երաժշտություն

հեյ


օրվա մեջ քանի՞ ժամ ես երաժշտություն լսում։ ինձ չհարցնես՝ չգիտեմ։ ինչպես ասում են՝ #միշտ։ ու միայն էսօր եմ հասկացել՝ ինչքան տարբեր են երգերն ու երաժիշտները հոլովակներում և համերգների ժամանակ։ ստեղծվումա մի տեսակ էներգիա, որի անունը չգիտեմ։ հատկապես, երբ վոկալիստները կիսով չափ դեերասան են ու կարողանում են առանց բառերի զրուցել հանդիսատեսի հետ։ հատկապես, երբ խոսքը ռոք խմբերի համերգների մասինա։ էսօր ամբողջ օրը գրեթե համերգներ եմ նայել ու իսկապես նայել եմ, ոչ թե միայն լսել։ 
սիրուն բանա երաժշտությունը, ավելի սիրուն են խենթ համերգները։ գնացեք համերգների, խենթացեք ու պարեք ու երգեք… մի հատ լավ երգ ասեմ, լսիր։ ինձ շատա դուր գալիս, երբ ազգային երգերը թարմացվում են… ու ինչպես ասում են մեր պապերը՝ նոր շունչ են ստանում։  

հոգ տար քո մասին

զրույց

հեյ, 

անտանելի ժամանակներում ենք ապրում։ մեր դպրոցի պատին ցեղասպանությանը նվիրված միջոցառումների օրերին մի  պլակատ պաստառ կար՝ «Էս ինչ քյաֆուր դարի հասանք» վերնագրով։ ուղղիր, եթե սխալվում եմ, բայց կարծես՝ Սիամանթոյի խոսքերն են։ ինձ թվումա՝ էդ դարը չի վերջանում։ 

երեկ մի ամբողջ սերիալ նայեցի՝ (դե անգործ լինելու լավագույն կողմերից մեկնա) Night Manager, որտեղ խոսվում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից անօրինական զենքի առք ու վաճառքի մասին, Իրաքի պատերազմի մասին, զենքերի փորձարկումներն ու ցուցադրությունները Սիրիայում կազմակերպելու մասին։ ու ամենացավալին էն էր, որ էդքան էլ իրականությունից կտրված չի ֆիլմը։ 

իհարկե հասկանում եմ, որ մարդ տեսակը ամեն ինչի վրայով կանցնի ավելի շատ ունենալու համար, հասկանում եմ, որ սեփական եսն ու իշխանությունը գրեթե միշտ գերադասվում են, բայց մի բան կա, որ ուղեղս չի կարողանում մարսել։ ինչու՞։ եթե ես, որպես միջին վիճակագրական քաղաքացի, հասկանում եմ էդ զենքերի վտանգավոր լինելու աստիճանը, հասկանում եմ, որ ամեն փամփուշտը մի ճակատագիր է, մի կյանք, ստեղծողները չե՞ն հասկանում։ գնողները չե՞ն հասկանում։ վաճառողները չե՞ն հասկանում։ ուրեմն ինչքան թքած պետք է ունենալ մարդկության վրա, որպեսզի կարողանալ նման գործարքներ անել։ 

եթե անողները մահկանացուներ չլինեին, ես էլի կհասկանայի։ դե հավերժ ապրել կարողացող մարդը կարող է արդարացնել իր՝ ամեն ինչի վրայով անցնելն ու կարողություն կուտակելը։ բայց երբ, ամեն վայրկյանի հետ կարճանում է մեր կյանքը, մի տեսակ չես ուզում գոնե սպանել։ 

շատ հիասթափված եմ մարդ արարածից, չգիտեմ-ինչ-արժեքներով-առաջին-աշխարհի երկրներից ու մեզնից՝ հայերից։ մեզնից հիասթափված եմ, քանի որ թույլն ենք էս ամեն ինչի մեջ։ էն թույլը, որ ոչ ինքն է իրեն օգնում, ոչ էլ այլոք ինչ-որ շահ ունեն օգնելու։ շատերդ երևի արդեն տեղյակ էիք էս ամեն խաղերից։ ես իմ պղպջակի մեջ էի ապրում ու չգիտեի էլ, որ իմ էդքան պատկերացրած խաղաղ ու սիրուն աշխարհը էսքան զզվելի իրականություն ունի։ 

ես «փոքրիկ Իշխան»-ով եմ ծանոթացել աշխարհին ու էդպես էլ ընկալել եմ իմ շուրջը կատարվող ամեն ինչը։ պարզվեց՝ գլխարկ էր, ոչ թե՝ փիղ կուլ տված օձաձուկ։ ես երևի իմ երազներով եմ ապրել, իսկ էս վերջերս երազներս մենակ պատերազմներ են ու քաոս։ ամեն օր մի քանի անգամ վեր եմ թռնում երազումս պայթող հրանոթներից, գոռացող մանուկների ու սպանվող թռչունների ձայներից։ 

մի քանի օր առաջ ավելի սիրուն երազ էի տեսել՝ քայլում էի աշխարհի բոլոր երկրկներով ու «խաղաղություն» էի գոռում։ բոլորը միանում էին ինձ, քայլում ինձ հետ ու աղավնիներ նետում օդի մեջ։ սիրուն էր։ իսկ երբ արթնացա, ճիշտ հակառակ պատկերն էր լրահոսումս։ 

ես ստեղծել եմ իմ աշխարհը ու ապրել եմ էնտեղ մոտ քսանվեց տարի։ էսօր մի պահ դուրս եկա պղպջակիցս ու ատեցի ամենը։ հետ եմ գնում, կներեք։ ինձ մոտ ամեն ինչ ավելի բարի է ու մաքուր։ 

հոգ տար քո մասին 

«սրանք ինչ են եկել, լցվել»

հեյ

ես քովիդի լոքդաունի ժամանակ տնից ավելի շատ էի դուրս գալիս, քան վերջին մեկ շաբաթվա ընթացքում։ ինչ խոսք, կարոտել էի քաղաքը, մարդկանց, քայլելն ու երաժշտություն լսելը։ դե միշտ եմ ականջակալներով, քանի որ անընդհատ ազդանշաններն ու գռեհիկ զրույցները միշտ պատրաստ են փչացնելու տրամադրությունդ։ էհ, դեռ չէի հասցրել կապույտ ատամը միացնել ու լսում եմ՝ «ախչի, ես քեզ որ բան եմ ասում, դու ներվերս մի կեր»։ նայում եմ հետ. երիտասարդ զույգ են՝ իրար թևանցուկ։ «ախչի»-ն դե աղջիկն էր, որն ընթրիքին պատվիրել էր տղային ներվերը։ 
ես միշտ եմ գոռալուն դեմ եղել, հատկապես աղջկա վրա, հատկապես դրսում, հատկապես, երբ ներկա եմ։ ինչքան հնարավոր էր զուսպ գտնվեցի ու «թարս» հայացք նետեցի իրենց կողմը։ (թե ասա Լիլիթ, քո ինչ գործնա՝ ովա ում վրա գոռում, ինչ ես խառնվում)։ կանաչեց լույսը։ կապույտ ատամս դեռ չէր միացել, (դու հիմա կմտածես, որ ես դախ եմ ու դու չես սխալվի) ու լսում եմ նորից. «ես քեզ բան եմ ասում, դու շարունակում ես, կտամ, կսպանեմ»։ ըըըըը…. ոնց որ հայացքս չազդեց հա՞։ մի հատ էլ եմ երկար ու ջղային նայում տղային, որը ինչ-խոսք սկզբից էլ նկատել էր ինձ ու հասկացել էր, որ մի տեսակ դեմ եմ իրավիճակին։ «ինչա, ի՞նչ ես նայում, սրանք ինչ են եկել լցվել»,-արձագանքեց երիտասարդը խեթ հայացքիս։  հոգոց։ 
երեք հատ խորը շունչ, արտաշունչ ու երգս միացավ, ու ես ուղղակի գնացի։ իհարկե։ ինչու՞ էի նայում։ մարդը անձնական տարածք ունի, կուզի կգոռա իր ընկերուհու/կնոջ/քրոջ վրա, կուզի՝ չէ։ ես ոչ մեկն եմ էդ պահին, որ քիթը խոթել էր ուրիշի ձայնի ելևէջների մեջ։ պետք էր չնկատելու տալ։ ես չէի կարող։ աղջիկը ամբողջ ընթացքում էդպես էլ ոչինչ չարեց։ շատ ցածր ու նեղացած խոսում էր ու ամբողջ ընթացքում մնաց տղային թևանցուկ։ ինքը չէ՞ր ընտրել էդ վերաբերմունքը։ ինքը չէ՞ր հարմարվել, որ իր հետ գոռալով պետք է խոսեն նույնիսկ եթե դրսում են, նույնիսկ երբ ինչ-որ մեկը ուշադիր նայում է նրանց՝ փորձելով հասկացնել, որ «ժող, ո՞ր դարնա…
գոռում էին քարանձավներում, հեռվում մամոնտ տեսնելիս, նավերում՝ այսբերգ նկատելիս։ զրուցելիս, հատկապես սիրելիների հետ զրուցելիս, իսկապես չարժե գոռալ։ գոռալը հեռվացնում է։ որքան էլ որ բարկացած ես, որքան էլ որ «ներվերդ են ուտում»։ մի բարձրացրեք ձեր ձայնը ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրելիս ու մի թողեք, որ ձեր վրա ձայն բարձրացնեն։ դա դեմ է քաղաքակիրթ մարդու կանոններին։ քաղաքում հյուրեր կան, ի՞նչ կմտածեն…»
սա հարցի մի կողմն էր։ և ոչ ամենացավալին։ պատմության մեջ ինձ ոչ այնքան բարկացրեց տղայի ձայնը, այլ աղջկա լռությունն ու հանդուրժողականությունը։ ես չգիտեմ՝ ինչ առիթ էր, ես չգիտեմ՝ ինչքանով էր սպառում աղջիկը ձենով օհանի նյարդերը, բայց ոչ մի կերպ չեմ հասկանա նրա հանդարտությունն ու խեղճությունը։ սեփական եսը հարգելը հանդգնություն համարող երկրում սա միգուցե արդարացված ու նորմալ է համարվում։ էդ շատ տխուրա։ սա իմ՝ ֆեմինիզմի դրսևորումը չի։ եթե աղջիկը գոռար տղայի վրա, ես էլի նույն կերպ կարձագանքեի։ գիտեմ, որ երկար-բարակ խոսում եմ հիմա, ասածս մի նախադասությամբ էլ կարող էի ամփոփել։ բայց տեսարանը չափազանց հիասթափեցնող էր։ 
էլ չեմ խոսում «սրանք ուր եկան, լցվեցին»-ի վրա, որտեղ «սրանք»-ը հավանաբար օտարերկրացիներն են։ միգուցե երիտասարդին դուր չի գալիս փաստը, որ իր բացօթյա ներկայացումներին ավելի շատ հանդիսատես կա, քան սպասում էր։ կամ ես ինչի՞ եմ «սրանք», էդ էլ չգիտեմ։ 
ես ուրախ եմ, որ հիմա դրսում գունավոր ու բազմազան անցորդներ կան։ ես ուրախ եմ, որ տարբեր լեզուներ եմ լսում քաղաքում քայլելիս։ մի տեսակ աշխուժություն կա։ երևի կարելի է երկրի հյուրերից միքիչ քաղաքակրթություն սովորել ու չնեղվել, երբ թարս են նայում, երբ գոռում ես ընկերուհուդ վրա։ 
հոգ տար քո մասին 

գնահատելու արվեստը

հեյ
էսօր  նայում էինք Ջոն Օլիվերի երեկոյան շոուն տոմսերի, դրանց գների ու վերավաճառքի մասին (իրականում շատ խնդալու ա, նայիր, եթե հավես ու ժամանակ ունես), որտեղ հնչեց միտք՝ «էն գնով, որ ես գնում եմ համերգի տոմսեր, երաժիշտները պետք է սերենադ նվագեն իմ պատշգամբի տակ»։ հըմ։ ինչքան էլ օրենքները կամ կանոնները ստիպեն, մարդիկ գտնում են օրինակ՝ երգերը անօրինական ձևով ներբեռնելու կամ լսելու ձևեր։ օրենքը չի, որ պետք է մարդուն սովորեցնի աշխատանքը գնահատել ու դրա համար վճարել։ երբ youtube-ով երգ ես լսում կամ հոլովակ նայում (հաճախ ոչ էլ նայում ենք հոլովակը), մոռանում ես մտածել՝ ինչքան աշխատանք կա էդ երեք րոպեի հետևում։ էլ չասեմ՝ երբ առանց մի քանի դրամ վճարելու սթրիմ ես անում նույնիսկ ֆիլմերը։ 
եթե երաժիշտը էդ ամենի արդյունքում չի վաստակում գումար, քանի որ ոչ մի երգ իրականում չի վաճառվում, մնում է միայն համերգների միջոցով գտնել էն գումարը, որով կկարողանա գոնե հաջորդ գործի վրա աշխատել։ պատկերը շատ շատ ավելի տխուրա Հայաստանում։ 
ցավոք շատ քչերն էն այսօր երգ գնում, վճարում իրենց լսած երգերի համար (ինքս էլ չեմ վճարում, եթե հաշվի չառնենք դիզերի բաժանորդագրությունը) ու մի բան էլ ավել՝ բողոքում են համերգների տոմսերի թանկությունից։ 
որակյալ երաժշտություն ու շոու պահանջողները պետք է հիշեն, որ էդ ամեն ինչը կախարդական փայտիկով չի առաջանում, կա աշխատանք, որն արժանի է գնահատանքի։ 
եթե քեզ համարում ես երաժշտության սիրահար ու չես ալարում, ինքնակենսագրականիդ մեջ հոբի բաժնում գրում ես՝ listening to music,  եղիր երաժշտության սիրահար մինչև վերջ։ վճարիր քո լսած երգի համար, նայած ֆիլմի համար, օգտագործած ծրագրերիդ համար, հարգիր էն մարդկանց աշխատանքը, որ քո օրը միքիչ ավելի գունավոր են դարձնում ու աշխարհն էլ՝ ավելի լավ տեղ ապրելու համար։ 
հոգ տար քո մասին

տեսակներ

հեյ

սևակը մարդկանց բաժանում էր ըստ նրանց աշխարհագրական դիրքի՝ մեկը աշխարհի շալակին, մեկը՝ աշխարհը շալակին։ էսօր աշխատանքի  ընթացքում ես նոր բաժանում եմ գտել, նոր տեսակավորում։ գոռացողներ ու նորմալներ։ 
չգիտեմ՝ նախախնամություն էր, թե այլ քիչ օգտագործվող բառ, բայց անմիջապես իրար հետևից ինձ երկու հաճախորդ դիմեցին՝ նույն խնդրով։ խնդիրն այն էր…դե պարզա, որ չեմ ասելու, կոնֆիդենցիալա, բայց հիմա։ միջին վիճակագրական մի բան։ 
առաջին դեպք։ հաճախորդը սովորական տոնով սկսում է խոսակցությունը։ էդ դեպքը ինձ էնքան ծանոթ էր, որ առաջին բառից էլ հասկացա՝ ինչնա ծուռ գնացել։ բայց տարիների փորձն ու գիտակցությունը, հայրենի հողն ու ջուրը, մեր պապերի իմաստությունը մեզ սովորեցրել են, որ թող մարդը խոսի։ ես չեմ ընդհատում, նա շարունակում է, ու ամեն բառի հետ ձայնը մի տոնայնություն բարձրացնում։ մի նախադասություն հետո առանց չափազանցնելու գոռում էր վրաս։ (ի միջի այլոց, ինչի՞ ենք ասում «վրան գոռալ») մի խոսքով։ ինչքան էլ զարմանաք, մի տեսակ հարմար չեմ զգում ինձ, երբ գոռում են։ հասկանում ե՞ք, ես մանկուց դեռ ունեցել եմ ցածր ու նորմալ ասածը հասկանալու տաղանդ, հիմա մի տեսակ նվաստացած եմ զգում, երբ հասուն մարդը ձայնը բարձրացնում է՝ իր կարծիքով ինձ ինչ-որ բան հասկացնելու համար։ ես, ինչքան էլ քաղաքավարի, նույնքան խիստ ասում եմ, որ գոռալու կարիք ամենևին չկա, ես նորմալ ասածն էլ շատ լավ հասկանում եմ ու հիմա շատ արագ խնդրին լուծում կտամ։ տոնը իջավ, ձայնը մեղմացավ, խնդիրը մի րոպեում լուծում ստացավ, լավ օր մաղթեցի, գնաց։ 
երկրորդ դեպք։ հաճախորդը խոսում ա սովորական տոնով։ նկարագրում խնդիրը, ես ներքուստ նյարդային եմ, բայց վերոնշյալ պապերի իմաստությունն ասումա՝ մեկի բարկությունը մյուսի վրա մի թափիր։ ես լուռ լսում եմ, սպասում եմ, որ հեսա էս մեկն էլ պիտի սկսի գոռգոռալ։ և ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր։ հաճախորդը կատակեց։ ու դե հա, գերմանական հումոր էր, էդքան էլ խնդալու չէր, բայց դե հիմա։ մինչև երջանկության արցունքներն էինք մաքրում, խնդիրը լուծում ստացավ, լավ օր մաղթեցինք իրար ու զանգն անջատվեց։ 
առանց չափազանցնելու նույն խնդիրն էր։ նույն տարիքի, նույն ազգության, նույն սեռի մարդիկ էին, ուշադիր եղել եմ։ ինչնա՞ խանգարում մարդուն լինել երկրորդի նման։ ինչնա խանգարում մեզ լինել երկրորդի նման։ 
էս աշխարհը եթե փրկեց, հումորնա փրկելու, քանի որ գեղեցկությունը վաղուց արդեն կեղծվելա ու մի տեսակ գեշացել։ թեթև ապրեք։ 
հոգ տար քո մասին

«մերսի» ասելու նուրբ արվեստը

հեյ

քայլելիս, գնումներ անելիս, աշխատանքային ժամերին մի տեսակ ցրվելու ու նաև այլ թեմաների մասին մտածելու համար հաճելիա ինչ-որ պոդկաստ լսելը։ արդեն մի անգամ գրել եմ՝ ինչ պոդկաստներ եմ առաջարկում, ինչեր եմ լսում։ հիմա ցանկը միքիչ փոխվելա, շատ են դուրս գալիս Lex Fridman-ի պոդկաստները, Jordan Peterson-ին եմ սիրում լսել ու էլի շատերին։ 
էսօր rearange-ի ժամանակ էնքան ճիշտ միտք հնչեց էն մասին, որ հայերը երբեք գոհ չեն։ հյուրը պատմում էր, որ ամանորյա տոներից առաջ ինչ-որ մեծ մեքենա են բերել, ու անցորդները կարող էին ուղղակի կոճակ սեղմել ու տարբեր նվերներ ստանալ մեքենայից։ ոչ մեկի դեմքի արտահայտությունը գոհացական չէր, մի տեսակ սովորական վերցնում էին նվերն ու հեռանում, ու աչքերի մեջ գրված էր «հա, իբր ինչ, ավելի լավ բան չէի՞ք կարող նվիրել»։ ես էդ հայացքը տեսնում եմ գրեթե ամեն օր։ մարդկանց տալիս ես ուշադրություն, իսկ իրենք դա ընդունում են որպես քո պարտականություն։ ու մի տեսակ չկա՝ «շնորհակալություն» բառը։ 
Մետաքսն էսօր պատմում է, որ Չեխիայի իր գործընկերներին սովորեցրել է հայերեն «շնորհակալություն» բառը։ ես ուզում եմ, որ Հայաստանում էլ շատերը սկսեն օգտագործել դա, մի տեսակ սովորական դառնա շնորհակալ լինելը։ երբ երեխա էինք, մեզ սովորեցնում էին կոնֆետը վերցնելուց հետո «շնորհակալություն» ասել։ տարիքի հետ մի տեսակ downgrade ենք լինում upgrade-ի փոխարեն, այո՞։ 
մի հատ գաղտնիք էլ ասեմ ու գնամ՝ ինչքան գնահատված զգա դիմացինդ, էնքան ավելի նվիրված կլինի։ դու ես ընտրում էդ մարդու վերաբերմունքը քո նկատմամբ։ 
հոգ տար քո մասին

ինչ-որ մի պահի

հեյ

էս վերջերս ամեն ինչ խառնա, ու ոչ մի բանի մասին երկար մտածել, վերլուծել, ուսումնասիրել չի ստացվում։ դրանից էլ չկան թեմաներ, որոնց մասին կարելիա խոսել։ սիրում եմ մի բանի մասին խոսելուց առաջ լավ ուսումնասիրել թեման ու դրան նայել մի քանի կողմից։ ուզում եմ օբյեկտիվ լինել։ չի ստացվում։ բոլորս սուբյեկտներ ենք ու չափազանց թույլ ու եսասեր օբյեկտիվ լինելու համար։ մենակ մի բանա մտքիս անընդհատ՝ աշխարհի ամենահեշտ բանը։ աշխարհը անտանելի տգեղացել ու բարդացելա։ ամեն օր ամեն տեղ ու ամեն պահ կորուստ կա, մոռացում կա, հեռանալ կա, վերջ կա։ ու երևի հենց էդա աշխարհի լռելյայն ռեժիմը՝ կորցնել։ դրա համար էլ ամենահեշտ բանը աշխարհում կորցնելնա՝ ընկերներին, վստահությունը, սեփական եսը, բանալիները, գուլպայի մյուս հատը, խաղաղությունը, սերը, ժամանակը….  ու սրա պատճառով էլ մեր ամբողջ կյանքը փնտրտուքա՝ նոր ընկերների, նոր վստահելի մարդկանց, նոր եսի, նոր տան, որովհետև նախորդի բանալիները չես գտնում, նոր սիրո, միքիչ ավել ժամանակի ու գոնե հրադադարի։ գուլպայի մասին խոսք չկա։ դրանք անդառնալի կորուստ են։ 
միակ ամենաբարդ խնդիրը էդ փնտրտուք/կյանքը միքիչ ավելի հետաքրքիր ու խաղային դարձնելնա։ դրանից էլ ենք վատ։ մանավանդ երբ խաղաղություն ենք փնտրում։ մանավանդ, երբ ոչ մի բան մեզանից չի կախված, մանավանդ, երբ թույլ ենք։ 
էնքան հեշտա կորցնելը ու էնքան բարդ վերագտնելը, որ ուղղակի խնդրում եմ ձեզ։ ուշադիր եղեք ու հոգ տարեք ձեր ընկերների, սիրո, խաղաղության ու հատկապես գուլպաների մասին։ անընդհատ վերադարձեք նրանց, աչքի տակ պահեք ու լվալուց հետո պարանին իրար մոտ կախեք…. ես անուղղելի եմ, գիտեմ։ 
հիմա կարդում ու ասում ես՝ ինչքան տխմար պիտի լինի մեկը, որ խաղաղության ու գուլպաների խնդիրը նույն մակարդակի վրա դնի։ գիտեմ, գիտեմ, գուլպաները մեր կյանքի հիմքն են, մեր վաղվա երաշխիքն են, մեր ստեղծագործելու, աշխատելու գրավականն են, բայց դե խաղաղությունն էլա կարևոր։ մեր կյանքը միքիչ ավելի գունավոր դարձնելու ու մեր ոտքերը հարմար ու տաք պահելու համար մեզ խաղաղությունա պետք։ 
ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալա, մի բան փչացելա, երևի ավտոն։ 
գիտեմ, էլի տարօրինակ բաներ եմ խոսում։ կներես։ բայց դե հիմա ովա նորմալ։ ամեն մեկս մեր տեսակի մեջ ենք ցնդել։ որովհետև աշխարհում էս պահին էնքան կորած գուլպաներ կան ու էնքան տխուր մարդիկ։ 
կներես։ էլ մի կարդա։ ես էլ չեմ գրի։ 
հոգ տար քո մասին

երբևէ չլսված հնչյունները

էն առավոտներից էր… յոթն անց քսանութ րոպեին սկսող առավոտներից։ մեդիտացիա մտքի համար, յոգա ու լոգանք մարմնի համար ու սուրճ հոգու համար։ էնին պատրաստ էր օրվան։ պատրաստ էր նստել իր կանաչ պատշգամբի փոքր սեղանի մոտ, թերթ կարդալ, վայելել աշնան արևի վերջին հյուրասիրությունը։ 
նոտաները աշնանային առավոտի պես խաղաղ տարածվում են օդում՝ առանց իրար խանգարելու, միմյանց հերթ զիջելով….միքիչ նույնիսկ ձանձրալի, միքիչ նույնիսկ  սովորական։ 

էնին թերթից ավելի փողոցին էր նայում. դիմացի մայթի փոքրիկ կրպակին, որտեղից ամեն օր թերթերն էր գնում, որտեղ ապրում էին աշխարհում ոչ մի այլ տեղ չհանդիպող աչքերը։ էնին սպասում էր արդեն ծանոթ ու սիրելի դարձած սև ֆեդորային, որ հանդուգն ծածկում էր այնքան փափուկ ու խենթ գանգուրները։ 
օդում քամի սկսեց։ խենթացան նոտաները, մեկը մեկից հեռվացան, ուժգնացան, երաժշտական փոշի բարձրացավ….

եկավ։ նա է։ չէ։ մի րոպե։ էնին վեր թռավ։ նույն ֆեդորայից է։ չէ։ չեմ հասկանում։ անցավ կրպակից։ ո՞վ էր։ նա չէր։ չէ։ էնին ձեռքը դրեց տեղից դուրս թռչող սրտին։ ընկավ աթոռին։ ատեց ինքն իրեն։ մինչև երբ պետք է լռի։ երբ պիտի գա օրը։ երբ պիտի գնա ու թերթ գնելուց բացի զրուցի էնքան սիրուն ու էնքան խորունկ աչքերի հետ։ երբ պիտի չվախենա։ չամաչի։ չխառնվի իրար։ վստահ նայի աչքերին ու ասի….
նոտաները շունչ քաշեցին։ հնչյունները դանդաղ իջան սեղանին, սուրճի բաժակին, երեկվա թերթերին, խաչբառի դեռ չլրացված վանդակներին։ ու նորից… ամեն անգամ առաջին անգամվա նման գժվեցին էլի, վեր թռան տարածվեցին օդում։ 

նա  է։ այ սա նա է։ հա, բացում է կրպակի դուռը։ նա է։ էնին նոտաներից էլ խենթացած վազվզում էր տնով մեկ։ փորձեց բոլոր զգեստները բոլոր գլխարկների ու պայուսակների հետ։ ոչ մի զգեստ հարմար չէր, ոչ մի կոշիկ հարմար չէր ու ոչ մի գլխարկ իրեն չէր սազում այդ օրը։ ցանկացած աղջիկ կհասկանա՝ ինչ էր զգում էնին։ երբ ուզում ես կատարյալ լինել։ երբ ուզում ես ամենագեղեցիկը լինել։
հիասթափված հնչյունները մի կերպ դուրս էին պրծնում պահարանից այս ու այն կողմ շպրտված զգեստների ու գլխարկների տակից, ցավում էին էնիի համար։ ու մարում էին արդեն նոտաները, երբ…

էնին պահարանի ամենավերևի դարակից հանեց ժապավենով կապված մի տուփ։ զգուշորեն բացեց ժապավենը, բացեց տուփը…ու աչքերը շողացին։ 
…ու շողացին նոտաները։ 

էնին վազում էր աստիճաններով։ նա ամենագեղեցիկն էր։ կատարյալ էր։ վստահ էր, որ նայելու է աչքերին՝ աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերին, վստահ էր, որ ասելու էր…չգիտեր, թե ինչ։ երևի սուրճի կհրավիրեր, երևի ցույց կտար իր պատշգամբն ու կասեր, որ ամեն օր երեխայի նման սպասում է կրպակի բացվելուն, երևի կասեր, որ բոլոր խաչբառները կիսատ են մնում, քանի որ ինքը շատ հարցերի պատասխաններ չունի, երևի կծիծաղեին, երևի անունը կհարցներ ու կասեր՝ իսկ ես էնին եմ։ 
մայթով վազում էին նոտաները, իրար հրմշտելով, իրար խանգարելով, բոլորն էլ ուզում էին էնիից շուտ հասնել կրպակին…. 

մեղեդին լռեց։ դիրիժորը իջացրեց երկու ձեռքերն էլ։ ջութակը իջավ ուսից։ մատները սահեցին ու նստեցին ծնկներին։ 

էնին թերթեր առած վերադառնում էր տուն։ նոտաները ապշած նայում էին իրար։ իրենք էլ չհասկացան՝ ինչու լռեցին։ իրենք լռեցին, էնին լռեց, աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերը սառած նայում էին թերթերին ու վերադարձնում էնիի մանրադրամը։ էնին ինչու չնայեց աչքերին՝ աշխարհում էլ ոչ մի տեղ չհանդիպող աչքերին։ 
էնին բացեց թերթի վերջին էջը։ 
մատները վերադարձան ստեղներին, ջութակը կենդանացավ նորից։ դիրիժորը պարացրեց փայտիկը օդում։ ու էնին լսեց ամենասիրուն ու ամենասիրո մեղեդին։ 

«…երբ պետք է վերջապես ասեմ նրան, որ իր աչքերը աշխարհում էլ ոչ մի տեղ չեն հանդիպում, որ դեռ չգիտեմ անունը, բայց արդեն սիրում եմ իրեն։ դե միգուցե մտածի խենթ եմ, բայց ամեն առավոտ ուզում եմ ասել՝ ես Ջոնն եմ ու սիրում եմ քեզ….կասե՞ս անունդ…» 
այդ օրը փոքրիկ քաղաքի ամենանեղ փողոցի անցորդները տեսան վազող աղջնակի՝ կատարյալ զգեստով։ նրա հետևից վազում էին երբևէ չլսված հնչյունները։

ջղային մը

հեյ

 մի քանի օր առաջ Սառան օֆիսում մի սենց բան էր կարդում. «Եթե աշխարհում ապրեր ընդամենը 100 մարդ, նրանցից 57-ը կլինեին Ասիայից, 21-ը՝ Եվրոպայից, 14-ը՝ Ամերիկա աշխարհամասից և 8-ը՝ Աֆրիկայից: 52-ը կլինեին կանայք, 48-ը՝ տղամարդիկ, 30-ը սպիտակամորթ, 70-ը՝ ոչ սպիտակամորթ»։ 

 ինչու՞ նորից հիշեցի՝ մեր իրանցի ընկերներից մեկը Հայաստան է տեղափոխվում, ու իր համար բնակարան էր պետք ընտրել։ գտանք բնակարան՝ փոքր կենտրոնում, նորակառույց շենքում, լուսավոր, երկու բաց պատշգամբով, կոդ DP….մի րոպե, շեղվեցի։ ամեն ինչ առաջին հայացքից հրաշալի էր, տան տիրուհին էլ քաղաքավարի էր ու կիրթ…մինչև էն պահը, երբ իմացավ, որ բնակիչը Իրանի քաղաքացի է լինելու։ չեմ ուզում հիմա կրկնեմ իր բառերը, կամ ասեմ՝ ինչքան վատ արտահայտվեց մեր հարևան ժողովրդի մասին՝ ելնելով իր տխուր փորձից։ էդ ամեն ինչի կողքին նա ասաց՝ «եթե իմանայի պարսիկա, գոնե բարձր գին կասեի» ու գինը բաձրացրեց քսան հազար դրամով ։Դ ըմմ… շատ էժան ռասիզմ էր, ինչ խոսք։ 

երիտասարդին անձամբ եմ ճանաչում ու գիտեմ նրա որակներն ու տեսակը ու ցավում եմ շատ իր համար, որ իր ազգակիցների վարքի պատճառով չկարողացավ էդ սիրուն տան մեջ ապրել։ տան տերը, իհարկե, նրա անգլերեն խոսքը լսելուց հետո մի պահ կոգնիտիվ դիսոնանսի մեջ էր ընկել, բայց չափահաս մարդ մը, որ նման արգահատելի վերաբերմունք ուներ ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ, մենք նրա հետ գործարքի մեջ չէինք մտնի ոչ մի դեպքում։ իրեն ասացինք, ինչ խոսք, որ չի կարելի նման կերպ արտահայտվել մարդու մասին, երբ նրան չես ճանաչում, միայն գիտես, թե որտեղա ծնվել… ու վերջապես, ժողովուրդ, ո՞ր դարնա։ գիտե՞ք, որ աշխարհում գոյություն ունի գլոբալիզացիա, գիտե՞ք, որ էդ ամեն ինչի արդյունքում հիմա մենք շատերս նույն հագուստն ենք հագնում, նույն ավոկադո տոստն ենք ուտում ու նույն լատեն խմում, ինչ, որ մեկը, որ երբեք Հայաստանում չի եղել ու չի լսել հայերի մասին։ 

ուզում եմ պատկերացնել՝ ի՞նչ կզգար էդ աղջիկը, երբ իր՝ ինչ-որ տեղ ապրելը, աշխատելը մերժեին մենակ նրա համար, որ հայա։ (ես ի դեպ ունեցել եմ նման փորձ) թե՞ մենք հինավուրց ազգ ենք հզոր մշակույթով ու անցյալով ու Տիգրան Մե/ծով-ից ծով Հայաստանով։ մի օր պետք է առաջ նայենք չէ՞։ 

ես հասկանում եմ, որ մեդալը երկու կողմ ունի, ու կարելիա արդարացնել աղջնակին, քանի որ նախկին պարսիկ վարձակալները փչացրել էին գույքը, բայց այ քեզ բան, հայերն էլ են գույք վնասում, իսկ ինքը էդ մարդուն չէր ճանաչում նման կերպ արտահայտվելու համար։ 

մի խոսքով, քանի դեռ շատ վատ բառեր չեմ ասել, ուզում եմ մի պահ մոռանանք մարդու ազգությունը, քաղաքացիությունը, նախնիներին, քաղաքական հայացքները, սեռը, սեռական կողմնորոշումը ու մարդուն վերաբերվենք որպես անհատ։ հերիքա -իզմ-երով ապրենք։ 

մենք վաղ թե ուշ կգտնենք այլ բնակարան, ինքը կգտնի այլ վարձակալներ, որ հուսով եմ կավիրեն էդ տունը, բայց էս ամեն ինչից ես մենակ կհիշեմ իմ հիասթափությունը ու իրա խոսքերը՝ «ես պարսիկներին չեմ տալիս»… 

նման մարդիկ խայտառակում են մեր րեսպուբլիկան։ 

հոգ տար քո մասին 

մշակութային շոկ

հեյ
էսօր առավոտյան խոսում էի սոց կայքերից մեկի՝ թութի,  ծանոթներիցս մեկի հետ, որը նորա տեղափոխվել Ֆրանսիա, ու հենց առաջին շաբաթում նրանից գողացել են հեռախոսը։ շատ լավ պատկերացրի նրա զգացածն ու վիճակը, խորհուրդ տվեցի դեռ սկզբի համար փակվող գրպաններով տաբատ ունենալ, մինչև տեմպին կհարմարվի։ ուղղակի խնդիրն էնա, որ մեզ երբեք չեն սովորեցրել նոր միջավայր տեղափոխվելու ու դրա հետևանքների մասին։ մենք հաճախ նման փոփոխությունները ոչ լուրջ ենք ընդունում, ոչ էլ դրանց տրամադրվում ենք։ պարզվեց՝ պետք էր տրամադրվել։
երկրորդ կուրսում «միջմշակութային հաղորդակցություն» անունով առարկա ունեինք, որի գրքի մի գլուխը վերնագրված էր՝ «մշակութային շոկ», ու կարդալու ընթացքում  ես էի շոկի մեջ՝ գրողը տանի, ես էս ամենը զգացել եմ ու ինձ ոչ մեկ չի ասել՝ դու շոկի մեջ ես ազիզ ջան, ոչինչ։ դե հիմնականում չէի պատմում՝ ինչ եմ զգում, ես լուռ էի տանում էդ ամենը, կարծես սովորական լիներ ու փորձում էի ինքս ինձ համար լուծումներ գտնել։  ուրեմն էդ գլուխը պատմում էր էն մասին, որ միջավայրը փոխելիս, նոր հասարակության մեջ մտնելիս մարդը միանգամից չափից շատ նորությունների է բախվում ու հաճախ դրանք մարսելը, հասկանալը բարդա տրվում մարդուն։ ու կախված տեսակից՝ հարմարվելու կամ փոխելու կարողություններ, բաց, նորարար լինելու հատկանիշներ, ազատամիտ կամ պահպանողական, մարդը կարող է թողնել ու վերդառնալ իր նախկին միջավայր, կարող է մնալ ու հաղթահարել շոկը կամ չընդունել փոփոխությունները ու ընկնել խորը դեպրեսիայի մեջ՝ այդպես էլ ինքն իրեն միջավայրի մասնիկ չզգալով։ 
տասնյոթ տարեկան էի գրեթե, երբ տեղափոխվեցի մայրաքաղաք՝ սովորելու։ էդ լրիվ ուրիշ թեմայա, թե ինչու են Հայաստանում գրեթե բոլոր համալսարանները հենց մայրաքաղաքում, թե ինչու պետք է բոլոր երիտասարդները, որ բարձրագույն կրթություն ստանալ են ուզում, տեղափոխվեն մայրաքաղաք ու, որ հիմնականում էդպես էլ լինում է, երբեք չվերդառնան իրենց մարզ ու մարզերի կյանքը գնալով մեռնի։ դրա մասին կխոսենք մի օր… դե եկա, տեսա, հաղթեցի մնացի։ էդ տեսնելն ու մնալը էդքան էլ հեշտ չէին պարզվեց։ դեռ պայքար կար։
դու թողնում ես քո նախկին շրջապատը, միջավայրը, առօրյան, սովորությունները,  ծնողներիդ, ինչքան էլ պարզ ու անտրամաբանական հնչի՝ սենյակդ, տեղափոխվում ես նոր, ավելի մեծ քաղաք, որտեղ, եթե համեմատես քո նախկին ու քաղաքային միջավայրը, ամեն ինչ շատ ավելի արագա։ հիմա էս բառերը շատ դժվար եմ գրում, քանի որ ութ տարի անց էդ արագությունը շատ ավելի դանդաղելա ու Երևանը էլի դարձելա իմ համար հանգիստ, խաղաղ, լուռ։ պատճառն իհարկե այլ, ավելի վազքային  միջավայրում արդեն լինելս ու դրա հետ համեմատելն է, բայց դրան դեռ կհասնենք։ 
էս նոր տարածքում քեզ նոր շրջապատ, նոր զբաղմունքներ ու առօրյա ստեղծելը ժամանակ ու նյարդեր է պահանջում։ ամեն ինչ սկսում ես զրոյից։ աջ ուսիդ նստած հրեշն ասում է՝ քեզ հեչ էլ պետք չի, հետ գնա որտեղից եկել ես, էնտեղ ավելի հեշտ էր ամեն ինչ, մյուս ուսիդ հրեշը (հա, իմ երկու ուսերին էլ հրեշներ են, որովհետև չգիտես ինչի որոշել են խառնվել կյանքիս որոշումներին) ասումա՝ հեշտին մի ձգտի, գտի պայքարի ձևեր ու գտի հարմարվելու, փոխելու ու փոխվելու լուծումներ։ 
սկզբում չէի ուզում պայքարել, կամ չէի կարողանում, ամեն դեպքում հետ էի ձգտում, վերադառնալ էի ուզում իմ հարազատ միջավայրին։ ու միայն երբ սկսեցի կարդալ ու ուսումնասիրել մշակութային շոկն ու դրա հաղթահարման ուղիները, կարողացա պատկերացնել հետագա քայլերս։ նոր շրջապատ, նոր ընկերներ, նոր մարդիկ, սոց կայքերից դուրս կյանք, աշխատանք… նախկին դեպրեսիվ ու մենակ միջավայրը դարձավ ակտիվ առօրյա, որից դուրս գալ արդեն մտքովս էլ չէր անցնում։ ու հենց էդ պահին որոշեցի գնալ Գերմանիա։ էս շոկի հաղթահարումը ավելի հեշտ տրվեց։ ես գիտեի՝ ինչ էր սպասվում ինձ, պատրաստ էի։ 
եթե Սյունիք — Երևան տարբերությունը միայն ավելի մեծ քաղաքն ու նոր շրջապատն էին, Հայաստան — Գերմանիան դրանց ավելացնում էր նաև նոր լեզու, նոր մտածելակերպ, նոր սնունդ, նոր կլիմա, նոր մշակույթ… ինչքան էլ պատրաստ ես, մեկ է՝ ալիքի առաջին հարվածը ցավոտ է լինում։ ալիքից կարող էի փախչել, կարող էի խորտակվել կամ լողալ սովորել։ ես սովորեցի լողալ (միայն փոխաբերական իմաստով), ու էդ շատ հետաքրքիր փորձ էր հենց ինքս ինձ վրա։ պարզեցի՝ նոր ու տարբեր իրավիճակներին ոնց եմ արձագանքում, ինչքան բաց եմ, ինչքան ազատ եմ, ինչն է անընդունելի ինձ համար, ինչին կարող եմ հարմարվել։ 
ուրեմն ցանկացած շոկ հաղթահարելի է, եթե դու ընտրում ես պայքարելը։ եթե փախչես, երբեք էլ չես իմանա քո մասին ու չես ճանաչի քեզ։ փորձը փորձանք չի։ փորձը հնարավորություն է։ ես քեզ խնդրում եմ երբեք բաց չթողնել քեզ ճանաչելու հնարավորությունը։ մեր քառակուսին շատ փոքրա, որ ամբողջ կյանքում միայն դրա մեջ ապրենք։ 
հոգ տար քո մասին