հա, սիրահարվել եմ

չէ, տղայի չէ։ չէ, աղջկա էլ չէ։ Երևի կնոջ․․․ Լավ, ինչ խոսք, կարամ միքիչ պարզ արտահայտվեմ, ավելի տեղին կլինի սկսեմ նորից․․․
արձակուրդը Փարիզում։ 
Ունե՞ք սիրած քաղաքներ։ Հաստատ ունեք։ Էն ամենամեծ երազանքներից մեկը էդ քաղաքներում թափառելն ու նկարներ անելնա, քաղաքի ամենահայտնի ու ամենաանհայտ վայրերն ուսումնասիրելնա։ Փարիզը իմ ամենասիրած քաղաքը չէր։ Փարիզը իմ երազանքի քաղաքը չէր։ Ես Փարիզին չէի ձգտում։ Ամենապարզ սցենարների նման ստացվեց։ Պատահական։ Հապճեպ որոշում՝ լավ, Փարիզ կգնամ։ 
Նեղ փողոցներ, կինոյի աղջիկ, կամուրջներ․․․հազար անգամ կտրել-անցնել Սենան, հետ գալ, նայել անցնող նավերին, ձեռքով անել Էյֆելի կերտած հրաշքով հիացած ու քեզ հեչ բանի տեղ չդնող տուրիստներին ու կրուասանով կերակրել ուղղակի կողքդ նստած թռչուններին։ Մարդուց մարդամոտ։ 
Կանգնել էն նույն տեղում, որտեղ քո ամենասիրած դերասանուհին քո ամենասիրած կինոյի մեջ (սուտ, ամենասիրած ոչ մի բան էլ չի լինում) նայում էր ջրերին ու զարմանալ՝ մարդիկ ապրում են կյանքը։ Մի քանի շիշ գինի, մի քանի կտոր բագետ հաց, աշխարհը գրաված ֆրանսիական պանիր ու ստացվելա ամենասիրուն, ամենահամով պիկնիկը՝ Սենայի ափին, ընկերների հետ, խոտերին նստած ջրերին նայելով․․․ 
Երկար քայլելուց հետո անցնում ես պատմության փողոցներով, նստում ես Շոպենի շիրմաքարի դիմաց, ականջակալներում քո ամենասիրած նոտաներն են՝ Նոկտյուրնը, զարմանում ես ու հիանում, պատկերացնում թե ժամանակին քո քայլած փողոցներով ովքեր են քայլել, երևի հենց էդ նույն սրճարանում, որտեղ քեզ ֆրանսիացու տեղ դրած նախաճաշում էիր, հենց էդ սրճարանում մի օր․․․

էս զգացողությունների վրա մի քանի սանտիմետրանոց փոշի կա արդեն, անցել են ամիսներ։ Էսօր մի քանի քլիք արեցի էդ օրերի նկարների վրա։ Ոչ մի բան չի փոխվել։ Ես խորհուրդներ տալ չեմ սիրում։ Բայց եթե մի օր ձեզ հարցնեն, անպայման պատասխանեք՝ լավ, Փարիզ կգնամ․․․

Կարոտի քաղաքին

Երևի ամենասիրուն շենքերը Երևանինը չեն,
Երևի ամենամաքուր քաղաքը չի աշխարհում
Հա թեկուզ աղմուկը պետք եղածից շատա
Ագռավներն ավելի ու ավելի են շատանում
Երկինքները միշտ չի որ խորունկ են
Կարուսելները ոչ էդքան անվտանգ ու ճոխ
Նեղ փողոցների պակաս միշտ էլ կա
Խառը շենքեր են գլխներիս թափվող
Ամեն օր անկապ քանդվող ասֆալտ
Ազդանշաններ խցանումներում
Կանաչ շատ քիչ կա կաֆեներն են շատ
Ու կաֆեներում ծխում են…ծխում…
Կենտրոննա մենակ սիրուն “բարեկարգ”
Կենտրոնում ենք մենք զուտ կենտրոնանում
Ավտոբուսներում տեղ կա՞ որ նստենք
Վերջում միշտ էլ կա, լավ չենք խտանում։
Բայց Երևանը մեր չի նեղանում
Ծխող երկնքում թույն արևամուտ
Նույնիսկ քամու մեջ տերևների հետ
Պարող թղթերն են սիրուն ձևանում։
Սարյանի պուրակ, նկարող վրձին
Ու քարի վրա պապիկներ լանչող
Փաբերի մթում հավես երգեր կան
Բակում երեխեք խաղալու կանչող։
Լույսն էլ որ մարի, հույսը չի մարում
Ու սպասում ա քաղաքը հույսերով
Որ կլինենք մենք մի օր էնքան ջերմ
Ինչքան որ ինքնա մեր տաք հուշերում։

we don’t need your education

Մենք միանգամից մի տասնըքանի կամ ավել տետր էինք առնում, որովհետև տունը չորս հոգի դպրոց գնացող կար, մենք էլ շուշուտ չէինք գնում քաղաք առևտրի… հետո անհամբեր սպասում էի, թե երբ ենք գրքերը ստանալու որ տենց միքիչ նույնիսկ վատ հոտով կազմերով կազմենք…էդ կազմերը ոչ մի տարի ճիշտ չէին չափսերով, մեկա պետք էր սկոտչով ամրացնել… Փայտից քանոնի վրա անպայման անուններս էինք գրում ու միշտ էլ գեշ էր ստացվում, բայց ջնջելու ձև չկար։ Ու համարյա միշտ օրագրի վրա անուն ազգանուն գրելուց թանաքը միքիչ շատ էր գալիս, դե գրիչը նոր էր, ու տենց… Հավես էր որ էդ օրը 10ոտ էր պետք դպրոցում լինել, ոչ թե 8։30, ու ամենահավեսն էն էր, երբ էդ օրը ուրբաթ էր…
Ֆսյո, էս տարի դասերս անելու եմ հենց ստացած, ոչ թե ունենալու նախորդ օրը, լուսանցք եմ պահելու միշտ, տետրը մինչև չվերջանա նորը չեմ վերցնելու ու էլի սին խոստումներ… տատիկ֊պապիկին այցելած ու էդ յոթ օրը մեկ ու կես էջ ճոխացրած ու ծաղկացրած շարադրություն գրելու վարպետությունը՝ վեհաճաճանչ ու փայլաթիթեղ (ֆոլգա էլի) բառերով…
Շատ խնդալուա…միշտ երեխեքից մեկի ծաղիկները, որ լենտը ամուր չէր լինում, փաթեթավորումից թափվում էին։ ։Դ
Ու էս ամեն ինչի ֆոնին, երբ էս լրիվ երեկ էր, էսօր էն միտքն ա վազելով անցնելուց ձեռքով անում, թե 2012֊2013 թվականին ծնվածները վաղը դպրոց են գնալու։ մի րոպե սպասի։ էդ թվին մենք համալսարան էինք ընդունվում։ Լավ չե՞ս… տենց էլ չկանգնեց խոսենք, գնաց…
Շնորհավոր սպիտակ բանծիկով, ֆիզիկայի օրենքներին չենթարկվող ու իրանցից չորս անգամ մեծ պայուսակ բռնող ճտեր… իսկ էն մարդկանց, որոնք տենց էլ ամառվանից բան չհասկացած, բայց երեխեքին հոգու խորքում կարոտած ու սիրով գնալու են, որ դիմավորեն էդ ճտերին, բարձրացնեն դպրոցի/կյանքի/ապագայի/նպատակների աստիճաններով, համբերություն, ուժ ու դասամիջոցներին կոֆե…

Էրեվան

որտեղ քեզ էլ ոչ մեկ չի սիրում
չի սպասում ոչ մի լուսացույց կանաչով
չի լսվում ոչ մի ձայն կանչող
գնալ առանց պատճառների ու ինչու
սպասել լուսացույցին կանաչող
ներս մտնել դռներից քաղաքի
ներս մտնել հյուրի պես, ուղղակի
տոմսարկղից թատրոնի տոմս վերցնել
սպասել վարագույրին, որ իջներ
խոնարհվեն դերերը քո առաջ
դու ծալես տոմսը նոր առած
որպես հուշ գրպանդ դու խցկես
ու գնաս նույն այգին շրջելու
հանդիպես դու նրան սրճելու
նայես վերևից քաղաքին
ես ում եմ թողնում քաղաքն իմ
իմը չէ ես հյուր եմ մի օրով
թող երգեմ քաղաքին մի օրոր
թող քնի մինչև ես ուրիշ մի օր
նորից գամ իմ քաղաք որպես հյուր․․



***

Գնացք, գնացքի պատուհանից շենքեր….
Ականջներումս ուղարկածդ երգն էր։
Թողել եմ տանս դուռը բաց։
Կատուս էսօր հաստատ սոված մնաց…
Գնում եմ ցրեմ մտքերս,
Գնում եմ՝ ուր տանեն ոտքերս։
Առանց հետքերը մաքրելու,
Առանց բարով մնա գրելու։
Ռելսերը սառել են, ցուրտ էր
Հանգի համար ասեմ՝ երկինքը լուրթ էր
Խաբեմ ուրեմն պիտի,
Կատուս լուրթ բառը չգիտի։
Գնում եմ խոսքերս գրպանս խցկած,
Ընթրիքին չսպասես, ես դրսում կուտեմ։
Գնում եմ, ոչ մի բան չգիտեմ։
Ափսոս, որ կատուս սոված մնաց։

Հարակատար

չափազանց
չափն անցած
զարմացած 
քար դարձած
քարացած
կարոտից
կապ որ ինձ
կապկպեց
քար որ ինձ
քարկոծեց
ջուր որ հոսեց ինձ
բառ որով խոսեցի
լին մի օր
պակասեց
ու բարին
չարացավ
հյուր մի նոր
հեռ․․․
մոռ․․․
ու
ա(ն)ցավ
չափազանց քարացած
համարյա քար դարձած
չափն անցա(ծ)․․․

կարդալու

չեմ հիշում, թե Նեմրան քո սիրած խմբերից լիներ կամ էլ Դյուսելը իմ սիրած քաղաքներից մեկը, բայց էսօր Նեմրան անձրևի տակ Դյուսելում երգում էր էն երգը, որ մեր մասին էր։ Հա, մի օր ես ու դու մենք էինք, մի օր չէ, մի օրից միքիչ երկար․․․մոտ մի քանի մի օր․․․
Նեմրան ասումա, որ ինչ եղավ անցյալում, եղավ անցյալում, Նեմրան հիշեցնումա ձմեռ, որ միքիչ տաք էր մնացած բոլոր ձմեռներից․․․
Դյուսելում արդեն Սուրբ Ծնունդ ենք նշում  ու ես հիշում եմ՝ վերջին Սուրբ Ծնունդը մի քիչ մենք էինք, արդեն միքիչ մենք․․․
Ես էլ դու էլ հասկանում էինք, որ մի օր միքիչ ավելի շատ ենք մենք լինելու, բայց երբեք ու երբեք չէինք հավատում, որ էդքան մենք լինելուց հետո նորից ես ու դու ենք դառնալու․․․հեռու․․․ես Դյուսելում ու դու Երևանում։
Երևանը լավ քաղաքա, տրանսպորտը միքիչ շատ անհարմարա, խցանումները շատ են, խանութները թանկ են, փողոցներում ավելի շատ սրճարաններ կան, քան ծառեր, բայց Երևանում դու տանն ես։ Դյուսելում էլ կարաս քեզ տանը զգաս, բայց երբեք չես զգա։
Մի քանի անգամ արդեն երազներ եմ տեսել, երբ Դյուսելը մեր քաղաքնա․ գիտես Հռենոսը ինչքան սիրունա մտածելու, մենակ մնալու ու տխրելու համար․․․ Երևանում տխրելու տեղերը շատ էին, բայց մենակ մնալու շատ քիչ տեղ կար։ Ստիպված տխրում էինք միասին, այգու նստարանին նստած, ցուրտ էր․․․
Արդեն չեմ հիշում՝ քո սիրած խմբերը․․․
Բայց երևի մի օր, երբ Դյուսելը թողնի ինձ նորից Երևան գալու, կգտնեմ քեզ նույն նստարանին, կխանգարեմ մենակ մնալդ, մենք նորից չենք դառնա, բայց տխրելու համար էլ մենակ չես մնա։ Կգամ, կտխրենք միասին, երևի ամառ կլինի, երևի շոգ կլինի, Երևանում ամառները միշտ էլ շոգ են․․․
Էս մտքերը գնացքի կայարանում եմ թողնում, գրում եմ ռելսերին․․․գնամ երևի․․․ինչ եղավ անցյալում, անցավ անցածի հետ․․․ հիմա ես ես եմ Դյուսելում, դու էլ դու ես Երևանում՝ տանը․․․

անսովոր լռություն որին վարժվում եմ արդեն

ես չունեմ ոչ մի նկար քեզանից մնացած

չունեմ ոչ մի հուշ
բայց հիշում եմ քեզ դիմագծերդ
աչքերիդ տակ ակոսներ
(երևի չքնելուց)
ես չունեմ ոչ մի նամակ
ձեռագիր կամ ուղարկված ստեղներից
բայց հիշում եմ բոլոր ուղարկված
տառասխալներդ
(շտապելուց գուցե)
քեզ կարոտելիս ուղղակի նայում եմ
բաց առաստաղիս 
սպիտակ ու ոչինչ չասող պատերիս
չունեմ ոչ մի նկար քեզանից
(երևի չէիր սիրում նկարվել)

Bohemian Rhapsody-ն նայելուց հետո

Քաղաքը թաց էր, հոգիները լցված, փողոցները դատարկ․․․
ապտակում են, երբ ուզում են ուշքի բերել ու եթե ապտակում է կյանքը, պետք է ոչ թե ծնկի, այլ ուշքի գալ․․․ հետո ծնկի գալու համար գոնե փափուկ խոտածածկ է պետք․․․ քաղաքը ասֆալտապատ է, ասֆալտն էլ թաց․․․ հետո մի օր կհիշես ապտակն էլ, ասֆալտն էլ, անձրևն էլ ու կժպտաս ակնոցիդ թրջված ապակիների հետևից․․․ 

կյանքը ոչ թե ապրել, այլ զգալ է պետք․․․ կյանքին ոչ թե սպասեցնել, այլ սպասել է պետք․․․սպասելուց էլ պետք է ընդառաջ վազել․․․հանդիպել ու հետը մնալ․․․մինչև վերջ, գոնե բաժանումից առաջ պետք է միասին լինել․․․․
բազմակետերի մեջ մնացած բառերը թողնում եմ հորինելուն, պատկերացումներին ու տրամադրությանը, բազմակետերը կյանքի էն դեռ չլցված տեղերն են, փորձի ու փորձությունների արդյունքում լցվող, հարթվող փոսերն են։ Սկզբում շատ են բազմակետերը, հետո լցվում են հիշողություններով․․․

Քաղաքը թաց էր, ես էլ էի թրջված․․․հոգիները լցված էին, փողոցները դատարկ էին, լուսավոր, պսպղացող․․․մի քանի օրից էս ամեն ինչի վրա ձմեռ կգա․․․․

ուղղություն

Կայարանում արդեն մթնում է․․․ գնացքը որոշել է ուշանալ։ Ռելսերը մրսում են, ես էլ․․․ Արևամուտ է․․․

ես ուզեցի, որ ժամանակը մի քանի րոպեով մոռանար առաջ գնալու մասին, ես ուզեցի, որ մի պահ կանգներ ժամանակը ու շուրջը նայեր՝ ուր եմ վազում․․․
գնացքը որոշել էր, որ ես էլ եմ ուշանալու․․․շնչակտուր մարդիկ վերջին ուժերը հավաքած հասնում են մատույցին ու շնորհակալ լինում, որ գնացքը որոշել էր ուշանալ․․․իրենք գոնե հասցրին․․․ մարդիկ ճեպընթաց գնացքներ են նստում, բայց իրենք էլ չգիտեն ուր են գնում,-ասում էր միակ հավատարիմ էակը․․․
ես գիտեմ, իշխան, տուն, տուն եմ գնում․․․