դուրսը և ներսը

վերջին ~10 օրվա ընթացքում առաջին անգամ դուրս եկա քայլելու (էս փորձառության մասին ավելի ուշ), ու քանի որ մենակ չէի, չունեի ականջակալներ:

քայլեցի մոտավորապես երկու ժամ: Նորայրը նոր գաղափար ունի, որ օրվա ընթացքում կարող ես ծախսել էնքան գումար, քանի քայլ, որ արել ես: Մի քայլը արժի մի դրամ: դե իհարկե, էստեղ գլխավոր նպատակը շատ գումար ծախսելը չէ, այլ՝ օրվա մեջ քայլելուն ու ֆիզիկական ակտիվությանը ուշադրություն ու ժամանակ հատկացնելը:

ինչևէ, եթե էդ երկու ժամվա մեջ ֆիզիկական առողջությունս օգուտ ստացավ, ներսս քայքայվեց պարզապես: երկու ժամվա մեջ ոչ մի հետաքրքիր կամ հաճելի խոսակցություն չլսեցի փողոցում: չէի դուրս եկել անծանոթների զրույցներից տեղեկանալու, բայց կարմիր լույսի տակ, սրճարանների կողքով միջով անցնելիս անխուսափելի էր լսել՝ հորս արև ստավկա էի արել, մորս արև լռվի տե, բոոոորինգ էս ապե ու այլ անտանելի զրույցներ:

նեղվում եմ: սահմանային միջադեպերի, ներխուժումների ֆոնին սա միգուցե անկարևոր խնդիրա, բայց, որ ամեն ինչ սկսումա խոսքից, էդ հաստատ:

խոսելը հաճելիա, իսկ հաճելի խոսքը կամ զրույցը՝ անգնահատելի: ինձ միշտ շատախոս եմ համարել, բայց էս վերջերս ավելի շատ լսում եմ ու մտածում: ու ուզում եմ լսել տանելի զրույցներ գոնե: ու դեռ չգիտեմ՝ ովա պատասխանատու մարդուն խոսքի մշակույթի հետ ծանոթացնելու հարցում. դպրոցը, ընտանիքը, հեռուստատեսությունը, ընտանիքը, երկիրը…. երևի հենց ինքը՝ մարդը։ ուֆ է, չգիտեմ։ գնամ քնելու, իմ առավոտվա կոֆեն ինձա սպասում։

հոգ տար քո մասին

դրականի կաթիլ

էսօր նկատեցի, որ գերմաներենում բացասական մասնիկը նախադասության վերջ տանելը մի տեսակ ազդումա մտածելակերպիդ վրա։ գերմաներենում «ես չեմ կարող արտահայտությունը»՝ Ich kann es nicht, բառացի կլինի ես կարող եմ ոչ։ մինչև «ես չեմ կարող» ասելը, դու նախ ասում ես «ես կարող եմ» ու հետո նոր ժամանակ ու տեղ տալիս «ոչ»-ին։ միգուցե դու մտածես, որ սա անիմաստա, իմ համար էդ պահին կարևոր էր։ որովհետև մինչև nicht-ը ասելը, ես արդեն հավատացել էի «ես կարող եմ»-ին։

մանտրաների աշխարհում կարևոր է, որ ասածդ արտահայտությունը լինի պարզ ու հասկանալի ու դու հավատաս դրան։ յոգայի ժամանակ, հատկապես ամենաբարդ վարժություններն անելիս ես հաճախ եմ օգտագործում՝ «ես ուժեղ եմ» մանտրան։ շատ ավելի հաճախ մարզիչս առաջարկում է մտածել ու օգտագործել իմ մանտրան, ու էս օրերին իմ համար կարևոր է «ես խաղաղ եմ» մանտրան։ էստեղ միայն դրական արտահայտություններ են, միայն դրական էներգիա։

զգացել ե՞ս՝ օրվա մեջ քանի անգամ ես դրական արտահայտություն անելիս օգտագործում «չ». ես չեմ ուշանա, ես գեր չեմ, ես տխուր չեմ, ես հոգնած չեմ… եթե ուզում ես դրական էներգիայով շրջապատել միտքդ ու քեզ, «ես չեմ ուշանա»-ի փոխարեն ասա կամ մտածիր՝ ես տեղում կլինեմ ճիշտ ժամանակին, ասա հաճելի կազմվածք ունեմ, ես լավ տրամադրություն ունեմ կամ ես էներգիայով լի եմ։ երբ դրական խոսքն ու մտածելակերպը սովորություն են դառնում, ժամանակի հետ զգում ես փոփոխություն թե քո վարքի, թե բնավորության ու տրամադրվածության մեջ։

լավագույն տրամադրության ու վիճակի մեջ չեմ/չենք բարի ու դրական խորհուրդներ տալու համար, բայց օրվա մեջ գոնե խուսափելի բացասականը հանելը վատ չէր լինի լավ կլիներ։ քեզ դրական աշնանային օր։ լավ կլինի։

հոգ տար քո մասին

լռելու արվեստը

ցանկացած իրադարձության հետևում են աջ ու ձախ քննարկումներ, բայց որ լռողներին էսքան կատեն, էդ մասին չէի լսել։ էն պահին, որ գոնե հայի միակ միտքը պետք է զբաղված լինի սահմանին տիրող իրավիճակով, քննարկում են, թե որ մատնահարդարը խոսեց էդ մասին, որ դիմահարդարը չխոսեց։ (ամենևին չվիրավորելով մատնահարդարի կամ դիմահարդարի մասնագիտությունը)

ես մի տեսակ չեմ հավատում, որ էս կամ էն երգչի ֆեյսբուքյան ստատուսը կյանքեր ա փրկելու, ոնց չէի հավատում, որ երբ հայտնի սննդի ցանցը գնաց ռուսաստանյան շուկայից, վերջինիս ղեկավարությունը ճնշվելու էր ու ասեր՝ լավ էս մի քանի անմեղ ուկրաինացուն չենք սպանում։

քաղաքականությունը եղելա ու մնում ա իմ ամենաչսիրած ու չքննարկվող թեմաներից մեկը։ միաժամանակ, ես փորձում եմ տեղեկացված լինել տիրող իրավիճակից։ բայց ես մասնագետ չեմ ու իմ կարծիքը ոչ միայն կարող է լինել կողմնակալ, այլ անգրագետ ու անօգուտ, դրա համար նախընտրում եմ էդ թեմայով քննարկման ժամանակ լռել ու ավելի շատ լսել։

եթե կարող ես իրավիճակին մի բանով օգնել, եթե քո կարծիքով քո գրած ստատուսը օգուտա տալու, արա, բայց երբ գնում, բզում ես մեկին, թե բան չես խոսում էս թեմայով, ես դրա օգուտը ոչ մի տեղ չեմ տեսնում։

ամեն մարդ ունի ցավին դիմակայելու կամ իրավիճակին հակազդելու իր գործելաոճը, (անգ.՝ copping mechanism) մեկը անդադար կգրի, կխոսի, կքննարկի, մյուսը չի կարդա ոչ մի բան, մյուսը կկարդա ամեն ինչ ու չի արձագանքի ու տենց շարունակ։ էս ամենախառը օրերին մի մոռացեք, որ դիմացինը անհատա՝ իր խնդիրներով ու իր մտածմունքներով։ եթե չեք կարող լավացնել իրավիճակը, մի էլ ավելի վատացրեք։ ընդամենը հարգեք միմյանց։

մեկը

էնքան հաճելիա օրացույցին տեսնել մեկ։ էդ հույսնա, էդ էներգիայի հոսքնա, էդ նորը սկսելու, նորը բացահայտելու մեծ մոտիվացիայա։ մենք միշտ ասում ենք՝ երկուշաբթի օրվանից էս եմ անելու, էս տարվանից էս եմ անելու ու հաճախ ենք մոռանում մեզ իսկ տրված խոստումները։ ես էս ամսի մեկի համար ինձ շատ բաներ եմ խոստացել, էլ չասած որ նախորդ մեկին տրված խոստումներից և ոչ մեկը չեմ արել։

սկսելու եմ ամենափոքրից՝ ամեն օր մի բան բլոգելուց ու փորձելու եմ սառնարանին փակցրած բոլոր կետերը լրացնել։ սեփական ցանկությունները առաջնային դարձնելն էլ լինելուա իմ նոր հոբին։ էս կետին գալիս ես, երբ բժիշկը քեզ ասումա՝ շարունակի յոգադ ու օրվա մեջ գոնե մի ժամ տրամադրի մենակ քեզ ու քո հանգստին։

էս էլ իմ՝ ինչպես անցկացրեցի ամառային արձակուրդները շարադրությունն էր։ չսիրեցի էս ամառը։ բայց գալիսա հուդիների եղանակը ու դա շատ լավ լուրա էս պահին։

հայկական վեգան խոհանոց

հո սոված չես, քանի որ սնունդից ենք խոսելու։

ուսումնասիրում եմ հայկական խոհանոցը, քանի որ լսում էի rearrange-ի վերջին եթերը, որտեղ Նարեկն ու Սերգեյը քննարկում էին հայկական խոհանոցը, ավելի ճիշտ՝ որ ճաշատեսակն է հայկական, որը՝ չէ։

ես լրիվ համաձայն եմ, որ էդ ամենագլխավոր խնդիրը չի, այսինքն կյանքի միակ իմաստ դարձնել ապացուցելը, որ օրինակ տոլման հայկական ուտեստա։ իհարկե, դա մշակույթի մասա, իհարկե, պետք է արժանին տրվի ազգին, երբ հնարելա համաշխարհային ճանաչում ունեցող ուտեստ, կամ ցանկացած մշակութային այլ տարր, բայց լավ էլի… մի խոսքով։ սա պատճառ դարձավ, որ ես ցանկանամ ուսումնասիրել՝ ինչ ուտելիքներ կան, որ իսկապես հայկական խոհանոցի տարր են միսը կրակի վրա տարբեր ձևերով տապակել-խորովել-խաշելուց բացի։

ճաշատեսակների մեծ մասը կապված էին կրոնական տոների հետ, հատուկ էին կրոնական օրացույցի էս կամ էն օրվան։ օրինակ՝ զատկի ժամանակ հայտնի էր անուշ անունով մի ապուր՝ անուշապուրը։ ձավար, չրեր, ընկուզեղեն։ մէ հրաշք։ էս ապուրը նաև որպես նվեր հյուր են տարել զատկի օրերին։ կամ թթվեպասը, որը պատրաստվում է արմատային բույսերով, չրերով ու քացախով, առանց ձիթայուղի։ սրա կրոնական մասն այն է, որ քացախ են օգտագործել ի հիշատակ խաչելության, որտեղ ըստ Աստվածաշնչի, Քրիստոսին քացախ են խմեցրել։

հավես մի ուտելիք՝ թաթխան։ սա զաթարի հայկական տեսակնա, քանի որ պատրաստվելա տարբեր աղացած սերմերից՝ արևածաղկի, սեխի, ձմերուկի, դդմի, ու մատուցելիս մեջը հաց են թաթախել (տրամաբանում ենք, որ անունն էլ էդտեղից է ծագում)։

պարզվեց, որ ունենք շատ սիրուն անունով ուտեստ՝ մշոշ։ ինչը համարվումա պահքի ուտեստ։ ես գտել եմ վեգան բառի հայերեն համարժեքը. պահքի մեջ։ հա, հա, կատակ էր, վեգանի հայերենը բուսակերնա, որտեղ պիտի ավելացնես՝ նաև կաթնամթերքից է հրաժարվում։ մշոշը Վանից մեզ հասած ուտեստ է՝ ծիրանաչրով (մշմշոշ նշանակում է ծիրան), ոսպով ու ընկույզով։ աստված, ես պատկերացնում եմ՝ ինչքան համով ու առողջարար բանա, մնումա ամբողջական բաղադրատոմսն ու պատրաստման եղանակը գտնել։

շատ հետաքրքիրա նաև բազրկանիի պատմությունը։ սա հովիվների ճաշնա եղել Մուսալեռում։ ձիթապտուղ, լոլիկ, ընկույզ ու ձիթապտղի ձեթ։ համարում են հովիվների ճաշը, քանի որ շատ հեշտ էր իրենց համար բաղադրիչները գտնել սարերում ու պատրաստել։ բնության հետ շփվող մարդը գիտի, որ բուսական ծագում ունեցող ուտեստները համով լինելուց բացի նաև առողջարար են ու էներգիա չեն տանում քեզնից։

համոզված եմ՝ ավելի շատ վեգան ուտեստներ ունենք, որոնց մասին երբեք չէի լսել։ մեր բուսական աշխարհը, կլիմայական պայմանները, աշխարհագրական դիրքը հրաշալի հող են ստեղծել (pun intended) բուսական խոհանոց ունենալու համար։ հետո մի օր որոշել ենք, որ էս մասին ոչ մեկին չենք ասելու, մենք էլ ենք մոռանալու ու աշխարհին մենակ պատմելու ենք, որ նայ, կենդանին էլ չի ուզում ապրի, միսը դնում ես կրակի վրա ու վուալա…

հայկական խոհանոցը մենակ խորովածը չի։ էսքանն էի ուզում ասել։

թարմացում՝ գտա մշոշի բաղադրատոմսը։ յեյ։

հոգ տար քո մասին

օրվա բառը

եկա էն եզրահանգմանը, որ ամեն ինչի հայերենն էլ ունենք, կիրառողա պետք։ մեկ-մեկ կգրեմ էն բառերը, որոնց մասին երբեք չէինք էլ լսել, օգտագործել ենք այլ լեզուներով ու մոռացել, որ հայերենն էլ կա։

burnout (անգ) — հուզական այրում

սա նույն գերհոգնածությունն է, սակայն արտահայտվում է ոչ միայն ֆիզիկական կամ հոգեբանական հոգնածությամբ, այլ նաև ցինիզմով ու աշխատանքի կամ շրջապատի նկատմամբ ծայրահեղ բացասական վերաբերմունքով։

գրողը տանի

պահա գալիս, որ էլ կռվել-պայքարել էլ չես ուզում, մտածում ես՝ ինչ ուզումա լինի:

պահա գալիս, որ բառ չկա ասելու՝ ինչքան ես հոգնել, հիասթափվել:

պահա գալիս՝ ուզում ես անտեսանելի լինես, ուզում ես չլսես, չկարդաս, չիմանաս, որովհետև ոչ մի բան անել չես կարող, իսկ անզորության զգացումը ամենահաճելիներից չի:

այ էդ պահերիցա

ոչ իմ բառերով

ես ժամերով գրեցի, գրեցի ու հետո հիշեցի Հովհաննես Գրիգորյանի էս բանաստեղծությունը, որ հազար անգամ ավելի լավ ա պատմում իմ մտքերը՝

«Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Ու երբեմն թվում է ինձ,
թե երկուսս էլ
փայտից ենք պատրաստված
կամ, ասենք,
աշնան չորացած տերևներից:
Այսպես նստել իրար դեմ
ու երկար նայել իրար:
Չունենալ ոչ մի հիշողություն,
կարծես հենց նոր ենք ծնվել:
Մեր կողքին մարդիկ կծիծաղեն,
մենք չենք լսի նրանց,
կասկածանքով կնայեն մեզ,
իսկ մենք` իսկապես փայտից,
մեր կողքին մարդիկ կտխրեն
հետո դանդաղ կծերանան…
Այսպես նստել իրար դեմ
և այսպես երկար լռել:
Հետո երկնքից մոխիր կթափվի:
Հետո կլինի քամի:
Եվ քանի որ մենք պատրաստված էինք
աշնան դեղին տերևներից
կցրվենք դես ու դեն
և էլ չենք լինի»։

ուզենալ — կարողանալ

մեկ-մեկ չես ստանում էն, ինչ ուզում ես, էդ լրիվ նորմալա, ստանում ես էն, ինչ քեզ պետքա, հաճախ էդ էլ չես ստանում, էդ էլա նորմալ:

հիասթափվելուց հեշտ բան չկա, բայց դրանից օգուտ էլ չկա: պետք ա փորձել:

բալզակը ասում էր ցանկանալ-ը մեզ սպանումա, իսկ կարողանալը ապրեցնում. (թե հակառակը, եսիմ, երբ եմ կարդացել, չեմ հիշում)

չթողնես ցանկություններդ քեզ իրենց գերին դարձնեն: շատ հաճախ կյանքի հետևից ոչ թե ընկնելա պետք, այլ ծիծաղել կյանքի վրա: վերջում ինքնա հաղթող դուրս գալիս, իսկ դու քո վազքից մենակ հոգնում ես, նույնիսկ չես էլ նիհարում:

ծնվել-մահանալու մեջտեղում քեզ մնալու են պահեր, ու, եթե խելացի ես, զուտ վայելիր:

ասումա՝ նայ քո մասինա գրած, կանգնիր ու հոտ քաշիր վարդերից, դու միշտ տենց ես անում, սիրուն ծաղիկներ տեսնելիս հոտ ես քաշում:

ծնվել-մահանալու մեջտեղում քեզ մնալու են մի բաժակ կօֆէ առավոտյան, մի նոտա երաժշտություն ու մի կտոր կապույտ երկինք: երևի ուրիշ ձև չկա, դրանք նկատիր, որ գնահատես, որ հիշես:

հոգ տար քո մասին