինձ եմ վնասում, կամ կողքիններիս, կամ մի բան եմ ջարդում կամ գցում։ մի քանի օր առաջ դրա պատճառով ստիպված եղանք երկու հատ բաժակ գնել մինիսոյից, քանի որ ես կոտրել էի բաժակի կափարիչը։ հայտնի clumsy։ բացում եմ նայիրի բառարանը՝ clumsy-ի հայերենը գտնելու համար։ 


ես չեմ, դուք եք՝ ես անշնորհք, անճոռնի, անտաշ կամ անտակտ ե՞մ։ չէ այ մարդ, դեպքերի 70%-ում ինքս ինձ եմ վնասում։ թութի ժողովուրդը հուշեցին անփույթ բառը, որը, այո նկարագրում է ինձ, բայց մի տեսակ էլի նեղանում եմ։ clumsy-ի դեմ ոչինչ չունեմ, բայց անփույթը կոպիտա հնչում։ 


նմանատիպ դեպքերը քիչ չեն, կամ մեզ նոր բառեր են պետք, կամ մեր ունեցած բառերը ավելի հաճախ օգտագործել, որ ականջին խորթ ու կոպիտ չհնչեն։ իսկապես ուզում եմ միայն հայերեն խոսել, երբ խոսում եմ հայերի հետ։ ուզում եմ հայերեն մտածել, ինչը արդեն վաղուց չի ստացվում, մի տեղ մի բան սխալ ա գնացել։ 

այ էս լեզուների, հայ/գերման/անգլերենի պայքարը անվերջա ուղեղիս մեջ, ու արդյունքում տուժումա էն, որ միտքս չեմ կարողանում գրագետ արտահայտել, ձևաբանորեն ու շարահյուսորեն հավատարիմ մնալ էն լեզվին, որով խոսում եմ։ խնդիրներ…խնդիրներ…

հոգ տար քո մասին 

ինչղ ես ծո՞

հեյ

մի անգամ արդեն խոսել եմ կյանքի կարևոր կոճակի մասին՝ վերագործարկում։ էս շիրակին էդ կոճակին անցնելու օրերից էր։ Շիրակի, Շիրակ, Գյումրի։ 
հիմա քո հետ խոսում եմ իմ համար երևի աշխարհի ամենահավես անկյուններից մեկից։ Արեգակ սրճարան, Գյումրի։ ինձ ի՞նչ ա պետք, երբ ես սրճարան եմ գնում՝ բուսական կաթով համով կօֆէ, ինչ-որ բուսական քաղցր բան, ժպտացող աշխատողներ։ ես էստեղ գտա էս բոլորի լավագույն տարբերակները՝ սոյայի կաթով լատտե, չիայի սերմերով պուդինգ, աշխարհի ամենաբարի աշխատողները, որ հետդ հումոր են անում՝ մենք ձեզ առավոտյան էինք սպասում, ինչի՞ ուշացաք։ եթե Արեգակը ներառական սրճարան չլիներ, ես էլի կսիրեի իրենց ու երկու օրվա մեջ էլի երեք անգամ կգայի էստեղ։ բայց հիմա սիրում եմ ու գնահատում շատ ավելի շատ։ շատ տխուր իրականություն կա Հայաստանում։ լսել եմ, որ նույնիսկ հաշմանադամ երեխաների ծնողները ամաչում են երեխաներին տնից դուրս հանել ու հասարակության անդամ դարձնել։ ու էդ ամենի ֆոնին Գյումրիում ներառական սրճարան տեսնելը ինձ շատա ուրախացնում։ մեկ տարի աշխատել եմ դաունի համախտանիշ ունեցող երեխայի հետ ու գիտեմ՝ ինչքան են իրենք տարբերվում մեզանից ու ինչքան բան ունենք մենք իրենցից սովորելու։ ինչքան այլ են նայում աշխարհին, գնահատում ամեն դրականը ու գոհ լինում նույնիսկ քո մի բարի արարքից կամ լավ խոսքից։ էնքան եմ ուզում, որ էս սրճարանը միակը չլինի Հայաստանում ու շատ ավելի շատ գործատուներ մտածեն հաշմանդամ մարդկանց ներառելու ու հասարակության լիիրավ անդամ դարձնելու մասին։ 
Գյումրիում գտանք փոքրիկ իշխանի աստերոիդը՝ B612 Art Gallery-ն։ ոնց որ Արթուրը ասաց՝ եկեք մեր նկուղ, Հայաստանում արվեստը նկուղային հարկից չի բարձրանում։ իսկ ինձ թվումա՝ լավագույն բաները աշխարհում նկուղներում են՝ փաբեր, արվեստանոցներ, հին գրքեր, կահույք։ շատ քիչ ժամանակ ունեինք ավելի երկար մնալու ու խոսելու Արթուրի հետ։ եթե չընդհատեիր, շարունակ կխոսեր ամեն մի աշխատանքի, ամեն մի փոքր դետալի մասին, երևակելու նոր տեխնիկայի, իրենց բոհեմական կյանքի, արվեստանոցը փակել-բացելու ժամերի անկանոնության, միջազգային հարթակներում տարած հաղթանակների, ազատություն ոչ թե խնդրելու այլ պահանջելու ու վաստակելու մասին։ իսկ մենք չէինք ընդհատում։ եթե լինեմ պարզ ու հակիրճ՝ սիրուն գործեր ունեն, անպայման այցելեք B612-ի բնակիչներին։ 
Գտանք ժամանակի մեքենա, որը մեզ տեղափոխեց հեռավոր ԽՍՀՄ։ գնացեք Գյումրիի կենտրոնական այգի ու կտեսնեք, թե ինչ կարուսելներ են նստել ձեր ծնողները իրենց կարուսելասեր տարիքում, էնտեղ նույնիսկ կար ծիծաղի սենյակ՝ դե սպասիր մուլտֆիլմից հայտնի։ ու դե հա, ԹՈՒՄՈ-ն հենց էդ այգում է։ ասում եմ ձեզ՝ Գյումրին ամենահնի ու ամենաժամանակակիցի մեծ խառնուրդա ու դեռ պայքարի մեջ՝ ծախսել էներգիան ու միջոցները հինը պահելու, թե՞ նորը ստեղծելու մեջ։ դե հիմա, աղքատ երկիր ենք, երկուսն էլ անելը մի տեսակ շատ կլինի։ 
ու էդ նորը ստեղծելու պահին շատ բացթողումներ կան դեռ։ օրինակ՝ չկարողացանք գնել գնացքի տոմսն առցանց ու, երբ հասանք Երևանի Սասունցի Դավիթ կայարան, պարզվեց՝ չկա տոմս։ կայքում 0 տեղեկատվություն։ վաճառողուհին նշեց, որ Երևան-Գյումրի գնացքի տոմս գնելու համար առնվազն մեկ շաբաթ շուտ է պետք գնալ կայարան։ բայց 21-րդ դարում ոչ մեկը մեկ շաբաթ շուտ չի գնա կայարան տոմս գնելու։ եթե կա պահանջարկ, ուրեմն կարելի է լավացնել կայքի վիճակը։ ինձ թվումա՝ բարդ չի, հը՞մ։ 
պատմությունս ուրախ եզրափակելու համար նշեմ, որ հյուրանոցում, երբ իմացան, որ իրենց առավոտյան նախաճաշից ոչինչ չեմ ուտելու, ինձ համար հատուկ բուսական նախաճաշ պատրաստեցին ու էդ էն ամեննա ինչ ես ուզում եմ աշխարհից՝ մի կռվեք, ինձ բուսական ուտելիք տվեք։ մերսի շատ։ 
ամենի մասին գրելը մի տեսակ երկար կլիներ, չեմ ուզում ձանձրացնել քեզ, բայց եթե հետաքրքրեց էս փորձը, Անդրանիկը օրվա մեջ, եթե անընդհատ չխանգարեմ, կգրի իր տպավորությունների մասին, կարող ես կարդալ այստեղից։ 
հոգ տար քո մասին 

խառը օր

հեյ
Արմինը համալսարան ընդունվելու համար աշխատանքա գրում մենակության մասին։ ուղարկեց, կարդացի։ ու մի շատ լավ միտք էր գրել, որ մենակությունը ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան վիճակա։ դու կարաս հազարավոր մարդկանց մեջ լինես, բայց էլի քեզ  մենակ զգաս։ էսօր մի տեսակ տենց օրա մոտս։ մի տեսակ մենակ եմ զգում ինձ աշխարհի յոթ միլիարդից ավել մարդկանց մեջ։ նույնիսկ դիտմամբ որոշեցի տանը չմնալ, այլ գալ սրճարանում նստել, դաս անել ու բլոգել, բայց ինձ թվումա՝ մի մեծ պատա կառուցվել ամբողջ գիշեր իմ ներքին աշխարհի ու ամեն ինչի մեջտեղում ու հիմա ներսս շատ մենակա։ 
քայլեցի քաղաքում անձրևի տակ ահագին երկար, մարդկանց նայեցի, մեհ… էս զգացողությունը վաղուց չէր եղել մոտս։ երևի նորմալա, երևի պետք է կենտրոնանալ ոչ թե դրա վրա այլ թե ոնց անել, որ անցնել hackthebox-ի էս լեվելը ու գնալ սրճարանից։ որոշել եմ միայն էս լեվելը հաղթահարելուց հետո դուրս գալ ստեղից։ 
«լեվել»-ը դուրս չեկավ։ պետք է ասել՝ մարտահրավեր, մակարդակ, խնդիր, բայց ոչ՝ «լեվել»։
իրականում առիթից օգտվեցի, եկա գրելու քանի դեռ seclists-ն էի clone անում։ յէյ, պըրծ։ գնամ տեսնեմ՝ ինչա տալիս մեզ էդ word-list-ը։ (:
one eterniry later: 
ոչ մի բան էլ չտվեց ու ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ ես աչքիս գերանը չեմ տեսնում։ կամ չգիտեմ՝ ուրիշ ասացվածք։ խնդիրն էնա, որ ես հազարավոր ծրագրեր install արեցի, ինչ ասես փորձեցի, ուղղակի հարկավոր էր նկատել, որ URL-ի մեջ # կա ու էդ նշանակումա, որ comment-ների վրա պետք է ուշադրություն դարձնել։ աստված իմ, ընդամենը 3 րոպեի գործ էր, իսկ ես 4 ժամա էս եմ անում։ 
ինչևէ, դոբին ազատ է, արդեն կարող եմ դուրս գալ սրճարանից։ 
հոգ տար քո մասին

ինչևէ

հեյ
ահավոր շաբաթա՝ ահավոր խնդիրներով ու ահավոր մեծ ցանկությամբ՝ անտեսելու էդ խնդիրներն ու գործի անցնելու։ ձախողումները մեր նպատակի ու դրան հասնելու մոտ ընկերներն են, մի տեսակ առանց իրանց ոնց կլինի։ ուրեմն դրանց ընդունում ենք գրկաբաց։ հա, առաջին ռեակցիան լինումա հիասթափություն, կոտրվել, քանի որ, եթե չես մոռացել, մարդ ենք։ բայց հենց ուշքի եկար, հասկանում ես, որ էդ …… նորմալա։ ուրեմն ավելի շատ էր պետք վիզ դնել աշխատել։ ուրեմն մի տեղ միքիչ ահավոր շատ թերացել ես, գլուխ ես պահել։ (հայերեն էս արտահայտությունները՝ գլուխ պահել, գլուխ տալ, գլուխը գցել և էլի շատ-շատ, ոնց որ չարազի մեջի նուշերը լինեն (դու էլ  ես չէ՞ նուշը սիրում) համովացնում են մեր բառապաշարը) ինչպես կասեր բունtv-ն, անցնենք բուն նյութին։ դե գլուխ ես պահել հիմա, աշխարհի վերջը չի, քեզ ազատություն ես տվել, հանգստացել ես, բեր տենց արդարացնենք, հիմա ավելի շատ էներգիա ունես։ ուրեմն էդ էներգիան անխնա օգտագործելու ժամանակնա։ 
փողոցում հանդիպող ամեն քարից ընկնում ե՞ս։ անցնում ես վրայով, վերցնում, մի կողմ ես դնում, եթե Եզոպոսի հայտնի առակի էն մարդն ես, շրջանցում ես…. ամեն դեպքում շարունակում ես ճանապարհդ։ նույն կերպ պետք չէ ընկնել ամեն տեսակ ձախողումից։ դե հիմա ֆեյլ էր, եղավ։ ճանապարհը դեռ երկարա, ու հեչ էլ ասֆալտապատ չի, մոտակա ժամանակներում ընտրություններ չկան։ 
գիտեմ, որ էդ պահին ուզում ես ուղղակի հետ կանգնել նպատակից, մտածում ես, որ էդ հեչ քոնը չէր, գլխիցդ մեծ որոշումներ ես կայացրել ու երևի սխալվել ես, դու չես կարա էդ։ հահ..ավելի շատ չէիր կարող սխալվել։ 
սա ուղղակի պայքարա։ ու էս պայքարը կարող է լինել ցանկացած նպատակի հասնել՝ նիհարել, Էվերեստը բարձրանալ, օլիմպիական չեմպիոն դառնալ, ընդունվել երազանքի համալսարան, գտնել երազանքի աշխատանքը։ ամեն նպատակ ունի իր պայքարի ձևը ու դրան հասնելու տևողությունը։ մի օրում մոդել չես դառնա, ոչ էլ ոսկե  մեդալ կստանաս։ դանդաղ, երեխայի քայլերով, բայց կհասնես Էվերեստի գագաթին, եթե ամեն օր ու ամեն պահ աշխատես դրա համար, անես ամեն ինչ, ինչ կարող ես ու նաև չես կարող։ ոչ մի բան անհասանելի չի, եթե իհարկե իմ հին համարը չի, որ մի ամիսա անջատել եմ ու մի կողմ գցել։ մի զանգեք։ (:
հոգ տար քո մասին

չեմ ձգում էլ

հեյ
ամեն անգամ, երբ նորություններ կարդալիս հանդիպում եմ հետևյալ տողերին, մի նյարդային բջիջ ևս կնքում է իր մահկանացուն. «այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է պողոս պողոսյանը»։  աաաաաաաաաաաաաաա…….
ինչու՞ է սոց կայքը դարձել շատ կարևոր լուրերի ու տեղեկատվության առաջին աղբյուր։ կառավարության բոլոր մարմինները ունեն կայքեր, գոյություն ունեն թերթեր։ ինչու՞ են լրատվականները հղում ինչ-որ պետքական պաշտոնյանների ֆեյսբուքյան էջերին, չէ, էջերին էլ չէ, տվյալ կառավարական մարմնի էջին էլ չէ, անձնական հաշվին։ ոչ մի տիպի չեմ հասկանում։ ուզու՞մ եք հանրությանը հասանելի լինեն բոլոր նորությունները, կրթեք հանրությանը, սովորեցրեք նորությունները կարդալ կայքերից։ 
ոչ վաղ անցյալում չէր, չէ՞, որ ֆեսյբուքը ապատեղեկատվության տարածման պատճառով ուղղակի արգելափակվեց երկրում։ ուրեմն դուք եք սովորեցրել մարդկանց, որ ֆեյսբուքում ինչ կարդում եք, այ մարդ, ճիշտա։ ուրեմն ստեղծեք վստահելի հարթակներ, որոնք ի միջի այլոց կան, կիրառել է հարկավոր։ կայքերը անտեր են մնացել, շաբաթվա մեջ մի անգամ չեք թարմացնում նորությունները։ բայց ֆեյսբուքում օրվա մեջ մի տասը հատ ստատուս գրելը երևի հեշտա՞։ 
հիմա ամենավատ ու ձեր կարծիքով անհնար կողմին եմ նայում. է մարդիկ կան չունեն ֆեյսբուք։ չունե՞ն հնարավորություն իմանալու, թե ինչ է կատարվում երկրում։ 
մի գրեք էդ անտեր նորությունները առաջին հերթում ձեր ֆեյսբուքի ստատուսի տեղում։ էդ ձեր օրվա տրամադրությունը չի, էդ կարևոր նորությունա։ գրեք կայքում, հետո էդ լինկը՝ https://www……., քոփի-փեյսթ արեք էդ ստատուսի տեղում ու գրեք ձեր մեկնաբանությունը։ էդ նորմալա։ 
հոգոց։
հոգ տար քո մասին

շունը կծեց և ինչ եղավ հետո շատ հուզիչ էր

հեյ

մի քանի օր առաջ Անդրանիկին մի սև շուն կծեց, ով գիտի՝ գլխարկը դեռ չէին կարել։ մի խոսքով է, շների դեմ ոչինչ չունեմ։ (բայց հիմա իրանց միքիչ ավելի քիչ եմ սիրում) դե զանգում ենք շտապ օգնություն, առավոտվա երեքնա, ու անկեղծ ասած, չեմ էլ սպասում, թե մեկը կպատասխանի։ ինչպիսի հաճելի անակնկալ, պատասխանում են։ չեմ ուզում ընդհանրապես պատմել՝ ինչ դանդաղ ու ինչ անդարդ եկան, նույնիսկ չէին ձևացնում, որ շտապ օգնություն են։ վերքին մի թեթև բզեցին, գնացինք առաջին հիվանդանոց։ մի քանի հոգի փորձեցին հերթապահ բժշկին արթնացնել, դե հիմա, չստացվեց։ բուժքույրը իբր մշակեց վերքը, պատվաստեց, ինչպես իրենք են ասում՝ հակափայտացման դեմ (էդ բառից ավելի շատ էի ջղայնացել, քան, որ բժիշկը տենց էլ չարթնացավ), գազազելու դեմ ու դե հետագա երկու պատվաստումների ուղեգիր տվեցին դեպի տարածքային կլինիկա։ 
տարածքային կլինիկան համար 2-ն է՝ Կողբացի փողոցի վրա։ էստեղ մի աննախադեպ բարդակ էր։ գրեթե բոլոր սենյակները մտանք, գրեթե ամեն տեղ պատմեցինք նախորդ պարբերությունը ու լսեցինք հետևյալ պատասխանը՝ դուք Սիրիայի քաղաքացի եք, մենք չենք կարող ձեզ պատվաստել։ հահ։ 
դե ինչ պիտի անեինք։ գնացինք Սիրիա՝ Անդրանիկի գրանցված կլինիկան, ստացանք պատվաստումը ու էլի եկանք անցանք գործերով։ հիմա քեզ գրում եմ Սիրիայից։ շոգա միքիչ, բայց հավես երկիրա։ 
ըըը…լու՞րջ, տե՞նց են պատկերացնում մեր առողջապահության նախարարությունում։  պետք է գնայինք Սիրիա՞ էդ մի շոթը ստանալու համար։ էստեղ խնդիրը բացարձակ այն չէր, որ կլինիկան անվճար է կատարում պատվաստումները, մենք պատրաստ էինք վճարել, բայց էդ դեղը ստանում են միայն կլինիկաները, այլապես մենք մեր սիրած Վարդանանցը կգնայինք։ 
եթե բլոգը գրեի հենց էդ օրը, էսքան մեղմ ու բարի չէի արտահայտվելու։ պարզապես շատ խառն էինք ինչ-որ լուծում գտնելու համար։ ամեն ինչ հիմա օկա, բայց մեծ խնդիր կա. օրինակ ես էլ Սիսիանի կլինիկայում եմ գրանցված։ հիմա, որ շունը կծի ու շան մազ էլի չունենանք, որ բուժենք, ես էլ Սիսիա՞ն պիտի գնամ։ ինչի՞ են մեր առողջապահության աշխատակիցները դեռ սովետական ժամանակներում։ ինչի՞ են էդքան տարի Բժշկական համալսարանում սովորելուց հետո դառնում ամենակոպիտ արարածները աշխարհում։ ես հո չեմ գրել իրենց քննական հարցերը, որ ինձնից են վրեժ լուծում հիմա։ ինչի՞ էս երկրում, որ ամեն մեկը հիմա իր գործը պետք է 125 տոկոսով անի, քանի որ երկու-երեք տասնամյակ հետ ենք աշխարհից, բոլորը յոլա տանում։ 
կան հարցեր, որ պատասխան չունեն ու էդ հեչ էլ սերը չի։ 
հոգ տար քո մասին

երաժշտություն

հեյ


օրվա մեջ քանի՞ ժամ ես երաժշտություն լսում։ ինձ չհարցնես՝ չգիտեմ։ ինչպես ասում են՝ #միշտ։ ու միայն էսօր եմ հասկացել՝ ինչքան տարբեր են երգերն ու երաժիշտները հոլովակներում և համերգների ժամանակ։ ստեղծվումա մի տեսակ էներգիա, որի անունը չգիտեմ։ հատկապես, երբ վոկալիստները կիսով չափ դեերասան են ու կարողանում են առանց բառերի զրուցել հանդիսատեսի հետ։ հատկապես, երբ խոսքը ռոք խմբերի համերգների մասինա։ էսօր ամբողջ օրը գրեթե համերգներ եմ նայել ու իսկապես նայել եմ, ոչ թե միայն լսել։ 
սիրուն բանա երաժշտությունը, ավելի սիրուն են խենթ համերգները։ գնացեք համերգների, խենթացեք ու պարեք ու երգեք… մի հատ լավ երգ ասեմ, լսիր։ ինձ շատա դուր գալիս, երբ ազգային երգերը թարմացվում են… ու ինչպես ասում են մեր պապերը՝ նոր շունչ են ստանում։  

հոգ տար քո մասին

զրույց

հեյ, 

անտանելի ժամանակներում ենք ապրում։ մեր դպրոցի պատին ցեղասպանությանը նվիրված միջոցառումների օրերին մի  պլակատ պաստառ կար՝ «Էս ինչ քյաֆուր դարի հասանք» վերնագրով։ ուղղիր, եթե սխալվում եմ, բայց կարծես՝ Սիամանթոյի խոսքերն են։ ինձ թվումա՝ էդ դարը չի վերջանում։ 

երեկ մի ամբողջ սերիալ նայեցի՝ (դե անգործ լինելու լավագույն կողմերից մեկնա) Night Manager, որտեղ խոսվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից անօրինական զենքի առք ու վաճառքի մասին, Իրաքի պատերազմի մասին, զենքերի փորձարկումներն ու ցուցադրությունները Սիրիայում կազմակերպելու մասին։ ու ամենացավալին էն էր, որ էդքան էլ իրականությունից կտրված չի ֆիլմը։ 

իհարկե հասկանում եմ, որ մարդ տեսակը ամեն ինչի վրայով կանցնի ավելի շատ ունենալու համար, հասկանում եմ, որ սեփական եսն ու իշխանությունը գրեթե միշտ գերադասվում են, բայց մի բան կա, որ ուղեղս չի կարողանում մարսել։ ինչու՞։ եթե ես, որպես միջին վիճակագրական քաղաքացի, հասկանում եմ էդ զենքերի վտանգավոր լինելու աստիճանը, հասկանում եմ, որ ամեն փամփուշտը մի ճակատագիր է, մի կյանք, ստեղծողները չե՞ն հասկանում։ գնողները չե՞ն հասկանում։ վաճառողները չե՞ն հասկանում։ ուրեմն ինչքան թքած պետք է ունենալ մարդկության վրա, որպեսզի կարողանալ նման գործարքներ անել։ 

եթե անողները մահկանացուներ չլինեին, ես էլի կհասկանայի։ դե հավերժ ապրել կարողացող մարդը կարող է արդարացնել իր՝ ամեն ինչի վրայով անցնելն ու կարողություն կուտակելը։ բայց երբ, ամեն վայրկյանի հետ կարճանում է մեր կյանքը, մի տեսակ չես ուզում գոնե սպանել։ 

շատ հիասթափված եմ մարդ արարածից, չգիտեմ-ինչ-արժեքներով-առաջին-աշխարհի երկրներից ու մեզնից՝ հայերից։ մեզնից հիասթափված եմ, քանի որ թույլն ենք էս ամեն ինչի մեջ։ էն թույլը, որ ոչ ինքն է իրեն օգնում, ոչ էլ այլոք ինչ-որ շահ ունեն օգնելու։ շատերդ երևի արդեն տեղյակ էիք էս ամեն խաղերից։ ես իմ պղպջակի մեջ էի ապրում ու չգիտեի էլ, որ իմ էդքան պատկերացրած խաղաղ ու սիրուն աշխարհը էսքան զզվելի իրականություն ունի։ 

ես «փոքրիկ Իշխան»-ով եմ ծանոթացել աշխարհին ու էդպես էլ ընկալել եմ իմ շուրջը կատարվող ամեն ինչը։ պարզվեց՝ գլխարկ էր, ոչ թե՝ փիղ կուլ տված օձաձուկ։ ես երևի իմ երազներով եմ ապրել, իսկ էս վերջերս երազներս մենակ պատերազմներ են ու քաոս։ ամեն օր մի քանի անգամ վեր եմ թռնում երազումս պայթող հրանոթներից, գոռացող մանուկների ու սպանվող թռչունների ձայներից։ 

մի քանի օր առաջ ավելի սիրուն երազ էի տեսել՝ քայլում էի աշխարհի բոլոր երկրկներով ու «խաղաղություն» էի գոռում։ բոլորը միանում էին ինձ, քայլում ինձ հետ ու աղավնիներ նետում օդի մեջ։ սիրուն էր։ իսկ երբ արթնացա, ճիշտ հակառակ պատկերն էր լրահոսումս։ 

ես ստեղծել եմ իմ աշխարհը ու ապրել եմ էնտեղ մոտ քսանվեց տարի։ էսօր մի պահ դուրս եկա պղպջակիցս ու ատեցի ամենը։ հետ եմ գնում, կներեք։ ինձ մոտ ամեն ինչ ավելի բարի է ու մաքուր։ 

հոգ տար քո մասին 

«սրանք ինչ են եկել, լցվել»

հեյ

ես քովիդի լոքդաունի ժամանակ տնից ավելի շատ էի դուրս գալիս, քան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ ինչ խոսք, կարոտել էի քաղաքը, մարդկանց, քայլելն ու երաժշտություն լսելը։ դե միշտ եմ ականջակալներով, քանի որ անընդհատ ազդանշաններն ու գռեհիկ զրույցները միշտ պատրաստ են փչացնելու տրամադրությունդ։ էհ, դեռ չէի հասցրել կապույտ ատամը միացնել ու լսում եմ՝ «ախչի, ես քեզ որ բան եմ ասում, դու ներվերս մի կեր»։ նայում եմ հետ. երիտասարդ զույգ են՝ իրար թևանցուկ։ «ախչի»-ն դե աղջիկն էր, որն ընթրիքին պատվիրել էր տղային ներվերը։ 
ես միշտ եմ գոռալուն դեմ եղել, հատկապես աղջկա վրա, հատկապես դրսում, հատկապես, երբ ներկա եմ։ ինչքան հնարավոր էր զուսպ գտնվեցի ու «թարս» հայացք նետեցի իրենց կողմը։ (թե ասա Լիլիթ, քո ինչ գործնա՝ ովա ում վրա գոռում, ինչ ես խառնվում)։ կանաչեց լույսը։ կապույտ ատամս դեռ չէր միացել, (դու հիմա կմտածես, որ ես դախ եմ ու դու չես սխալվի) ու լսում եմ նորից. «ես քեզ բան եմ ասում, դու շարունակում ես, կտամ, կսպանեմ»։ ըըըըը…. ոնց որ հայացքս չազդեց հա՞։ մի հատ էլ եմ երկար ու ջղային նայում տղային, որը ինչ-խոսք սկզբից էլ նկատել էր ինձ ու հասկացել էր, որ մի տեսակ դեմ եմ իրավիճակին։ «ինչա, ի՞նչ ես նայում, սրանք ինչ են եկել լցվել»,-արձագանքեց երիտասարդը խեթ հայացքիս։  հոգոց։ 
երեք հատ խորը շունչ, արտաշունչ ու երգս միացավ, ու ես ուղղակի գնացի։ իհարկե։ ինչու՞ էի նայում։ մարդը անձնական տարածք ունի, կուզի կգոռա իր ընկերուհու/կնոջ/քրոջ վրա, կուզի՝ չէ։ ես ոչ մեկն եմ էդ պահին, որ քիթը խոթել էր ուրիշի ձայնի ելևէջների մեջ։ պետք էր չնկատելու տալ։ ես չէի կարող։ աղջիկը ամբողջ ընթացքում էդպես էլ ոչինչ չարեց։ շատ ցածր ու նեղացած խոսում էր ու ամբողջ ընթացքում մնաց տղային թևանցուկ։ ինքը չէ՞ր ընտրել էդ վերաբերմունքը։ ինքը չէ՞ր հարմարվել, որ իր հետ գոռալով պետք է խոսեն նույնիսկ եթե դրսում են, նույնիսկ երբ ինչ-որ մեկը ուշադիր նայում է նրանց՝ փորձելով հասկացնել, որ «ժող, ո՞ր դարնա…
գոռում էին քարանձավներում, հեռվում մամոնտ տեսնելիս, նավերում՝ այսբերգ նկատելիս։ զրուցելիս, հատկապես սիրելիների հետ զրուցելիս, իսկապես չարժե գոռալ։ գոռալը հեռվացնում է։ որքան էլ որ բարկացած ես, որքան էլ որ «ներվերդ են ուտում»։ մի բարձրացրեք ձեր ձայնը ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրելիս ու մի թողեք, որ ձեր վրա ձայն բարձրացնեն։ դա դեմ է քաղաքակիրթ մարդու կանոններին։ քաղաքում հյուրեր կան, ի՞նչ կմտածեն…»
սա հարցի մի կողմն էր։ և ոչ ամենացավալին։ պատմության մեջ ինձ ոչ այնքան բարկացրեց տղայի ձայնը, այլ աղջկա լռությունն ու հանդուրժողականությունը։ ես չգիտեմ՝ ինչ առիթ էր, ես չգիտեմ՝ ինչքանով էր սպառում աղջիկը ձենով օհանի նյարդերը, բայց ոչ մի կերպ չեմ հասկանա նրա հանդարտությունն ու խեղճությունը։ սեփական եսը հարգելը հանդգնություն համարող երկրում սա միգուցե արդարացված ու նորմալ է համարվում։ էդ շատ տխուրա։ սա իմ՝ ֆեմինիզմի դրսևորումը չի։ եթե աղջիկը գոռար տղայի վրա, ես էլի նույն կերպ կարձագանքեի։ գիտեմ, որ երկար-բարակ խոսում եմ հիմա, ասածս մի նախադասությամբ էլ կարող էի ամփոփել։ բայց տեսարանը չափազանց հիասթափեցնող էր։ 
էլ չեմ խոսում «սրանք ուր եկան, լցվեցին»-ի վրա, որտեղ «սրանք»-ը հավանաբար օտարերկրացիներն են։ միգուցե երիտասարդին դուր չի գալիս փաստը, որ իր բացօթյա ներկայացումներին ավելի շատ հանդիսատես կա, քան սպասում էր։ կամ ես ինչի՞ եմ «սրանք», էդ էլ չգիտեմ։ 
ես ուրախ եմ, որ հիմա դրսում գունավոր ու բազմազան անցորդներ կան։ ես ուրախ եմ, որ տարբեր լեզուներ եմ լսում քաղաքում քայլելիս։ մի տեսակ աշխուժություն կա։ երևի կարելի է երկրի հյուրերից միքիչ քաղաքակրթություն սովորել ու չնեղվել, երբ թարս են նայում, երբ գոռում ես ընկերուհուդ վրա։ 
հոգ տար քո մասին