Մի քանի վայրկյան

Աթոռը ճոճվում էր, ու ես նախանձում էի, որովհետև ինքն անելու բան չուներ: Իրա միակ գործը ճոճվելն էր ու ինքը պատասխանատու անում էր իր գործը: Ես պարապ էի: Պատուհանը բաց էր: Քամին ուզած ժամանակ մտնում էր սենյակ, նստում աթոռին, ուզած ժամանակ լավ հենվում, ճռճռացնում ճոճվող աթոռը, վարագույրը հրելով դուրս էր գալիս, քաշում-տանում վարագույրը, էլի ներս բերում: Ես պարապ էի: Կատուն մի անկյունում կուչ էր եկել ու էնքան տխուր էր ինձ նայում: Ես պարապ էի ու դա ազդում էր նյարդերիս: Ընդհանրապես նյարդերս վաղուց ամեն ինչից խանգարվում էին: Ու քամին, որ ուզած ժամանակ գալիս նստում էր ճոճվող աթոռին, ազդում էր նյարդերիս: Ես փակեցի պատուհանը: Քամին եկավ, խփեց պատուհանին ու նեղացած գնաց: Իմ նյարդերի պատճառով պատուհանի ապակին ծեծվեց, քամին նեղացավ, վարագույրը մնաց պարապ:
Նկարը թեք էր կախված: Երևի քամին էր թեքվել: Ընդհանրապես նկարը ազդում էր նյարդերիս: Ազատ սլացող ձիեր էին՝ ոչ կարմիր, ոչ շագանակագույն, մի քանի շատ բարձր ծառեր հեռվում: Ձիերի գույ
նը ազդում էր վրաս: Ուղղեցի նկարը: Բայց ձիերի գույնը չփոխվեց: Ձիերի գույնը ինձ դուր չէր գալիս: Երկու ձեռքերովս ամուր բռնեցի նկարը, դանդաղ բարձրացրի վերև ու նկարը արդեն պատին չէր կախված: Սեղանի սփռոցը թեք էր: Վրան էլ սուրճի հետքեր ու ծխախոտի մոխիր կար: Նկարը դնելու տեղ չկար: Ամբողջ ուժով հարվածեցի գետնին: Ապակին կոտրվեց ու նկարը մի կողմ թռավ: Սուրճի հետքով ու ծխախոտի մոխիրով սփռոցը քաշեցի ողջ թափովս: Տատիկիս ժամանակների ծաղկամանը չդիմացավ սփռոցի երերումներին: Մի կողմի վրա ընկավ ու մի հազար կտոր եղավ: Սեղանը հին էր ու փայտը չէր փայլում: 
Սեղանը ինձ դուր չէր գալիս: Ոտքս հենեցի սեղանին ու «գրո՜ղը տանի», այնպես շպրտեցի հեռու, որ ոտքերը առանձնացան: Աղմուկը դադարեց: Դանդաղ քայլերով մոտենում էի ոչ կարմիր ոչ շագանակագույն ձիերի նկարին: Հատակը ճռռում էր ոտքերիս տակ: Ձիերի գույնը դուրս չէր գալիս: Կռացա, վերցրի նկարը ու նետեցի ակվարիումի մեջ: Ակվարիումը դատարկ էր: Այդ դատարկությունը ազդում էր վրաս: Վերցրի ակվարիումը, բացեցի այն ու տատիկիս ժամանակների գորգը թրջվեց…Դատարկ ապակին ինձ դուր չէր գալիս: Մոտեցա պատուհանին ու բացեցի փեղկերը: Դատարկ ակվարիումը նետեցի դուրս: Քամին ուզում էր ներս գալ, բայց չթողեցի: Աթոռը ճոճվում էր: Աթոռը պարտաճանաչ էր: Հրեցի այն մի անկյուն, նորից բացեցի պատուհանը, բարձրացա պատուհանագոգին, բաց արեցի թևերս ու գրկեցի սենյակ մտնող քամուն: Քամին էլ ինձ գրկեց: Թռա…

Թղթե քաղաքը

Ու փլվումա քաղաքը, փլվումա, որովհետև թղթից էր, ու անընդհատ անձրևներ են: Մեր սիրած անձրևը քաղաքը չի սիրում: Քաղաքը հովա սիրում: Քաղաքը արևա սիրում, բայց ոչ՝ շոգ: Քաղաքը հովա սիրում, ոչ թե՝ ցուրտ: Քաղաքը իմ ու քո նման չի սիրում ցուրտը,  ցրտին չայ խմելը, բաժակը գրկելը, կարդալը կամ իմ ու քո սիրած երգերը լսելը: Քաղաքը ռոմանտիկ չի: Մենք էլ ռոմանտիկ չենք, բայց մենք սիրում ենք երազել: Ու մեր երազանքների աշխարհում հենց էս եղանակնա: Արև չկա. մշուշ ու մառախուղ ենք սիրում, արևը վախեցնումա մեզ:  Մենք փախնում ենք, մենք հելիումից էդ աստղը չենք սիրում: Մերը անձրևնա, թացը, մութը, ցուրտը: Անձրևի երգերին խառնված իմ ու քո սիրած երգերը: Ու հիմա վերջապես մեր սիրած եղանակնա: Անընդհատ անձրևներ են: Քաղաքը չի սիրում: Քաղաքը փլվումա: Քաղաքը թղթից էր:

Չուզենալու կարողանալը

………այսօր ինձ բռնացրի առանց պատճառի ժպտալիս: Քրքրեցի մտքերս, որ գոնե մի պատճառ գտնեմ, որ հիմար լինելս բացառեմ, բայց (դժբախտաբար) չգտա: Ուրեմն ցնդում եմ: Առանց պատճառի ոչինչ չի լինում: Ամեն «ինչու»  իր «որովհետև»-ն ունի: Ուրեմն պետք է պատճառ գտնեմ, քանի որ չեմ ուզում հիմարի տպավորություն թողնել ինքս ինձ մոտ
Հիմա արդարացումներ եմ փնտրում ու ինքս ինձ հույս տալիս, թե ամեն ինչ դեռ կորած չէ, դեռ կարող եմ մի պատճառ գտնել այդ լայն ու լիաթոք ժպիտիս համար, որ ոչ միայն շրթունքներիս ու դեմքիս վրա էր արտահայտված, այլև աչքերումս: Չէ, սա արդեն չեղավ: Մի քանի անգամ ինքս ինձ հարցրի.
Ուրախ ե՞ս
Առանց ամաչելու պատասխանում է` այո: Ասում եմ.
Պատճառ կա՞
Սա էլ թե` թող մտածեմ: Մի րոպե, երկուսՊատճառ չի գտնում ու շարունակում է անամոթաբար ժպտալ:
Հավաքիր քեզ, խայտառակ ե՞ս անում: Փակիր բերանդ, հազար ու մի խնդիրներ կան, հիմա ինչ` տեսնեն ժպտում ես, թողնեն, գնա՞ն: Բայց ինչ օգուտԻնքն էլի իր ուրախ դեմքով առաջ է գնում
Հետ արի, կանգնիր այստեղ, նայիր աչքերիս ու ասա` ինչու ես ժպտում
Մի պահ լրջացավ (Փա~ռք Աստծո), նայեց ինձ` ուղիղ աչքերիս մեջ ու ասաց բարձր ձայնով (Իբր` որ մտածեր, չէի հասկանալու):
Հա, ուրախ եմ, շատ ուրախ եմ, ավելին` երջանիկ եմ: Ոնց երջանիկ չլինես, որ ամեն առավոտ աչքերդ բացում ու լույսն ես տեսնում: Սուրճի բարձրացող գոլորշու միջով նայում ես քնաթաթախ արևին, ու մի կում սուրճով ջերմացնում ես քեզ էլ, արևին էլ: Մտնում ես երթուղային ու տեսնում վարորդի ուրախ դեմքը՝ ուղևորները շատ են, ու թքա՜ծ, թե հարմար չէ մի ոտքի վրա առաջին ժամի դասը կրկնելով հասնել Երիտասարդական: Ամեն առավոտ տեսնում ես էն նույն պարոնին, որ սիրում է շատ ակնհայտ ծամոն ծամել ու ամեն առավոտ մի  նոր «Orbit»-ի տուփ է բացում, սիրով զիջում է տեղը կանանց ու սիրով էլ զրույցի բռնվում հետները:  Հիմա հասկացա՞ր,  Ինչ է` դու ուրախ չե՞ս:
Հըմ, ես էլ եմ ուրախ: Ինձ էլ ժպտալ սովորեցրու

Չեկավ, որ չգնամ

Ամաչկոտ էր…Կարմրում էր մեկ-մեկ, մերթընդմերթ էլ աչքերն էր խոնարհում…այնքան, որ ոտքի տակն էլ չէր երևում: Երևի համոզված էր, որ ես կզգուշացնեմ, երբ ոտքի առաջ քար կամ փոս լինի: Մեկ-մեկ էլ երկինք էր նայում: Չէէէ…գոռոզ չէր, բնավ, հպարտ էլ չէր…էդ աստղերն էին նրան գերում, լուսնի ցոլքն էր ձգում նրա հայացքը վերև, հեռուները, ու ես զգում էի, թե ինչպես էր նրա աչքերում այրվում լուսնին ու աստղերին հասնելու տենչը: Մա իմ աչքերին չնայեց երբեք: Վախենում էր գերեի, թե գերվեի, չհասկացա երբեք, բայց կարոտ մնացի, որ մի ակնթարթ նայեր ուղիղ աչքերիս մեջ ու լռեր:

Երբեք չէր լռում, խոսում էր ամեն ինչից, ամենքից, գիտեր ամեն ինչ, բայց հարցեր էր տալիս ամեն ինչի մասին, հաճախ էլ հարցնում էր. “շատ եմ խոսում?” …երբեք դրական պատասխան չէր ստանում նրա այդ հարցը, ու դա նրանից չէ, որ կեղծավոր էի կամ չէի ցանկանում նեղացնել: Ես սիրում էի նրա ձայնը, նա կամ շատ արագ էր քայլում, կամ այնքան դանդաղ, որ մտածում էի, թե աշխարհը գնում է, իսկ մենք մնում ենք. երանի հենց այդպես էլ լիներ: Նա արագ քայլում էր, երբ նեղացած էր: Չէ..երբեք, երբեք նրան չեմ նեղացրել ու չեմ ասել վատ խոսքեր Նա նեղանում էր, երբ ասում էի, որ սիրում եմ նրան, այնքան պարզ ու հասարակ էր հագնվում, որ հաճախ էի ուզում տարիքի մասին հարցնել: Նա ամենևին էլ քսան տարեկան չէր: Նա հինգ տարեկան էլ չէր: չուներ տարիք. խոսքն ու միտքը շատ մեծի էին, արարքներով նա մանչուկ էր փոքրիկ: Իսկ ծիծաղը՝ մի կարկաչուն ծիծաղ, որ զրնգում էր, որ զրնգուն էր:

Դե նա հիմա չկա: Ես նրան վերջին անգամ տեսա փակ աչքերով: Նա այդպես էլ չնայեց աչքերիս մեջ. երևի վախեցավ, որ կգերվեմ:

Սև սառած սուրճի համը

   Հանգերը մոռացած տողը շարունակելը սովորություն եմ դարձրել, չափերին ու ձևերին էլ չեմ տրվում, կաղապարներն անցնելու, մոռանալու ու արհամարհելու ժամանակն է: Ու երբ կաղապարներին չես տրվում, անհնար է մի քանի վանկանոց քառակուսիների մեջ ներսինդ արտահայտել, արտահանել մտածածդ:
   Այդպես էլ քո կաղապարներն ինձ ձանձրացրին, այդպես էլ քեզնից հոգնեցի: Թողնել նամակդ անպատասխան… Էդ ինձ անհնար էր թվում: Էդ ոնց որ…թողնեմ սուրճը սառի: Սուրճս՝ չէ, բայց զգացածս սառեց, մտածածս ու տածածս սառեցին:
   Սուրճը՝ չէ, բայց ես սառեցի:
  Քո սառած աշխարհի քամիներն էին, որ ցուրտ բերեցին: Քո չզգացած զգացմունքներն էին, որ դատարկեցին ներսս: Իսկ ներսս այնքան լիքն էր, որ հիմա էլ տեղ չկա քայլելու, ուր մնաց՝ մնամ: Գնում եմ, նամակդ էլ անպատասխան եմ թողնում: Չեմ պատասխանում, որովհետև սուրճս սառում է: Գնում եմ սուրճ խմելու: